copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 11:30 07-02-2024

Գետքի գյուղապետ կնշանակեն նիկոլական ուսուցչին, ում համար Շիրակի մարզպետն է երաշխավորել

Արդեն հայտնել ենք, որ Ախուրյան համայնքի Գետքի գյուղապետ Աշոտ Շաբոյանը պաշտոնանկ է արվել Oragir.News-ին տված հարցազրույցի պատճառով, որտեղ նա անդրադարձել է իրենց գյուղի կարևոր խնդիրներին։

Բանն այն է, որ հրապարակված հոդվածից հետո Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը կանչել է համայնքի վարչական ղեկավարին ու ասել, որ ազատման դիմում գրի, որովհետև նրանց իր նման կուսակից պետք չէ։

Շաբոյանի նման կուսակից պետք չէ, բայց ՔՊ-ին երդվյալ նվիրյալ գյուղապետ հաստատ պետք է։

Ըստ շրջանառվող լուրերի` Աշոտ Շաբոյանին ավելի վաղ էին պատրաստվում հեռացնել պաշտոնից, որովհետև մեղմ ասած, Շաբոյանն իրենց մարդը չէ, ՔՊ-ական չէ, իսկ մեր հրապարակումը պարզապես առիթ է դարձել։

Շիրակի մարզի ՔՊ-ական, այսպես կոչված, էլիտայի թեկնածուն Գետքի դպրոցի ուսուցիչ Նարինե Հարությունյանն է, ով բացի նիկոլական լինելուց իրեն վերապահում էր Oragir.News-ի լրագրողին վարպետության դասեր տալ և մի քանի հարցերում մեղադրել։

Գետքի գյուղապետի թեկնածուն 42 տարեկան է, գետքեցի։

Այս նշանակումը հետաքրքիր է նաև նրանով, որ քանի որ առաջիկայում Գետքի դպրոցը փակվելու է, ինչի մասին խոսել էր նախկին գյուղապետը, ՔՊ-ն փաստորեն իր ամենահավատարիմին ապահովելու է աշխատանքով, իսկ ապահովվածն այլևս չի բարձրաձայնի դպրոցի փակման մասին։