Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների և դրանց զարգացումների մասին
Oragir․News-ը զրուցել է արցախցի պատմաբան Սևակ Հակոբյանի հետ.
-Պարո՜ն Հակոբյան, ի՞նչն էր պատճառը, որ Արցախի ճակատագիրը նման կերպ զարգացավ։ Ի՞նչ պետք է անեին իշխանությունները, որ Արցախը շարունակեր մնալ հայկական։-Դեռեւս ուկրաինական Մայդանից հետո հասկանալի դարձավ, որ աշխարհը մտել է նոր շրջափուլ և գնում է նոր քաղաքական քարտեզի ձևավորման։ Այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունները պետք է ժամանակին միջոցներ ձեռնարկեին կանխատեսելու, ռիսկերը կառավարելու, Հայասատանի անվտանգային պրոտոկոլները նոր իրողություններին հարմարեցնելու, երկիրը բերելու նոր ռելսերի՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, և թե՛ անվտանգային։ Իհարկե, վերը նշվածն ամբողջովին չէր կարող ապահովագրել նրանից, ինչ եղավ, բայց և հնարավոր կլիներ անվտանգային ավելի ապահով միջավայր ձևավորել։
2020 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող շինարարությունների ծավալը՝ Ֆիզուլիի օդանավակայանի, Շուշիով անցնող թունելների կառուցումն արդեն իսկ ցուցիչ էր, որ դրանք զուտ քաղաքացիական ենթակառուցվածքներ չեն, այլ տարածաշրջանում անգլո-իսրայելական ներկայություն, ռազմավարական նախապատրաստական աշխատանքներ՝ ուղղված Իրանի իսլամական Հանրապետության զսպման կամ չեզոքացման։
-Ո՞րն է Հայաստանում գտնվող տեղահանված արցախցիների համար գլխավոր խնդիրը․ բարոյահոգեբանական տեսակետից ինչքանո՞վ կհաջողվի նրանց պահպանել բացառիկ ինքնությունը՝ որպես արցախցի։-ՀՀ-ում ապաստանած արցախցիների համար հիմանական խնդիրն այն է, որ նրանք պետության հետ հարաբերություններում չեն տեսնում կոնկրետություն, ավելի ճիշտ` պետությունն արցախցիների հետ վարում է ստանդարտ քաղաքականություն, մասնավորապես, հարաբերությունները կառուցվում են՝ առանց հաշվի առնելու տեղի ունեցած իրադարձությունները. արցախցիներին վերաբերվում են որպես սովորական ներգաղթյալների։
Հայաստանը 120 հազար արցախցիներին պետք է վերաբերվի՝ դիտարկելով նրանց ոչ թե որպես բեռ, այլ հստակ միջոցներ ձեռնարկի արցախահայության հնարավորությունների ամբողջական օգտագործման համար՝ թե՛ որպես տնտեսական գործոն, և թե՛ քաղաքական մեծ ռեսուրս։ Այլ կերպ ասած, սա հնարավորություն է Հայաստանի համար։
-Արդյոք իրատեսակա՞ն է Արցախ վերադարձը։ Այդ պարագայում ի՞նչ կարգավիճակ կունենան արցախցիներն Արցախում։-Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում և ՀՀ-ի կողմից վարվող քաղաքականության շրջանակներում արցախցիների Արցախ վերադարձի ուղիները մշուշոտ են։ Ըստ այդմ, անհրաժեշտ է գործուն քայլեր՝ Արցախի լեգիտիմ իշխանությունների կենսագործունեության պահպանման համար։ Ինչպես նաև անհրաժեշտ է, որ հենց արցախցիների կողմից թեկուզ և հասարակական կազմակերպությունների կամ միավորումների տեսքով կառույցներ ստեղծվեն ու գործեն՝ ներառելով Արցախի հանրային կյանքի կառուցվածքը։
Արցախ վերադառնալը պետք է լինի Հայաստանի Հանրապետության արտաքին օրակարգի անքակտելի մասը։ Թեև աշխարհաքաղաքական զարգացումները մեզ այսօր նման հնարավորություն չեն տալիս, սակայն դա չի նշանակում, որ այն չի լինելու հետագայում։ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիան երկար տարիների և համաշխահային խաղացողների կողմից կազմակերպված օպերացիա էր, որի իրագործման թույլտվության ստացման համար Ադրբեջանը շատ մեծ պարտավորություններ ունի հակադիր բեռներում գտնվող գերտերությունների հանդեպ, և եթե այսօր նրանց շահերը որոշակիորեն համընկնում են՝ դա դեռ չի նշանակում, որ միշտ այդպես կլինի։ Այսօր մեր խնդիրն Արցախի հարցը ներքին և արտաքին քաղաքականության օրակարգում պահելն է։
-Ինչպիսի՞ կենցաղ և գործունեություն եք պատկերացնում Արցախից տեղահանվածների համար Հայաստանում։ Արդյո՞ք նրանց զբաղվածության և կարիքների լուծման ծրագրերը, որոնք իրագործվում են ՀՀ կառավարության կողմից, նախագծվել են՝ համակողմանի գնահատելով տեղահանվածների պայմանները և հնարավորությունները։-Տպավորություն է, որ արցախցի տեղահանվածներին վերաբերող՝ Հայաստանի կառավարության ծրագրերը գրվում ու ներդրվում են մեզ՝ արցախցիներիս հետ որևէ կապ չունեցող, նրանց կարիքներին անծանոթ, նիստ ու կացին անտեղյակ խմբերի կողմից։ Եվ ինձ թվում է, որ այդ ծրագրերի իսկական շահառուն արցախցին չէ․ դրանք ցուցադրական կամ պարտադրական միջոցառումներ են։ Ինչքան էլ Հայաստանի իշխանությունները Արցախի և արցախցիների հարցը փորձում են լռեցնել կամ խլացնել, այնուամենայնիվ, դրանով հանդերձ նրանք շատ լավ են հասկանում, որ խնդիրները չեն լուծվելու, և երկարաժամկետ կտրվածքով կբերեն սոցիալական ու տնտեսական լուրջ հիմնախնդիրների, որոնք ներհայաստանյան կյանքում վտանգավոր դրսեւորումներ կարող են ունենալ։
Տիգրան Աթանեսյան