Երևան +15°
copy image url
Արտաքին Միտք 2 ամիս առաջ - 22:30 06-02-2024

Վերընտրվելուց հետո Ալիևի ախորժակը միայն մեծանալու է

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ադրբեջանում այսօր լռության օրն է, իսկ արդեն վաղը՝ փետրվարի 7-ին, կկայանան արտահերթ նախագահական ընտրությունները։ Չնայած այս ընտրությունները նախատեսված էին 2025 թվականի ապրիլին, սակայն նախորդ տարեվերջին այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը որոշեց արտահերթ ընտրությունների գնալ։

Արտահերթ ընտրությունների անցկացնելու Ալիևի որոշումը պայմանավորված էր բազմաթիվ ներքին և արտաքին գործոններով։ Արտաքին գործոններից հատկապես կարևոր են այս տարվա մարտին և նոյեմբերին Ռուսաստանի Դաշնությունում և Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրությունները, որոնցից առաջ Իլհամ Ալիևը ցանկանում էր վերարտադրել իր իշխանությունը և դիրքավորվել, քանի որ գլոբալ առումով աշխարհի 2 գերտերություններում կայանալիք ընտրությունները մեծ ազդեցություն կարող են ունենալ համաշխահային զարգացումների վրա։

Ներքին զարգացումների համատեքստում չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ Արցախի ամբողջական բռնազավթումից հետո Իլհամ Ալիևի վարկանիշը ամենաբարձրն է, քան այն եղել է իր կառավարման 2 տասնամյակների ընթացքում, ու վերջինս ամեն կերպ փորձում է դիվերսիֆիկացնել այդ վարկանիշը։ Բացի այդ, Ադրբեջանում ներկայումս առկա են բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք ցանկացած պահի կարող են ապակայունացնել իրավիճակը և վնասել Ալիևի իմիջին, իսկ վերջինս, արտահերթ ընտրությունների գնալով, կանխում է նաև այս զարգացումը։

Բացի այդ, Ադրբեջանի անկախության պատմության ողջ ընթացքում սրանք առաջին համապետական ընտրություններն են, որոնք անցկացվելու են նաև բռնազավթված Արցախում։ Ստեփանակերտում, ինչպես նաև Արցախի մյուս բնակավայրերում հանդիսավոր կերպով ընտրատեղամասեր են բացվել, և չնայած այն բանին, որ այդ տարածքներում շուրջ 2 հազար մարդ է բնակվում, բայց Ալիևի ռեժիմը միջոցներ չի խնայում, որպեսզի Արցախը նույնպես ընդգրկվի ընտրական գործընթացում։ Նման կերպ Բաքուն հերթական անգամ փորձում է լեգիտիմացնել Արցախի նկատմամբ իր իշխանությունը, որը, չնայած անգամ Հայաստանի կողմից ճանաչմանը, լեգիտիմության լրջագույն դիֆիցիտ ունի։

Չնայած նախագահական ընտրություններին մասնակցում է ընդհանուր 7 թեկնածու, այնուամենայնիվ ընտրության արդյուքները և գործող նախագահ Իլհամ Ալիևի վերընտրությունը կասկածից վեր է։ Նախագահական ընտրապայքարում ներգրավված մյուս թեկնածուները Ալիևին հաղթելու գործնական ոչ մի հնարավորություն չունեն, նրանք այս ընտրություններին մասնակցում են մրցակցային ֆոն ապահովելու համար։ Ադրբեջանի արմատական ընդդիմությունը՝ ի դեմս «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» և «Մուսավաթ» կուսակցությունների, ինչպես և 2018 թվականին, հրաժարվել է մասնակցել ընտրություններին` պատճառաբանելով քաղաքական մրցակցության պայմանների բացակայությունը։ Փորձագետներից շատերը այս որոշումը կապում են ընդդիմության՝ ակնհայտորեն ձախողման դատապարտված քայլերի հետ:

Միևնույն ժամանակ այս ընտրությունները յուրահատուկ են այն առումով, որ Իլհամ Ալիևին այս անգամ կհաջողվի վերընտրվել՝ առանց լուրջ ջանքեր գործադրելու։ Եթե 2003 թվականից սկսած բոլոր նախագահական ընտրություններում Ալիևին հաջողվել է հաղթել համատարած ընտրախախտումների, բռնաճնշումների, ինչպես նաև վարչական ռեսուրսի համատարած կիրառման միջոցով, ապա այս անգամ վերջինս դրա կարիքը չի ունենա, քանի որ բնակչության մեծամասնությունն աջակցում է նրան։ Սա անշուշտ կբարձրացնի Ալիևի հեղինակությունը, ինչպես նաև միջազգային հարթակներում կամրապնդի վերջինիս դիրքերը, քանի որ ընտրություններից հետո վերջինս հանդես կգա որպես լեգիտիմ ճանապարհով ընտրված նախագահ։

Հայ հասարակությանն առավել շատ հետաքրքրում է, թե արտահերթ նախագահական ընտրություններից և հավանական վերընտրությունից հետո Ալիևն ինչպիսի քաղաքականություն կվարի հատկապես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Նկատենք, որ Ալիևը ողջ քարոզարշավի ընթացքում հանդես է եկել կոշտ հռետորաբանությամբ, Հայաստանին ուղղված բազմաթիվ սպառնալիքներ ու պահանջներ է ներկայացրել, ինչից ենթադրելի է, որ վերընտրվելուց հետո, երբ Ալիևն արդեն հանդես կգա որպես լեգիտիմ ընտրությունների միջոցով ընտրված նախագահ, վերջինիս ախորժակն էլ ավելի կմեծանա, և նա Հայաստանին նոր պահանջներ կներկայացնի։ Իսկ ընտրություններում Ալիևը որքան շատ ձայներ հավաքի, դա կփաստի, որ Ադրբեջանի բնակչությունը նույնպես աջակցում է իր ղեկավարի առավելապաշտական հավակնություններին։

Ադրբեջանը ներկայումս Հայաստանից պահանջում է այսպես կոչված 8 անկլավները հանձնել, տրամադրել «Զանգեզուրի միջանցքը», ինչպես նաև նոր Սահմանադրություն ընդունել, որը հղում չի կատարի Հայաստանի անկախության հռչակագրին։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ անգամ Արցախի ամբողջական բռնազավթումից և Ադբրեջանի կողմից ներկայացվող բոլոր պահանջների անվերապահ կատարումից հետո էլ թշնամին, ինչպես ակնկալվում էր, միտված չէ Հայաստանի հետ խաղաղություն հաստատել, քանի որ ներկայիս իրավիճակը առավելապես բխում է իր շահերից, և նա կարողանում է ՀՀ-ից նորանոր զիջումներ կորզել։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված