Ուղիղ եթեր
Մասնագետների գործն է. Հայոց պատմությունը քաղաքական որոշումներով չպետք է վերաշարադրվի
copy image url

Մասնագետների գործն է. Հայոց պատմությունը քաղաքական որոշումներով չպետք է վերաշարադրվի

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:00 09-02-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում պարբերաբար խոսում են պետական խորհրդանիշները, ինչպես նաև Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին։ Սա առաջացրել է բազմաթիվ մասնագետների և քաղաքացիների մտահոգությունը, քանի որ վերջիններս պնդում են, որ իշխանություններն այս քայլերը կատարում են թշնամու պահանջով և նպատակ ունեն հասարակության ուշադրությունն ավելի լուրջ հարցերից շեղել։

Օրերս Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց, որ հայոց պատմությունը նույնպես վերաշարադրման կարիք ունի։ «Մենք պատմությանն էլ մի հատ պիտի անդրադառնանք, հասկանանք՝ ինչ է գրված այդ պատմության մեջ, ինչը ինչի համար է գրված, և ինչքանով է ճիշտ այդ պատմությունը, ո՞ր մասն է ճիշտ, ո՞ր մասը՝ սխալ: Որովհետև ով ինչ պատմություն գրում է, մի հատ պատմաբան ասում է՝ սուտ է այս պատմությունը»,- ասաց նա:

Oragir.News-ի հետ զրույցում պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանը նշեց, որ այդ հարցը պետք է քննարկեն պատմաբաններն ու մասնագիտական շրջանակներն, այլ ոչ թե այն լուծվի քաղաքական որոշումներով։ Նրա խոսքով՝ նույն կերպ քաղաքական որոշումներով կարելի է հայտարարել, որ ֆիզիկայի օրենքները վերաշարադրման կարիք ունեն, և Նյուտոնի ոչ թե երեք, այլ յոթ օրենք պիտի լինի, քանի որ ինչ-որ ֆիզիկոս էլ հայտարարել է, որ Նյուտոնի օրենքները նույնպես պետք է վերաշարադրվեն։

Հարցին, թե հայոց պատմությունը վերաշարադրման կարիք ո՞ւնի, Մալխասյանը պատասխանեց, որ ինչպես ցանկացած գիտություն, այնպես էլ պատմագիտությունը անընդհատ գտնվում է դինամիկ զարգացման մեջ, ուստի մասնագետները կարող են բանավիճել, նոր տեսակետներ առաջ քաշել, նախկինում անհայտ սկզբնաղբյուրներ դնել շրջանառության մեջ, քննարկեն դրանք և այլն։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրեց այն բանին, որ սա նեղ մասնագիտական գործ է և քաղաքական ղեկավարության հետ բացարձակապես պետք է կապված չլինի՝ անկախ նրանից՝ որ քաղաքական ուժն է իշխանության և ինչ քաղաքականություն է իրականացնում։

«Եթե մենք խոսում ենք պատմագիտության տեսանկյունից, ապա այս մոտեցումը պետք է լինի։ Ընդհանրապես ամեն գիտություն ունի իր մեթոդաբանությունը, կոնցեպտները, ինչպես նաև այդ կոնցեպտները մշակելու, քննարկելու և շրջանառության մեջ դնելու հստակ ընթացք»,- ասաց նա։

Միքայել Մալխասյանի խոսքով՝ գիտական գիտելիքը ծնվում է հետևյալ կերպ. որևէ մասնագետ, մասնագիտական համայնք կամ հեղինակների խումբ առաջ է քաշում ինչ-որ տեսակետ, սկզբում դա ներկայացնում է գիտաժողովների ժամանակ, հետո մշակվում է մասնագետների շրջանում, մտնում է գիտական հոդվածի տեսք ստանալու գրախոսման ամբողջ փուլը, անցնում է համապատասխան գրախոսությունը, ընթացքում ստանում է դիտողություններ ու առաջարկներ, որից հետո տպագրվում է, դրանով նոր թեզերը հայտնվում են շրջանառության մեջ, որից հետո միայն գիտական շրջանառության մեջ եղած թեզերից կարող են որոշ բաներ մտնել դասագրքեր կամ հանրային լայն քննարկման դիսկուրս։

«Ամեն չորրորդ կուրսեցի սա գիտի։ Հիմա եթե մենք պիտի նոր գյուտ անենք, որոշենք, որ ամեն գիտության մեջ պետք է քաղաքական ղեկավարները որոշեն, որ անհրաժեշտ է այն վերաշարադրել, ապա եկեք քիմիայում ջրի բանաձևը վերաշարադրենք։ Այդպես չի լինում»,- ասաց նա։

Մեր հարցին, թե հայոց պատմության հատկապես որ դրվագներն է Նիկոլ Փաշինյանը ցանկանում վերաշարադրել, պատմաբանը նշեց, որ չի ցանկանում Փաշինյանի փոխարեն մեկնաբանել։ Նա հավելեց՝ տեղին չի համարում, որ նեղ մասնագիտական հարցերի մասին խոսում են այդ մասնագիտության հետ կապ չունեցող մարդիկ։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

00:10 Լևոն XIV պապը կեսարացի հայ Սեդրակ Բարսեղյանի թոռն է. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
22:23 Հոսանքազրկվելու պատճառով Գումի շուկայում հարյուրավոր կգ ձկներ են սատկել՝ պատճառելով միլիոնների վնաս
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
21:26 Պատերն ու պարիսպը քանդեցին, բողբոջած ծառերը կտրեցին, հմի էլ հողամասս ձեռքիցս կխլեն. արթիկցի
20:30 Ինչի պիտի հարուստը 20 մլն տա ու բանակից ազատվի, դա շատ վատ բան է․ հարցում