copy image url
Միտք Ներքին 3 ամիս առաջ - 09:00 31-01-2024

Ցտեսություն Ֆրանսուա Վիդոկ, ողջույն Շերլոկ Հոլմս

Պայքարի նոր թիրախ է հայտնվել։ ՔՊ-ականները քրեական ենթամշակույթի քարոզչության սահմանափակման մասին նախագիծ են առաջարկում։ Հայտնի չէ՝ նրանք դա անում են վախի ճնշման տա՞կ, թե՞ գիտակցաբար, ճշգրիտ հաշվարկներով։

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 30-ին դրական եզրակացություն է տվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որը հեղինակել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Մասնավորապես, առաջարկվում է օրենքի 9-րդ եւ 57-րդ հոդվածներում «ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը» բառերից հետո լրացնել «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները» բառերով:

Քրեական ենթամշակույթի զանգվածային քարոզչությունը նոր երևույթ չէ։ Դրա դեմ պայքարն էլ, բնականաբար՝ տրորված արահետ է։ Հիշենք, որ մոտ 200 տարի առաջ հայտնվեց առաջին գրվածքը հանցագործի կյանքի և արկածների մասին։ Հայտնի հանցագործ Ֆրանսուա Վիդոկի կենսագրությունն էր, գրված առաջին դեմքով։ Սակայն ինքը՝ Վիդոկը, հայտարարեց, որ հեղինակն ինքը չէ։ Հանրային աղմուկ բարձրացավ, որովհետև քրեական ենթամշակույթ էր քարոզվում։ Առաքինության ու արժեքների պաշտպաններն արգելեցին դրա ընթերցումը։ Կար մտավախություն, որ հասարակությունը դրա ազդեցությամբ կայլասերվի, հանցագործությունը կաճի։ Սակայն Վիդոկի նոթերն արագորեն ու ծածուկ արտագրվում ու տարածվում էին, լրացվում հորինված, ենթադրյալ հանցագործությունների պատմություններով, որոնք ընթերցվում էին մեծ հետաքրքրությամբ։ Այսինքն՝ առաքինության պաշտպանների արգելքները ոչ միայն արդյունք չտվեցին, այլև մեծացրին Վիդոկի հանդեպ հետաքրքրությունը։

Ռիսկի դեմն առան գրողները։ Հասկացան, որ ընթերցողը հետաքրքրությամբ է կարդում հանցագործության մասին ու, Վիդոկի կենսագրությունից օգտվելով, ստեղծեցին նոր ժանր, որտեղ հանցագործը չարի մարմնավորում է, իսկ բարի, հնարամիտ խուզարկուն վերջում հաղթում է, բացահայտում հանցագործությունը, մերկացնում հանցագործին։ Ընթերցողին մատուցվեցին հանցագործության մասին պատումներ, որոնց վերջում հանցագործը պատժվում էր։ Հերոսներից էին Էրքյուլ Պուարոն, Շերլոկ Հոլմսը և այլն։ Այսինքն՝ նույն քրեական պատմությունների միջոցով քարոզվեցին մարդկային վեհ արժեքներ, արդարություն, ազնվություն, առաքինություն, սեր և այլն։

Եվս մեկ դիտարկում։ Վաղուց ապացուցվել է, որ հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետ միջոցը արժեքների և առաքինության արմատավորումն է հանրային վարքաբանության մեջ։ Եվ երբեմնի հանցագործի, այդ թվում՝ Վիդոկի կերպարը ռոմանտիզացնում են, որպեսզի ժողովուրդը նրա մեջ մարդ տեսնի, ոչ թե չարի մարմնավորում, նրանից ընդօրինակի դրական, առաքինի որակներ։

Վիդոկից մոտ 200 տարի անց ՔՊ-ական ղեկավարները նույն թեմայի մեջ են։ Նրանք հավանաբար՝ չեն հասկանում, թե ինչ խնդրի հետ գործ ունեն։ Եթե գիտակցեին, ապա նախքան օրենսդրական նախաձեռնությունը կհայտարարեին ստեղծագործական թեմատիկ մրցույթներ, որոնցում հաղթող գրվածքների մոտիվներով կնախատեսեին նկարահանել ֆիլմեր, սերիալներ, որտեղ կքարոզվեին արժեքներ, մերօրյա Շերլոկ Հոլմսը կմատուցվեր որպես դրական, հերոսական, օրինակելի, սիրելի։

Պարզ ասած՝ ստեղծագործողներին կոնկրետ, թիրախային պատվեր տալով, խրախուսելով ու ֆինանսավորելով, կարող են ստանալ նոր գրվածքներ, որոնց մոտիվներով ստեղծված ֆիլմերով ու սերիալներով կարող են փորձել հանրային գիտակցության մեջ արմատավորել առաքինություն, ազնվություն, արդարություն, մարդկային դրական որակներ։ Կարող են նաև ակտիվացնել քննադատներին, նրանց հիմնավոր, մասնագիտական ու բազմակողմանի վերլուծությունների ու բանավեճերի միջոցով կողմնորոշել հանրությանը, թե որ ֆիլմն ու սերիալն են լավը, ուսանելին, արժեքավորը, որոնք են թերին, ուշադրության անարժանն ու աղբը։ Իսկ եթե ՔՊ-ն մտադիր է բավարարվել միայն արգելելով, ապա կարող է խաչ քաշել ժողովրդավարության վրա, ստեղծել «գլավլիտ», վերականգնել խորհրդային բռնազավթման տարիների գրաքննությունը, արգելել ամեն ինչ, թողնել միայն Նիկոլ Փաշինյանի ելույթների բազմահատորը և անվերջ ցուցադրել «Նիկոլը վրանում» դրամատիկ սերիալը։

Թաթուլ Մկրտչյան