Խաղաղության դարաշրջանի հակառակ կողմը. ինչու նոր սահմանադրություն
copy image url

Խաղաղության դարաշրջանի հակառակ կողմը. ինչու նոր սահմանադրություն

Ներքին Արտաքին Միտք 1 տարի առաջ - 09:00 20-01-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանը նախօրեին Արդարադատության նախարարություն կատարած այցելության ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը պետք է նոր սահմանադրություն ընդունի, որը երկիրն ավելի ճկուն կդարձնի ներկայիս աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների պայմաններում։ Ուշագրավ է, որ կառավարության ղեկավարը ընդգծեց, ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտությունը։

Փաշինյանի այս հայտարարությունը մեր երկրում սկսեց քննարկվել բացառապես ներքաղաքական համատեքստում. փորձագետները և հասարակ քաղաքացիները փորձում են հասկանալ, թե վարչապետը սահմանադրության հատկապես որ դրույթներն է ցանկանում փոփոխության ենթարկել, որոնք, իր համոզմամբ, խանգարում են պետության ճկունությանը։

Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ, այդ թվում նախօրեին Արդարադատության նախարարությունում ունեցած ելույթում կողմ արտահայտվեց կառավարման խորհրդարանական համակարգի պահպանմանը, որը մի ժամանակ անվանում էր «Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում», ուստի հստակ է, որ նոր սահմանադրությամբ օրվա իշխանությունը նպատակ չունի անցնել կառավարման նախագահական, կամ կիսանախագահական համակարգի։

Կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանի այս ցանկությունն իրականում պայմանավորված է արտաքին իրողություններով, մասնավորապես տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մտադրությամբ, որն իր կառավարությունը համառորեն առաջ է մղում, չնայած Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող սադրանքներին և հնչեցվող սպառնալիքներին։ Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա ագրեսիայի առաջին տարելիցի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց էր տվել թուրքական պետական «Անադալու լրատվական գործակալությանը» և հայտարարել, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար ՀՀ-ն պետք է նոր սահմանադրություն ընդունի։

«Հայաստանի Սահմանադրության տեքստում հղումներ են արվում Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներին: Նրանք պետք է հրաժարվեն դրանից: Նրանք առաջին հերթին պետք է մշակեն և ընդունեն նոր Սահմանադրություն: Ինչպե՞ս կարող է Հայաստանի նման թույլ և ամբողջովին քանդված երկիրը տարածքային պահանջներ ներկայացնել այնպիսի հզոր երկրի նկատմամբ, ինչպիսին Թուրքիան է: Դա նման է հոգեկան հիվանդության: Հետևաբար, նրանք պետք է հրաժարվեն դրանից»,- ասել էր Ադրբեջանի նախագահը, որին մի ժամանակ Հայաստանի վարչապետը կիրթ ու կառուցողական էր համարում։

Իրականում թուրք-ադրբեջանական տանդեմը դժգոհ է այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում հղում է կատարվում 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ անկախության հռչակագրին, որը Սահմանադրության բաղկացուցիչ մասն է։ Այնտեղ միանշանակ հղում է կատարվում նաև այն դրույթին, որն ասում է. «ՀՀ Սահմանադրությունը սատար է կանգնում Արևմտյան Հայաստանում և Oսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը»։

Այսինքն՝ Հայաստանի պետության հիմնադիր փաստաթղթում պետության ստեղծման հիմնական նպատակներից մեկն ամրագրվել է` Հայոց ցեղասպանության դատապարտման և ճանաչման գործընթացին աջակցելու պարտավորությունը։ Սա փաստացի նշանակում է, որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը, չնայած իր սահմանափակ կարողություններին, չի հրաժարվում իր պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի նկատմամբ իրավունքներից, որոնք կարող է վերականգնել աշխարհաքաղաքական նպաստավոր իրողությունների պայմաններում։

Թուրքիան և Ադրբեջանը բնականաբար այս ամենը շատ լավ գիտակցում են և դրա համար էլ նախքան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը փորձում են լուծել նաև այս խնդիրը։ Ցավով պետք է արձանագրենք, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն սկսել են նաև թշնամու կողմից ներկայացված այս պահանջը կատարել, որի նպատակով էլ խոսում են նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին։

Տևական ժամանակ է, ինչ Հայաստանումսահմանադրական բարեփոխումների հարցով քննարկումներ են ընթանում, որոնք դեռևս չեն հանրայնացվել և դրվել հանրաքվեի, սակայն ամենայն հավանականությամբ, երբ սահմանադրության նոր տարբերակը պատրաստ կլինի դրանում կբացակայեն վերոհիշյալ ձևակերպումները, որպեսզի դրանք «չխոչընդոտեն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը»։

Կարծում ենք՝ եթե անգամ Հայաստանը կատարի Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացրած հերթական պահանջը, ապա դրանից հետո նույնպես Հայաստանի հանդեպ այս երկրների դիրքորոշումը չի փոխվելու։ Արցախյան հիմնահարցի ցավոտ օրինակով համոզվել ենք, որ թշնամու կողմից առաջ քաշված նախապայմանների կատարումը ոչ միայն չի նպաստելու այդ պահանջների նվազեցմանը, այլ նաև նպաստելու է նոր պահանջների ներկայացմանը։

Հավելենք, որ Հայաստանի առաջին նախագահի պաշտոնավարման օրոք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրության հարցն ընդգրկված չէր ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունների շարքում, սակայն դա որևէ կերպ չնպաստեց, որ Թուրքիան կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված