Երևան +26°
copy image url
Ներքին Միտք 3 ամիս առաջ - 21:00 23-01-2024

Հպարտ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ․ իա, իրո՞ք

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Դեռևս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը պատգամավորական գործունեության, ինչպես նաև 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ իրավամբ հայտարարում էր, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, և քննադատում գործող իշխանությունների կողմից իրականացվող բազմաթիվ նախաձեռնություններ։ Փաշինյանի թիրախում էին հատկապես կարմիր գծերն ու արագաչափերը, որոնք իշխանության գալու պարագայում նա խոստանում էր վերացնել։

Ավելին, Նիկոլ Փաշինյանը բողոքի ակցիաների ժամանակ խոստանում էր չեղարկել նաև բազամաթիվ քաղաքացիների նկատմամբ կիրառված տուգանքները, որոնք երբեմնի ընդդիմադիր գործիչը համարում էր ապօրինի։ Սակայն իշխանության գալուց կարճ ժամանակ անց վարչապետ Փաշինյանը մոռացավ ընդդիմադիր Փաշինյանի տված խոստումները, և իր կաբինետի ընդունած բազմաթիվ որոշումներ ոչ այլ ինչ էին, քան հպարտ քաղաքացու հարկային բեռի ավելացում։

Oragir.News-ը ներկայացնում է 5 փաստ, որոնք վկայում են այն մասին, որ իրականում ՀՀ հպարտ քաղաքացին տուգանքի մատերիալ է․

Եկամտահարկի համահարթեցում

Իշխանության գալուց և ամիսներ անց կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին քայլերից մեկը եկամտահարկի համահարթեցման որոշումն էր։ Եթե նախկինում մինչև 150 հազար աշխատավարձ ստացողների եկամտահարկը կազմում էր 23 տոկոս, 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ ստացողներինը՝ 28 տոկոս, իսկ 2 միլիոնից ավել աշխատավարձ ստացողինները՝ 36 տոկոս, ապա այս որոշման ընդունումից հետո եկամտահարկը բոլորի համար դարձավ 23 տոկոս՝ անկախ աշխատավարձի չափից։

Այս որոշմամբ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները, որոնք կազմում են բնակչության մեծամասնությունը՝ շուրջ 60-65 տոկոս․ շարունակում են նույն չափով հարկեր վճարել, իսկ ավելի բարձր եկամուտ ունեցողների հարկերը զգալիորեն կրճատվում են՝ մինչև 13 տոկոս։

Փաշինյանի կառավարության այս փոփոխության դեմ են արտահայտվել մի շարք տնտեսագետներ ու փորձագետներ։ Չնայած այս փորձը կիրառվել է աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում, սակայն Հայաստանի պարագայում այն հանգեցնելու է բարձր և ցածր վաստակող խավերի միջև առկա «անդունդի» խորացման և ընդհանուր առմամբ՝ դրանով չի պահպանվում հարկման ու սոցիալական արդարության սկզբունքը։

Արագաչափերը շատացան, կարմիր գծերը թանկացան

Արագաչափերը պետք է հանվեն Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներից․ ԱԺ ամբիոնից բազմիցս հայտարարել է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ով պնդում էր, որ դրանցից ստացված եկամուտներն ուղղվում են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին։ Ավելին՝ իշխանափոխության օրերին, երբ Փաշինյանի թիմը Գյումրուց քայլում էր Երևան, կանացի ներքնաշորերով փակում էր արագաչափերը, իսկ գործողությունը անվանում «Անտիսաշիկ»՝ խոստանալով իշխանության գալու դեպքում վերացնել դրանք։

Իշխանության գալուց կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանն այս խոստան մասին նույնպես մոռացավ, և առայսօր Հայաստանում արագաչափերը ոչ միայն չեն վերացվել, այլ նաև շատացել են։ Նկատենք նաև, որ Փաշինյանի կառավարման 6 տարվա ընթացքում Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ որևէ դատավճիռ չի կայացվել, որով կհիմնավորվեր, որ վարորդներից գանձված տուգանքները ուղղվել են վերջինիս։

Փաշինյանի կառավարությունը չվերացրեց նաև Երևանում գործող կարմիր գծերը, որոնք նույնպես ընդդիմադիր Փաշինյանի քննադատության թիրախում էին։ Ավելին, նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին Երևանի ավագանին, որտեղ փոքրամասնության իշխանություն են ձևավորել Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր և Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցությունները, վիճահարույց որոշում ընդունեցին, որով Երևանում կամիր գծերի վճարը կտրուկ բարձրացվեց՝ օրինակ՝ 1 տարվա համար 12 հազարից հասնելով 160 հազար դրամի։

Գույքահարկը շեշտակի բարձրացվեց

2020 թվականի հունիսի 25-ին ԱԺ արտահերթ նիստում գույքահարկի գործող դրույքաչափերի փոփոխություններ իրականացվեց: Չնայած այն հանգամանքին, որ նախագիծը հանրային մեծ հնչեղություն ստացավ և դժգոհությունների տեղիք տվեց՝ արժանանալով քննադատությունների, կառավարությունը հետքայլ չկատարեց:

Համաձայն օրենսդրական փոփոխությունների՝ գույքահարկի ավելի բարձր դրույքաչափերի անցնելու ժամկետը սահմանվել է վեց տարի: Այսպիսով, անշարժ գույքի սեփականատերերն առաջին անգամ գույքահարկի նոր սանդղակով վճարում կկատարեն 2021 թվականի դեկտեմբերին՝ գույքահարկի 25 տոկոսը, 2022 թվականին՝ 30 տոկոսը, 2023 թվականին՝ 35 տոկոսը, 2024 թվականին՝ 50 տոկոսը, 2025 թվականին՝ 75 տոկոսը, 2026 թվականի հունվարի 1-ից՝ 100 տոկոսը։

Այս որոշման կիրառման հետևանքով 2026 թվականին Երևանի Կենտրոն համայնքի Մաշտոցի փողոցում բնակվող միայնակ թոշակառուն վճարելու է 44 հազար դրամ գույքահարկ, երբ նախքան այս փոփոխությունները վճարում էր 10 հազար դրամ։ Սակայն, ինչպես պնդում են իշխանականները, Երևանի կենտրոնում ապրելը պետք է շքեղություն լինի, և եթե նրանք չեն ցանկանում բարձր հարկեր վճարել, թող վաճառեն իրենց անշարժ գույքը և այլ համայքներ տեղափոխվեն։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսի 25-ը այն ժամանակահատվածն էր, երբ Հայաստանում մոլեգնում էր կորոնավիրուսային համավարակը, ամեն օր մի քանի տասնյակ մարդ էր մահանում, իսկ գործող իշխանությունը վարակի ալիքը զսպելու փոխարեն զբաղված էր գույքահարկը թանկացնելով։

Ֆիզիկական անձինք համընդհանուր կերպով կհայտարարագրեն իրենց եկամուտները

Հայաստանում 2023 թվականից ներդրվեց ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարգրման համակարգը, որը կկիրառվի 3 փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին: 2023 թվականի եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն պաշտոնյաներն ու խոշոր գործարարները, 2024-ի համար վարձու աշխատողները, իսկ 2025 թվականից Հայաստանի չափահաս բոլոր քաղաքացիները պարտավորված կլինեն տարեկան մեկ անգամ իրենց եկամուտների մասին հաշվետվություն ներկայացնել պետությանը։

Չնայած իշխանությունների կողմից տրվող բազմաթիվ հավաստիացումներին առ այն, որ նախաձեռնության նպատակը ոչ թե քաղաքացիներ հարկային բեռն ավելացնելն է, այլ նրանց իրական եկամուտների մասին պատկերացում կազմելը, տնտեսագետները պնդում են, որ այս համընդհանուր հայտարարագրման թաքնված և հիմնական նպատակը դառնում է ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից դրամական փոխանցումներ ստացող քաղաքացիների այդ եկամուտների ամբողջական հաշվառումն ու հարկումը։ Նշենք, որ արտերկրից ստացվող եկամուտներն առաջին 5 տարում կազատվեն հայտարարագրումից, սակայն հետագայում դրանք նույնպես պետք է հայտարարագրվեն։

Գործող իշխանությունների շրջանում նման մտադրության առկայության մասին առաջինը նախազգուշացնում էր ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը 2018 թվականի արտահերթ խորհրդարական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, սակայն Նիկոլ Փաշինյանի թիմը կտրականապես հերքում էր Հովհաննիսյանի պնդումները։ Սակայն, ինչպես պարզվեց հետագայում, Արփինե Հովհաննիսյանը ճիշտ էր, ՔՊ-ն սխալվեց։

Եկամտահարկի վերադարձի օրենքն ընդունվեց, ավելի ուշ՝ սահմանափակվեց

2019 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվեց եկամտահարկի վերադարձի մասին օրենքը, որը քաղաքացիներին թույլ է տալիս հետ ստանալ իրենց կողմից վճարված եկամտահարկը և այն ուղղել հիփոթեքային վարկի մարմանը։ Ընդունումից հետո օրենքում մի քանի անգամ փոփոխություններ կատարվեցին, որոնցով արդեն եկամտային հարկի վերադարձման համակարգը 2027 թվականից չի կիրառվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում, իսկ 2029-ից՝ մյուս մարզերում ևս, բացառությամբ սահմանամերձ բնակավայրերի։ Ավելի վաղ, որոշում էր կայացվել, որ համակարգը 2025 թվականից չի գործելու Երևան քաղաքում:

Իրականում հենց սկզբից էլ եկամտահարկի վերադարձի տրամաբանությունից շարքային քաղաքացին չէր կարող օգտվել, իսկ այս օրենքը հակասոցիալական բնույթ ուներ և բխում էր բացառպես հարուստների ու բանկերի շահերից։

Այս օրենքի շրջանակներում փաստացի աղքատը վճարում է հարուստի համար, քանի որ շարքային քաղաքացու աշխատավարձը հիմա տատանվում է 120.000-150.000 դրամի սահմաններում, որի դեպքում եկամտահարկի չափը փոքր է, իսկ ծրագրից օգտվելը՝ անիրատեսական։