Ադրբեջանը հարմար պահի կարող է նաև որոշակի ռազմական կամ քաղաքական ճնշում իրականացնել․ Համլետ Պետրոսյան
copy image url

Ադրբեջանը հարմար պահի կարող է նաև որոշակի ռազմական կամ քաղաքական ճնշում իրականացնել․ Համլետ Պետրոսյան

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:18 28-01-2024
Հատկապես 2023 թվականի սեպտեմբերի 19-ից՝ արցախահայության տեղահանումից հետո, ադրբեջանական կողմը ավելի ակտիվ է իրականացնում սպիտակ ջարդը: Այս գործընթացում հայկական կողմից ցուցաբերվող քայլերի, միջազգային հանրույթի կողմից մատուցվող օգնության, արձագանքի և հայաստանյան իշխանությունների անգործունյա քաղաքականության շուրջ Oragir.News-ը զրուցել է պատմաբան, հնագետ, մշակութաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի հետ:

- Պարոն Պետրոսյան, 2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմը շարունակաբար իրականացնում է մշակութային արժեքների զանգվածային ոչնչացում՝ իբրև օրինակներ քանդելով կամ մզկիթների վերածելով հայկական եկեղեցիները, վերացնելով խաչքարերը: Որո՞նք են Հայաստանի քայլերը՝ ի հակադրություն Ադրբեջանի քաղաքականության:

- Եթե Հայաստան ասելով նկատի ունենք Կառավարութունը, ապա կարող եմ ասել, որ Հայաստանն իրեն բավական հեռու է պահում ամենից, ջանում է չներգրավվել նման գործընթացների մեջ: Ադրբեջանը, սակայն, այդ քաղաքականությունը վարում է երկրի առաջին դեմքի անունից, իսկ Հայաստանը պետական արձագանք չի տալիս: Այս ամենը մնում է միայն առանձին հետազոտողների, անհատների, խմբերի հետազոտությունների ուսերին, նաև հայկական որոշ գերատեսչությունների, որոնք ինչ-որ հայտարարություններ են անում: Այս պայմաններում մտածել, որ դեռ հնարավոր է այն, որ Հայաստանը կկասեցնի Ադրբեջանի որևէ մոտեցում, կարծում եմ, լուրջ չէ: Ադրբեջանը ճկուն ու մտածված քաղաքականություն է վարում: Այնպես չէ, որ ամեն ինչ քանդում կամ մզկիթի է վերածում, բայց իրենք ունեն իրենց սեփական օրակարգը: Կան օկուպանտական հուշարձաններ, որոնց տակ հասկացվում են անկախության հուշարձանները, որոնք բացահայտ վերացվում են՝ համարելով սեփական իրավունք, կամ ավելի հին հուշարձանները, որոնց դեպքում ադրբեջանցիները աղվանական աղբ են համարում կամ հայկական ներդրում: Նրանց քաղաքականությունը տարբեր է տարբեր հուշարձանների հանդեպ, և դա պետական մակարդակով է, որտեղ Հայաստանը Ադրբեջանին որևէ բան չի հակադրում:

- Ձեր նշած անհատները կամ խմբերը կարո՞ղ են որևէ նշանակի փոփոխություն բերել ստեղծված իրավիճակում:

- Անկախ աշխարհաքաղաքական ծանր վիճակից՝ կան լծակներ. դրանք միջազգային մշակութապահպան կազմակերպություններն են, մշակույթը գնահատող առանձին պետություններն են, հայաստանյան ակադեմիայի զանազան ինստիտուտների հատուկ խմբերն են, կամավոր հետազոտողների խմբերն են: Մենք դիմում ենք միջազգային գիտական հանրույթին: Շատ հաճախ, երբ պետք է լինում կարևոր որոշում կայացնել, հարկավոր է ունենալ փաստարկված հիմքեր, որոնք հայաստանյան, եվրոպական, ամերիկյան որոշ խմբեր և կազմակերպություններ փորձում են ներկայացնել:

- Ի՞նչ արձագանք կա այդ կազմակերպություններից:

- Երեք օր առաջ «Monument Watch»-ի մեր աշխատակից Արմինե Տիգրանյանը ելույթ ունեցավ՝ ներկայացնելով իրավիճակը: Ասել, թե ուշադրություն չեն դարձնում, ոչ, բայց նաև ասել, որ սա վճռական կարող է լինել Ադրբեջանի համար, նույնպես դժվար է: Ադրբեջանը, ելնելով նման իրավիճակից, փորձում է վարել մի քաղաքականություն, որը դեմ է եվրոպական արժեքներին, բայց որը կարող է իրականացնել:

- Ինչի՞ն է միտված այս գործընթացը, որո՞նք են այս քաղաքականությունը իրականացնելու՝ ադրբեջանական կողմի դրդապատճառները:

- Ադրբեջանը տոտալիտար պետություն է, և ամբողջ ընթացքը գնում է ադրբեջանական անցյալ ստեղծելուն, «մշակույթ» ստեղծելուն, որն իր ագրեսիվ մտադրությունների քաղաքական և պատմական հիմքն են համարում: Այս տեսակետից՝ նրանց զանազան նկրտումները Հայաստանի տարածքի, հայկական հուշարձանների վերաբերյալ վկայում են այն մասին, որ Ադրբեջանը հարմար պահի կարող է նաև որոշակի ռազմական կամ քաղաքական ճնշում իրականացնել: Սա երկու քաղաքակրթությունների բախում է, որ արդեն մի հազարամյակ է տևել:

- Հայկական կողմի լռության պատճառները ո՞րոնք են: Արդյոք հա՞շտ է հայկական կողմը այն մտքի հետ, որով Ադրբեջանը փորձում է «ստեղծել» իր պատմությունը՝ ի հաշիվ հայկական տարածքների, հուշարձանների, եկեղեցիների:

- Կարծում եմ՝ հայկական իշխանությունն իր կատարած սխալների, ոչ ճկուն դիրքորոշումների հետևանքով հայտնվել է բավական ծանր վիճակում և ըստ էության՝ փորձել է կատարել որոշ զիջումներ՝ պահպանելով կարևորը: Կստացվի՞ դա, թե՞՝ չէ, դժվարանում եմ ասել: