Բրյուսելում կայացած ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո, որում քննարկվել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները, ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ միության երկրները համաձայն են այն մտքի հետ, որ Ադրբեջանը պետք է վերադառնա Հայաստանի հետ առարկայական խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման բանակցություններին։ Նա միևնույն ժամանակ մտահոգիչ էր համարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները՝ նշելով, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունների համար։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը համաձայնեց դիտարկման հետ, որ Բորելի հայտարարությունը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի։ Նրա խոսքով՝ բազմաթիվ այլ փաստեր կան, որոնք վկայում են այն մասին, որ Ադրբեջանը տարածաշրջանում փորձելու է աշխարհագրություն փոփոխել։
«Այս աշխարհագրության փոփոխության համատեքստում Ադրբեջանն ամբողջությամբ վիճարկում է Հայաստանի Հանրապետության ֆիզիկա-աշխարհագրական տարածքը։ Ընդ որում Ադրբեջանը վիճարկում է Հայաստանի Հանրապետության ֆիզիկա-աշխարհագրական տարածքը, որովհետև այն պահանջները, որոնք ՀՀ-ն պետք է ուղղեր Ադրբեջանին, չի անում, հետևաբար մենք մեր պատմական հայրենիքում տնվորի կարգավիճակ ենք ձեռք բերում։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը լրիվ լեգիտիմ, թեպետև շինծու հնարավորություններն է ստեղծում վիճարկելու այն ամենը, ինչին որ գոնե հիմա մենք ֆիզիկապես տիրապետում ենք»,- ասաց նա։
Քաղաքագետի համոզմամբ՝ նոր առճակատում է սպասվում, որի պատվիրատուն Ռուսաստանն ու Թուրքիան են, իսկ Ադրբեջանն օգտագործվելու է որպես պրոքսի, որպեսզի տարածաշրջանում ռուս-թուրքական առավելապաշտական մոտեցումները կյանքի կոչվեն։ Նրա խոսքով՝ եվրոպացի պաշտոնյաների հայտարարություններն այս իրողությամբ են պայմանավորված, իսկ այդ խնդիրը նոր չի առաջացել․ «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո տարածաշրջանը կանգնած է եղել այս խնդրի առաջ, և մենք դրա ականատեսն ենք եղել թե՛ 2021-ին, թե՛ 2022-ին, թե՛ 2023-ին, երբ Լեռնային Ղարաբաղը լիովին հայաթափվեց»։
Հարցին, թե ինչ հետևանքների մասին է ակնարկում Բորելը, եթե հաշվի առնենք, որ 2021-2022 թվականներին, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ տարածք և շուրջ 200 քառակուսի կմ օկուպացրեց, փաստացի դա ոչ մի հետևանք չունեցավ Բաքվի ռեժիմի համար, մեր զրուցակիցը պատասխանեց, որ խոսքը վերաբերում է Ալիևի՝ եվրոպական երկրներում գտնվող ակտիվների սառեցմանը, որոնք չափազանց մեծ են, ինչպես նաև էներգակիրների հարցում Ադրբեջանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների սահմանման մասին։ Նա հիշեցնում է, որ Եվրոպան իր ողջ նավթագազային պահանջարկի միայն 1-2 տոկոսն է սպառում Ադրբեջանից, և այդ երկիրը կարողանում է մասամբ միայն հարավային եվրոպական երկրների մատակարարը լինել՝ Իտալիայի, բալկանյան պետությունների և այլն։
«Ադրբեջանին նկատմամբ պատժամիջոցների սահմանումը միանգամայն իրատեսական է։ Եթե Եվրոպան կարողացավ հրաժարվել ռուսական գազից, Հյուսիս 1 և Հյուսիս 2-ը տարեկան 53 միլիարդ խորանարդ մետր գազ էին մատակարարում, պատկերացնո՞ւմ եք Ադրբեջանին ինչ կանեն, կքրքրեն պարզապես ոտքի վրա»,- ասաց նա։
Սիմոնյանը նկատում է, որ սա ոչ թե Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի խնդիրն է, այլ ռազմաքաղաքական հաշվարկ։ Նա չի բացառում, որ Եվրոպական միությունն ու ՄԱԿ-ը, համապատասխան իրողությունների դեպքում դեարխիվացնեն այն փաստաթղթերը, որոնք դեռևս իրենց ուժը չեն կորցրել, և ցույց տան, թե որն է Հայաստանի Հանրապետության իրական տարածքային ամբողջականությունը։
Քաղաքագետը կարծում է, որ այս ուղղությամբ Հայաստանը նույնպես անելիքներ ունի։ Նա շեշտեց, որ ԵՄ-ից ու ԱՄՆ-ից հնչող հայտարարությունները մերկապարանոց չեն և միայն հայտարարություններ չեն․ «Մենք այսօր էլ օգտվում ենք ԱՄՆ-ի այդ դիվանագիտական հովանոցից և սպառազինվում ենք Արևմուտքի կողմից բացված հնարավորություններով։ Չմոռանանք, որ հնդկական շուկան դա արևմտյան շուկայի բաղկացուցիչ մասն է։ Եթե նման ձեռնարկատիրական գործունեություն ծավալող սուբյեկտները վետո դնեին Հայաստանին զենք մատակարարելու հարցում, Հնդկաստանը նման գործարքի չէր կարող գնալ։ Էլ չասենք, որ եվրոպական երկրներից է սպառազինություն գալիս․ այն ինչ-որ գաղտնազերված է և մենք գիտենք՝ բաստիոնների համատեքստում և այլն»։
Մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ ՀՀ-ն ունի իրական բարեկամներ, քանի որ մեր երկրի ռազմաքաղաքական շահերը համընկել է հավաքական արևմուտքի ռազմաքաղաքական շահերի հետ, ինչպես նաև ունի ռեալ դաշնակիցներ վաստակելու հնարավորություն։ Նրա խոսքով՝ Հայաստանը պարզապես պետք է ռազմաքաղաքական գործողությունների շարք սկսի։
Մեր հարցին, թե ԵՄ-ն և ՄԱԿ-ը որ փաստաթղթերը կարող են դեարխիվացնել՝ Գուրգեն Սիմոնյանը պատասխանեց՝ Ազգերի լիգայի կողմից ճանաչված սահմանները, քանի որ Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որի սահմանները Ազգերի լիգայի կողմից ճանաչվել են։ Նա հավելեց, որ Ազգերի լիգայի կողմից ժամանակին Վրաստանի ու Ադրբեջանի հայտերը մերժվել էր, Հայաստանինը՝ ընդունվել, ու չկա ոչ մի իրավաքաղաքական փաստաթուղթ չկա, որը կարող է Ազգերի լիգայի կողմից վավերացված այդ փաստաթուղթը անվավեր ճանաչել։
Դավիթ Գույումջյան