Երևան +17°
copy image url
Արտաքին Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 22:30 19-01-2024

«Զանգեզուրի միջանցք»-ը Մոսկվայի համար կենսական նշանակություն ունի. այն կմեղմի ՌԴ-ի շրջափակումը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ամփոփիչ մամուլի ասուլիս էր անցկացրել, որի ընթացքում մի շարք ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ։ Մասնավորապես Լավրովը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի ձգձգման համար հերթական անգամ մեղադրել էր Հայաստանին՝ պնդելով, թե իբր հնարավոր չի լինում առաջընթացի հասնել հայկական կողմի դիրքորոշման հետևանքով։

Սերգեյ Լավրովը նաև համոզմունք էր հայտնել, որ Արևմուտքը միջամտում է Մոսկվայի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը՝ մասնավորապես հաղորդակցությունների հարցում։ Նա նշել էր, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու ԵՄ-ն սկսել են առանց հրավերի միջամտել Մոսկվայի միջնորդությամբ Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն ընդգծեց, որ Ադրբեջանն այս փուլում ակնհայտորեն խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի, քանի որ համոզված է, որ 2024 թվականին սպասվող համաշխարհային զարգացումները, մասնավորապես ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները և դրանցում Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակը, ինչպես նաև Իսրայելի շուրջ ծավալվող իրադարձությունները կարող են անկայունության և համաշխարհային հիմական դերակատարների ուշադրության շեղման պատճառ դառնալ։ Նրա խոսքով՝ նման իրավիճակում Ադրբեջանը կստանա հնարավորությունների նոր պատուհան՝ Ռուսաստանի և Թուրքիայի աջակցությամբ ոչ միայն սահմանային ռազմական գործողություններ ձեռնարկել, այլ նաև խոշորածավալ ռազմական ներխուժում իրականացնել և Հայաստանի զգալի տարածքներ՝ ընդհուպ մինչև մարզեր գրավել։

«Ադրբեջանը, բնականաբար, այդ գործընթացը վիժեցնելու է, քանի դեռ չի պատկերացնում, որ փաստաթուղթ ստորագրելն իր համար ավելի շահեկան կդառնա, քան չստորագրելը։ Այսօր մենք հակառակ պատկերն ունենք»,- կարծում է նա։

Հարցին, թե ինչու է ռուսական կողմը Հայաստանին մեղադրում գործընթացը տապալելու համար, երբ Ադրբեջանն է ամեն կերպ բանակցությունները փակուղի տանում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ 2020 թվականից հետո Ռուսաստանը բոլոր հնարավոր հարթակներում արտահայտվել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի գործարկման օգտին, քանի որ այն Մոսկվայի համար կենսական կարևորություն ունեցող տրանսպորտային նախագիծ է, որը թույլ կտա մեղմել ՌԴ-ի շրջափակումը և ուղիղ ցամաքային-երկաթուղային կապ ստեղծել դեպի Թուրքիա՝ բարեկամ Ադրբեջանի տարածքով։

Քանանյանը նկատում է, որ 2020 թվականի Էրդողանի և Պուտինի միջև ձեռք բերված հակահայկական պայմանավորվածությունը ենթադրում էր Հայաստանի երկրորդ հետցեղասպանական մասնատումը, որով Արցախը երկփուլ տարբերակով պետք է անցներ Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ անդամահատված, Արցախից զրկված ՀՀ Սյունիքի մարզը պետք է ուղղակի անցներ ռուսական ռազմակալման և փաստացի վերահսկողության ու կառավարման ներքո։

«Սյունիքի մարզի մասով այս ծրագիրը շարունակում է ուժի մեջ մնալ, և ռուսական բոլոր գործողությունները վկայում են այն մասին, որ Սյունիքում 2020 թվականից ի վեր անհամաչափ բարձր ներկայացվածություն ունեցող ռուսական զորամիավորումը գործելու է ճիշտ այնպես, ինչպես Արցախում ռուս խաղաղապահները գործեցին։ Այսինքն՝ նրանք ձգտելու են ներքուստ կազմալուծել հայկական պաշտպանությունը և շատ քիչ զոհերով Սյունիքը փոխանցել Ադրբեջանին»,- կարծում է նա։

Քաղաքագետն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ ներկայումս ՌԴ-ի դիրքերն այնքան են թուլացել, որ ոչ միայն Սյունիքի, այլ նաև Վարդենիսի և Սևանի արևելյան ափի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները կարող են ևս մի «հիանալի» առիթ ընձեռնել ռուսներին, որպեսզի նրանք ձևացնեն, թե փրկում են Հայաստանի Հանրապետության մնացորդը։ Նա ընդգծում է, որ նոր սպասվող պատերազմի ժամանակ որքան էլ Սյունիքը և անկլավները Ադրբեջանի համար կարևոր լինեն, վերջինս կարծես թե որոշել է ռազմակալել Գեղարքունիքի արևելյան հատվածը՝ Վարդենիսից մինչև Ճամբարակ, դուրս գալ Սևանա լճի ափ, որովհետև եթե դա հաջողվի անել, ապա իրենք այնտեղ մեկ տասնյակից ավելի ռազմանավակներ կտեղափոխեն, որոնք անդամալուծելու են ոչ միայն զբոսաշրջությունն ու ձկնորսությունը, այլ նաև առհասարակ Գեղարքունիքի մարզի բնակիչների՝ Սևանա լճից օգտվելու հնարավորությունները։

«Դա մեծագույն հարվածի տակ կդնի ոչ միայն թերակղզին, այլ նաև թերակղզու հատվածում՝ անմիջապես Սևանա լճի հատվածով անցնող միջպետական մայրուղին, որը տանում դեպի Վրաստան, թեպետ Իջևանի և Նոյեմբերյանի հատվածներում նույնպես անկլավների տեսքով սպառնալիքներ կարող են լինել։ Այսինքն, մենք պետք է ազգովի 2024 թվականին չափազանց աչալուրջ լինենք, որովհետև առայժմ ամեն ինչ մեզ համար զարգանում է խիստ վատթարագույն սցենարով, իսկ Հայաստանի ներկայիս կառավարությունը կատարելապես ապիկար է՝ անհրաժեշտ համազգային պաշտպանությունը կազմակերպելու հարցում»,- ասաց նա։

Հարցին, թե Արևմուտքն իսկապես խոչընդոտո՞ւմ է ՌԴ-ի միջնորդությամբ պայմանավորվածությունների իրականացմանը, թե՞ Լավրովի հայտարարությունն առավելապես քարոզչական բնույթ ունի՝ Ալեքսանդր Քանանյանը պատասխանեց, որ Լավրովն այս դեպքում իրականությունն է արձանագրում։ Նրա խոսքով՝ Արևմուտքը հայոց ազգային պետության նպատակներով չի առաջնորդվում, այդ թվում հետցեղասպանական տարածքային հետևանքների վերացման ուղղությամբ։

«Արևմուտքը նույնպես միշտ արտահայտվել է հաղորդակցության ուղիների բացման օգտին, բայց վերջինս, իր շահերից ելնելնով, չի ցանկանում, որ Ռուսաստանն ու Արևմուտքի վերահսկողությունից գրեթե լիովին դուրս եկած նորօսմանական, էրդողանական Թուրքիան ունենան այնպիսի աշխարհաքաղաքական նշանակության ձեռքբերում, ինչպիսին կարող է լինել այդ միջանցքի գործարկումը՝ ռուս-թուրքական համատեղ վերահսկողության ներքո, որը շատ արագ կփոխարկվի թուրքական վերահսկողության»,- նշեց նա։

Քանանյանը հավելեց նաև, որ այս ամեն հետևանքով Արևմուտքը միշտ կողմ էր, որ Հայաստանի ինքնիշխանությունը պահպանվի, այդ տարածքում գործի մաքսային և անձնագրային ստուգման այն ռեժիմը, որը գործում է բոլոր պետությունների սահմանները հատելու ժամանակ։ «Ուստի Արևմուտքն այս տեսքով համաձայն է հաղորդակությունների բացմանը, սակայն Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանն այդպես չեն ուզում։ Դրա համար էլ, այո՛, ՌԴ-ն ու Թուրքիան միշտ ձգտել են, որ հարցերը լուծվեն փակ կերպով, և տարածաշրջանային դերակատարներից բացի ոչ ոք չհանդգնի պաշտպանել հայերի գոյության իրավունքը կամ ինքնիշխանության մնացորդները»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com