«ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի գրառումը համարում եմ հանցագործության մասին հաղորդում»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե «Հայաստանում բիզնեսն ազատագրված է: Գործարարները բացի բյուջե վճարելուց, ոչ մի սև դրամարկղ չեն մուծվում․․․»։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում «Մի լավ բան» վերնագրով շարք է սկսել, որտեղ անդրադառնում է տարբեր թեմաների։
1-ինը՝ «Հայաստանում դատավոր չեն դառնում կաշառքով»։
2-րդը՝ «Հայաստանում բիզնեսն ազատագրված է: Գործարարները բացի բյուջե վճարելուց, ոչ մի սև դրամարկղ չեն մուծվում․․․»։
«Դա ԲԴԽ նախագահի գործը չէ՝ պարապ մնալ և գրառումներ անել, թե բիզնեսն ինչ վիճակում է։ Ինքը պետք է զբաղվի դատական իշխանության անկախության հարցերով, որովհետև Սահմանադրության 173-րդ հոդվածում հստակ նշված է, որ Բարձրագույն դատական խորհուրդը անկախ պետական մարմին է, որի նպատակը դատավորների և դատարանների անկախության երաշխավորումն է։ Հիմա ի՞նչ կապ ունի բիզնեսը դատավորների կամ դատարանների անկախության հետ։ Հնարավոր է 5-րդական կապ փնտրել, բայց այստեղ խոսքը վերաբերում է առաջնահերթյուններին, որն է տվյալ մարմնի սահմանադրական առաքելությունը, նա դրանով պետք է զբաղվի։
Ես դա համարում եմ հանցագործության մասին հաղորդում։ Ինքը պարտավոր է ասել, եթե իսկապես տեղեկություն ունի, ոչ թե մերկապարանոց հայտարարությունով է զբաղված պարապ ժամանակ, պետք է հրավիրվի իրավապահ մարմին՝ Ոստիկանություն, ԱԱԾ, Դատախազություն, Քննչական կոմիտե և անպայման բացատրություն տա, թե ում մասին է խոսքը, որ գործարարները, ինչ սև դրամարկղեր են մուծումներ արել, ինչքան մուծումներ են արվել։
Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն բոլորը հավասար են օրենքի առաջ։ Հիմա, եթե ես կամ դուք այդպիսի հայտարարություն անենք, հաստատ մեզ կհրավիրեն իրավապահ մարմինները, ինչո՞ւ պետք է իրեն չհրավիրեն, չէ՞որ բոլորը հավասար են օրենքի առաջ, այդ թվում՝ ԲԴԽ նախագահը։ Ինքը թողած իր սահմանադրական առաքելությունները ընկել իշխանություններին հաճոյանալու համար գովում է բիզնես միջավայրը»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։
Կարեն Անդրեասյանի «Մի լավ բան» շարքի 3-րդ գրառումը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին։ Նա մասնավորապես նշել է․
«Հայաստանում պետական պաշտոնյային խիստ վերահսկում են լրագրողները, բոլոր իրավապահները, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, խորհրդարանական խմբակցությունները, հասարակական կազմակերպությունները, միջազգայինները, վերադասները, հարևանները, բլոգերներն ու մնացած բոլորը: Այսքանից հետո պիտի չար հանճար լինես, որ առանց բռնվելու մի ապօրինի բան անես:
Այսքան աչք ու այդքան քիչ փաստարկված քննադատություն սոցիալական ցանցերում: Նշանակում է կոռուպցիայի դեմ պայքարը սկսում է ստացվել»:
Գևորգ Պետրոսյանը մեզ հետ զրույցում հակադարձեց ԲԴԽ նախագահին։
«Կոռուպցիայի դեմ պայքարը չի ստացվել առայժմ։ Խոսքը վերաբերում է արդյունավետ պայքարին, քանի որ ընդամենը վերջերս տարբեր կազմակերպություններում, տարբեր մարդկանց այդ թվում՝ իշխող քաղաքական ուժի իշխանության օրոք պաշտոնի նշանակված քաղապետարանի տարբեր աշխատակիցների, վարչական շրջանների աշխատակազմի տարբեր աշխատակիցների ձերբակալել են։ Նման դեպքեր եղել են նաև առողջապահական ոլորտում, սոցիալական ապահովության ոլորտում․․․ Ինքը պահը բաց չի թողնում, որպեսզի հայտնվի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Ինքը պետք է հրավիրվի և բացատրություն տա, թե կոնկրետ իրեն նախկինում կաշառակերության ինչ դեպքեր են հայտնի, կոռուպցիայի կոնկրետ ինչ դրսևորումներ են հայտնի և ինքն այն ժամանակ, որ եղել է մարդու իրավունքների կիսապաշտպան (ՄԻՊ), ես իրեն այդպես եմ անվանում, ինչո՞ւ այդ ժամանակահատվածում ինքը գործի չի դրել ՄԻՊ-ի մասին ՀՀ սահմանադրական օրենքով իրեն վերապահված լիազորությունները, որ հիմա որոշել է հետին թվով իմաստուն և իրավապաշտ ձևանալ։
Ինքն ընդհանրապես կապ չունի Բարձրագույն դատական խորհրդի հետ, որովհետև Սահմանադրության 174-րդ հոդվածի համաձայն ԲԴԽ այն անդամը, որ ընտրվում է Ազգային ժողովի կողմից, ոչ թե դատավորների, նա պետք է ունենա բարձր հեղինակություն, ճանաչված գիտնական լինի, հեղինակավոր իրավաբան։ Ինքը վերջին գիտական հոդվածը, եթե իհարկե երբևէ հրատարակել է, ե՞րբ է հրատարակել։ Ես ուզում եմ հասկանալ՝ նա ի՞նչ հեղինակավոր իրավաբան է»,- եզրափակեց Գևորգ Պետրոսյանը։