Oragir.News-ը նամակ է ստացել իր ընթերցողներից մեկից, ով ծնվել է Օձուն գյուղում, հետո եկել Երևան՝ սովորելու ու մնացել է մայրաքաղաքում։ Վախենալով, որ գյուղում մնացած իր ազգականները կարող են հետապնդման ենթարկվել համայնքի իշխանությունների կողմից, ընթերցողը խնդրում է իր անունը չհրապարակել։ Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ․
«Հարգելի խմբագրություն,
Որպես երևանաբնակ օձնեցի՝ փորձում եմ առիթը բաց չթողնել հարազատ գյուղ այցելելու համար: Այս տարի էլ որոշեցի ամանորը նշել հայրական Օձունում:
Հայրական գյուղում եղած փոփոխությունները նկատելի էին հենց գյուղի մուտքից․ Օձունը մարդկանց ողջունում է ինչ-որ ցցված ամրաններով, որոնցից կարելի է ենթադրել, որ որոշվել է շինարարություն անել, գյուղի համար մուտք սարքել և գյուղի անունը երկաթներով գրել: Հազարամյա պատմություն ունեցող գյուղի տեսքը փոխվում է, քանի որ շինարարությունը շահավետ ոլորտ է։
Բայց գյուղում տեղի ունեցող խայտառակ գործընթացների մասին կարելի էր տեղեկանալ միայն «ներսից»՝ մի քանի օր ապրելով այնտեղ։ Նախ բարեկամներս պատմեցին, որ այս վիճակի պատճառը ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանն է, ով Օձունում հավաքել է մի թմրամոլների, փողոցային երիտասարդների խումբ և նրանց հանձնել գյուղի կառավարումը:
2022 թվականին Օձունը միացավ Ալավերդի համայնքին․ 2023 թվականին Արեն Մկրտչյանի կեղտոտ խաղերի արդյունքում համայնքի ղեկավարին ոստիկանական ուժերի միջոցով հեռացրին, և քաղաքապետ նշանակվեց, նախկին ՀՀԿ-ական, բազմաթիվ քրեական գործերով անցնող Դավիթ Ղումաշյանը: Դրանից հետո Ալավերդիի կառավարումն ամբողջությամբ հայտնվեց ընտրություններում պարտված Արենի ձեռքում, իսկ նա ինչքան անկենսագիր երիտասարդ կա, սկսեց նշանակել պաշտոնների:
Թվարկեմ դրանցից ամենաապշեցուցիչները․ համայնքի ղեկավարի տեղակալ է նշանակվել Արթուր Շախկուլյանը, ում գյուղում ճանաչում և դիմում են «Զաբելիչ» մականվամբ: Մինչ այդ նրա ամենաբարձր «պաշտոնը» եղել էր «կոմունալ տնտեսության կանաչապատման բաժնի աշխատակիցը»:
Օձունի նորանշանակ վարչական ղեկավար է դառնում Ամրաստան Ջանինյանը, ով նշանակվել է «օրենքով գող», օձնեցի Արման Ջանինյանի պահանջով և համարվում է նրա «մարդը»: Այս երիտասարդը ևս ոչ մի կենսագրություն չունի, գրագիտություն՝ նույնպես։ Մինչ վարչական ղեկավար կարգվելը՝ եղել է գազի լիցքավորման կետի հսկիչ:
Դե իսկ Օձունում Արենի ամենավստահելի «տասովչիկը» Դավիթ Սարգսյանն է՝ «Կուզիկի Դավո» կամ «Դաթ» մականվամբ, ով մեկ տարի առաջ միայն ՔՊ-ական լինելու շնորհիվ դարձել է անտառնտեսության տնօրեն: Օձունցիները պատմում են, որ նրա ծառայողական երկու մեքենաները ծառայում են ոչ թե անտառտնտեսությանը, այլ սեփական գործերին: Բանակից հոգեկան խնդիրների պատճառով ազատված այս տղան կասկածելի անցյալ ունի, պատմում են, որ գյուղի ականավոր թմրամոլներից է:
Արեն Մկրտչյանի՝ բնակիչների հետ կապի մեջ լինող և գյուղի ամբողջ տեղեկատվությունը նրան հասցնող երկու «տասովչիկները»՝ Դավիթ և Կարեն Թարմինյանները, նույնպես Օձունում հայտնի թմրամոլներ են և իրենց համարում են գողական աշխարհի ներկայացուցիչ:
Այս շարքը կարելի է երկար թվարկել:
Մի խոսքով, պարզապես աներևակայելի է, թե ում ձեռքում է այսօր հայտնվել հազարամյա պատմություն ունեցող գյուղը»։