Երևան +10°
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 09:00 13-01-2024

Մարիան ճիշտ էր, ՔՊ-ն սխալ

Աշխարհում բոլորը գիտեն, որ Արցախում էթնիկ զտումներ են տեղի ունեցել։ Սակայն չբարեկամներ Ադրբեջանն ու Թուրքիան կեղծավորաբար հերքում են այդ փաստը։ Հունվարի 12-ին նրանց պաշտոնապես միացավ նաև Ռուսաստանը։ «Ինչ վերաբերում է Ղարաբաղում էթնիկ զտումների մեղադրանքներին, մենք ցանկանում ենք, որպեսզի փաստեր ներկայացվեն։ Եթե կա որևէ փաստաթուղթ ինչ-որ միջազգային կազմակերպություններից, որոնց Երևանում հեղինակավոր են համարում՝ օրինակ ՄԱԿ կամ այլ կազմակերպություն։ Եթե կա թեկուզ ինչ-որ փաստաթուղթ կամ հայտարարություն, որը վկայում է, որ նման էթնիկ զտումներ են տեղի ունեցել, խնդրում եմ, բարի եղեք՝ մեզ հղումներ տրամադրեք»,- ասել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ինչու՞ ՄԱԿ-ը կամ միջազգային հեղինակավոր որևէ կառույց չի ճանաչել արցախցիների էթնիկ զտումը։ Հարցի հասցեատերը, իհարկե, ՔՊ-ն է։ ՄԱԿ-ում ՀՀ դեսպանից մինչև ԱԺ պատգամավոր՝ պարտավոր են ըստ հարկի պարզաբանել, թե ի՞նչ ջանքեր են գործադրել ճանաչման համար, և ինչու են տապալվել դրանք։ Քանի դեռ նրանք չեն խոսել, հանրային խոսույթում շրջանառվում են տարատեսակ վարկածներ, որոնցից ամենասարսափելին ու հուսահատեցնողն այն է, որ իշխանությունները համաձայնության են եկել ռուս-թուրք-ադրբեջանցիների հետ ու չեն փորձել բարձրացնել այս հարցը ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում։ Իսկ ՔՊ-ամերձ շրջանակներում ասում են, թե փորձել են հարցը միջազգային ատյանների օրակարգ բերել, սակայն բախվել են ռուսական վետոյին։ ՌԴ-ն այդօրինակ վետոներ կիրառելով, փորձում է ցույց տալ աշխարհին, թե ՀՀ-ն իր ազդեցության գոտին է։ Երբ ՔՊ-ական իշխանությունը համարժեք նախաձեռնություններով հանդես չի գալիս, չի պաշտպանում ՀՀ ինքնիշխան իրավունքները, ապա չբարեկամներն առիթավորվում են, ագրեսիվ ու կեղծ հայտարարություններ անում, ՀՀ քաղաքական գործիչներին որակում ապատեղեկատվություն տարածող, կեղծախոս ու նման վատ բաներ։

Բոլորն, այդ թվում՝ բռնի տեղահանված արցախցիները, կարող են վկայել, որ ռուսները հայերի էթնիկ զտման հանցակից են։ Եթե Զախարովան հերքում է ռուս խաղաղապահների մեղսակցությունը, ապա վստահ է, որ ՔՊ-ական իշխանությունը չի հակադարձելու։ Ավելին՝ եթե ՀՀ ԱԳՆ-ն համարժեք չի արձագանքում Զախարովայի հանդիմանանքին, ապա ստեղծվում է վտանգավոր իրավիճակ։ Այսպես՝ ՀՀ-ն ցույց է տալիս, թե չի դիմադրելու ՌԴ-ի հանդիմանանքին և հնարավոր ագրեսիային, ակամա ապացուցելով, որ ոչ թե ՔՊ-ն, այլ ՌԴ-ն է որոշում ՀՀ քաղաքականությունը։ Մասնավորապես՝ նույն խոսքում Լուի Բոնոյի անունը հիշատակելով, Զախարովան ակնարկում է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ոչ թե ՔՊ-ի հետ պիտի քննարկի ՀՀ դիրքորոշման վերաբերյալ հարցերն, այլ ՌԴ-ի։

Ինչպե՞ս կարող է ՀՀ-ն չեզոքացնել ռուսական վտանգը։ Մեր բախտակից երկրների օրինակով՝ կարող են սկսել ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից դուրս գալու, հայ-ռուսական պայմանագրերը լուծելու, ՀՀ-ից ռուսական զորքերը դուրս հրավիրելու, լուստրացիայի մասին օրենք ընդունելու գործընթացներ։ Հաշվի առնելով, որ ՀՀ տնտեսությունն աճում է ուկրաինա-ռուսական պատերազմի ընձեռած հնարավորությունների շնորհիվ, ապա Դավոսում «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը մասնակցող ԱԽ քարտուղարը կարող է խոստանալ, որ ՀՀ-ն ևս օգնություն կտրամադրի Ուկրաինային։ Այսպիսով՝ գործուն քայլեր կանեն անկախության պաշտանության ուղղությամբ, կցրեն թյուրիմացությունը՝ թե ՀՀ-ն ռուսական ազդեցության գոտի է, միջազգային հայանպաստ հայտարարություններ ընդունելու միջավայր կստեղծեն։ Իսկ քանի դեռ չեն անում, ապա կարելի է ենթադրել, որ Մարիան ճիշտ էր, ՔՊ-ն՝ սխալ։

Թաթուլ Մկրտչյան