Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 18:30 01-02-2024

Իշխանություն պահելու գինը. ՀՀ պետական խորհրդանիշերը փոխելու շահառուն թուրք-ադրբեջանական տանդեմն է

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում պարբերաբար խոսում են Սահմանադրությունը, ինչպես նաև անկախ պետականության մյուս խորհրդանիշերը՝ օրհներգն ու զինանշանը փոխելու անհրաժեշտության մասին։ Նրանց պնդմամբ՝ գործող սահմանադրությունը, օրհներգը և զինանշանը խոցելի տեղեր ունեն, որոնք մարտահրավերներ են պարունակում մեր պետականության և դրա ճկունության համար։

Օրերս էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր համոզմունք հայտնել, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան: «Չեմ պնդում, որ այն պետք է փոխարինել մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, որը, ըստ իս, շքեղ է, անգերազանցելի և մաքսիմալ հայկական, բայց ակնհայտ է, որ առկա օտարածին օրհներգի փոփոխությունն անհրաժեշտություն է»,- ասել էր նա։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ.

-Տիկի՛ն Գալստյան, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ՀՀ օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան: Նրա խոսքով՝ առկա օտարածին օրհներգի փոփոխությունն անհրաժեշտություն է: Ինչպե՞ս կմեկնաբանեք Սիմոնյանի պնդումները։

-Բացարձակապես սխալ և մտացածին հաստատումներ են։ Նախ՝ ՀՀ կարևորագույն խորհրդանիշերի՝ օրհներգի, ինչպես նաև ՀՀ զինանշանի շուրջ հերթական ալիքը պետք է դիտարկել զուտ քաղաքական համատեքստում, և հատկապես թուրք-ադրբեջանական պատվերի շրջանակներում, ինչը չեն թաքցնում նաև որոշ ՔՊ-ականներ։ ՀՀ իշխանությունները լեգիտիմացնում են ադրբեջանական թեզերը, սա հստակ է։

Օրհներգը սոսկ երաժշտական կոթող չէ, այլ ժողովրդի պատմական քաղաքական զարգացման փուլերով, նրա անցյալով և իղձերով պայմանավորված խորհրդանշական ուղերձ, որը սերունդների հաջորդականության, համերաշխության, ինքնութենական բաղադրիչների հավաքական պատկերն է:

Ինչ վերաբերում է մեր օրհներգի օտարածին լինելուն․ բառերը Միքայել Նալբանդյանինն են, մեղեդին մշակել է Կոմիտասի առաջին ուսուցիչ Քրիստափոր Կարա-Մուրզան, և այն առաջին անգամ հնչել է 1885-ին, Թիֆլիսում։ Հետագայում, 1920-1930թթ, այն վերամշակել է Բարսեղ Կանաչյանը։ «Մեր Հայրենիքն» ունի խորը պատմական կոնտեքստ․ Առաջին հանրապետություն, Սփյուռքյան ինքնություն, պահանջատիրություն, Հայաստան-Սփյուռք մեկություն, ազատության և անկախության անկասելի տենչ։

Պետական հիմների հատուկ սահմանումներ, կանոնակարգված սահմաններ չկան։ Օրինակ Միացյալ թագավորության օրհներգը 1745-ին է հաստատվել, ուր «Ոչնչացրու նրա թշնամիներին և տար նրանց կործանման» տողերը կան։ ԱՄՆ օրհներգը անգլիական գինետան երգն է։ Օրհներգին որպես մեղեդի վերաբերվելը մերկապարանոց է։

-Համաձա՞յն եք Սիմոնյանի այս դիտարկումների հետ, Ձեր համոզմամբ ինչո՞ւ են վերջին շրջանում ԱԺ նախագահը և իշխանության ներկայացուցիչները նման քննարկումներն օրակարգ բերում։

-Սա ոչ թե մեր ազգային և պետական օրակարգն է, այլ՝ թուրք-ադրբեջանական օրակարգը, որին ինքնամոռաց լծվել են Հայաստանի իշխանությունները, ՔՊ-ն ու նրանց մունետիկները։ Սա նաև նրանց իշխանության մնալու գինն է։

Թե՛ սահմանադրության, թե՛ պետական կարևորագույն խորհրդանիշերի փոփոխության, թե Հայ ժողովրդի պատմության վերաձևման պատվիրատուն թուրք-ադրբեջանական տանդեմն է։ Մեր երկրում, փաստորեն, ներազգային գործընթացներ են տեղի ունենում Բաքվի պահանջով, և ՀՀ իշխանություններն, ըստ էության, Բաքվի և Անկարայի քաղաքական կամքի կատարածուներն են։

Թուրքիան երբեք չի հրաժարվել տարածաշրջանում հայ ինքնության վերացման իր նկրտումներից․ ցեղասպանությունից, 44-օրյա պատերազմից, Արցախի էթնիկ զտումից և հայաթափումից հետո, հերթը հասել է Հայաստանին։ Պարտված բանակցողից վերցնել հնարավորը և մեկընդմիշտ՝ ջնջելով մեր պատմական հիշողությունը, տարածաշրջանում մեր քաղաքակրթական ներկայությունը և ապագայի տեսլականը։ Սա պարտվածների իշխանության մնալու գինն է․ նրանց ձեռքով զավթել հնարավորը՝ Հայաստանի ապագայի հաշվին․․․

-Ներկայումս Հայաստանի անվտանգային խնդիրները պայմանավորվա՞ծ են օրհներգով, զինանշանով և սահմանադրությամբ։

-Իհարկե՝ ոչ։ Քաղաքագիտական և քաղաքական անմեղսունակություն է կարծել, թե Սահմանադրության փոփոխություններով են մրցունակ, կամ անվտանգ դարձնում երկիրը (սա նրանց թեզերից մեկն է), կայունացնելու, կամ կասեցնելու Հայաստանին ուղղված մարտահրավերները։

Հայաստանին մրցունակ իշխանություն է հարկավոր, ազգային պետական շահ հետապնդող, պետականության գինն իմացող և աշխարհաքաղաքական փոթորկուն միջավայրում Հայաստանի կենսունակությունն ապահովող իշխանություն։ Երկիրը մրցունակ, անվտանգային ողջ համալիրն էլ մրցունակ են դարձնում, բանակաշինությամբ, ներազգային համերաշխությամբ, սոցիալ տնտեսական ծրագրային քաղաքականությամբ, Հայաստան-Սփյուռք պոտենցիալը մոբիլիզացնելով, ինչպես նաև վերականգնելով այն ամենը, ինչ սրանք կազմաքանդել են։ Նրանք, իրականում էլ անելիք չունեն:

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս քննարկումներն արվում են ռուսական կողմի դրդմամբ՝ Սովետական Հայաստանի մասին հուշն արթնացնելու նպատակով, քանի որ Սիմոնյանն իր խոսքում անգերազանցելի ու մաքսիմալ հայկական էր որակել Արամ Խաչատրյանի երաժշտությունը։

-Իհարկե՝ ոչ։ Այս ամենի պատվիրատուն էլ, շահառուն էլ թուրք-ադրբեջանական տանդեմն է։ Եվ սա պետք է դիտարկել ողջ քաղաքական համատեքստի մեջ։

Որ Արամ Խաչատրյանը հանճարեղ կոմպոզիտոր է, և նրա երաժշտությունը բարձրարվեստ՝ անքննելի է։ Բայց օրհներգին, իմ խորը համոզումով, չի կարելի վերաբերվել սոսկ որպես երաժշտական ֆենոմեն։

Դավիթ Գույումջյան