Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 20:00 29-01-2024

Առանց իշխանափոխության՝ ՀՀ-ի անվտանգային խնդիրները չեն լուծվի

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հաճախ է խոսում այն մասին, որ անկախությունից ի վեր Հայաստանի անվտանգային համակարգերը չեն համապատասխանել երկրի ունեցած մարտահրավերներին։ Փաշինյանի խոսքով՝ հենց այդ ամենի արդյունքում պարտվեցինք 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում և կանգնեցինք պետականությունը կորցնելու վտանգի առաջ։

Հունվարի 28-ին՝ ՀՀ բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ, Փաշինյանը պնդեց, որ մենք պետք է վերանայենք նաև անվտանգության մասին մեր ռազմավարական պատկերացումները: Նա կարծում է, որ անվտանգության և անվտանգային համակարգերի, դրանց գործունակության բանաձևերի մասին մեզանում արմատացած պատկերացումներն աղետալի խաղ խաղացին մեր գլխին, և Հայաստանի համար չկա այլ տարբերակ, քան անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացումը:

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանը նշեց՝ քանի որ իշխող քաղաքական ուժը և անձամբ Նիկոլ Փաշինյանը պարտվել են Ղարաբաղյան պատերազմում, և դա պետք է ինչ-որ մեկի վրա բարդել, այժմ փորձում են այդ պարտությունը բարդել ռուսական կողմի վրա։ Նրա խոսքով՝ Հայաստանի անվտանգային համակարգի երաշխավորը Ռուսաստանն էր, և Փաշինյանին 2018-ին իշխանության են բերել Արցախն ամբողջովին հանձնելու, այստեղից ռուսական ռազմաբազան դուրս բերելու և ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը զրոյացնելու, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար, և այդ նպատակներից միայն մեկն է իրագործվել՝ Արցախի հանձնումը, ապա ներկայումս փորձում են ամբողջ Հայաստանը միջանցքի վերածել և ՌԴ-ին այստեղից դուրս մղել։

Քաղաքագետը նշում է, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունը կատարվում է ՀԱՊԿ-ի միջոցով, սակայն ավելի քան մեկ տարի է՝ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի հետ՝ որպես ռազմաքաղաքական կառույց, ոչ մի առնչություն չունի, անգամ դեսպանին է հետ կանչել, զորավարժություններին չի մասնակցում և այլն։

«Երբ ասվում է, որ պետք է ռազմաքաղաքական ներկայությունը զրոյացվի, դա չի նշանակում, որ պետք է միայն ՀԱՊԿ-ի հետ կապերը զրոյացվեն։ Դա նշանակում է, որ պետք է անվտանգության այլ համակարգեր փնտրվեն՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, միգուցե նաև Հնդկաստանի հետ։ Այսինքն՝ պետք է իրականացվի բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, որտեղ ՌԴ-ի դերը 100 տոկոսից կիջնի պայմանական ասած 10-15 տոկոսի»,- ասաց նա՝ նշելով, որ այժմ իրականացվում է ծրագրի երկրորդ փուլը՝ ՌԴ-ի ռազմաքաղաքական ներկայության չեզոքացումը։

Արմեն Բադալյանը նկատում է՝ եթե անվտանգության նոր համակարգեր են առաջ գալիս, ենթադրում է, որ դրանք Հայաստանում ինչ-որ ներկայացուցչություններ պետք է ունենան, իսկ ըստ Փաշինյանի՝ ՀՀ-ին աղետ բերած կառույցների ներկայությունը՝ մինիմալիզացվի։ Նա նշեց, որ ՀՀ-ում ՌԴ-ի անվտանգային համակարգը սահմանապահ ծառայությունն է՝ 2 օդանավակայաններում և Թուրքիայի ու Իրանի հետ սահմաններին, ինչպես նաև ռուսական ռազմբազան՝ իր ենթակառուցվածքներով։ «Բնականաբար աստիճանաբար դրանցից ազատվելու քաղաքականություն է իրականացվելու»,- ասաց նա։

Հարցին, թե անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացումից զատ՝ տեսականորեն ի՞նչ այլ տարբերակներ կան՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, մեր զրուցակիցը պատասխանեց, որ մինչև Հայաստանում իշխանափոխություն տեղի չունենա, ոչ մի բան էլ հնարավոր չի անել։

Ըստ նրա՝ միայն իշխանափոխությունից հետո իմաստ ունի նշել ու քննարկել առկա բազմաթիվ տարբերակները։ Բադալյանն այս համատեքստում նշեց հատկապես աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետ տնտեսական հարաբերությունների ամրապնդումը, բազմավեկտոր արտաքին քաղաքականության իրականացումը, քանի որ ներկայումս ՀՀ իշխանությունները վարում են ոչ թե բազմավեկտոր, այլ հակառուսական արտաքին քաղաքականություն, որն ամբողջովին անտրամաբանական է։

«Տրամաբանական է, եթե ռուսամետ ես լինում, արևմտամետ ես լինում, կամ բազմավեկտոր քաղաքականություն ես վարում։ Այսինքն՝ տրամաբանական նշանակում է հասականի լինել, ոչ թե ընդունելի, կամ անընդունելի։ Այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը հակառուսական է, ինչը հասկանալի և ընդունելի չէ, որովհետև դա չի հարցում օգուտ չեն տալիս»,- կարծում է նա։

Բադալյանը նաև հավելեց, որ բազմաթիվ այլ քայլեր կան, որոնք պետք է քայլ առ քայլ ձեռնարկել՝ անվտանգության համակարգն ուժեղացնելու համար։ «Բայց քանի դեռ այս իշխանությունը չի փոխվել, մոռացեք մյուս 100 կետերի մասին»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ձեզ գուցե հետաքրքրի