Չնայած Միացյալ Նահանգները և Թուրքիան պաշտոնապես համարվում են ռազմավարական դաշնակիցներ, այնուամենայնիվ առկա են բազմաթիվ հարցեր որոնց շուրջ երկու երկրների մոտեցումները ոչ միայն չեն նույնանում, այլ նաև հակասում են իրար։ Այդ տարաձայնություններն առավել սուր են հատկապես Գազայի հարցում, որտեղ Իսրայելը կատաղի պայքար է մղում արևմտյան երկրներում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված ՀԱՄԱՍ շարժման դեմ և վայելում ԱՄՆ-ի անվերապահ աջակցությունը, իսկ Թուրքիան՝ Իրանի և իսլամական աշխարհի մյուս ազդեցիկ դերակատարների հետ միասին աջակցում է ՀԱՄԱՍ-ին և վերջինիս համարում ազատագրական շարժում։
Եթե նախկինում հնարավոր էր Իսրայելի հարցում թուրք-ամերիկյան տարաձայնությունները հարթել, կամ գոնե դրանք պահել վերահսկելության սահմաններում, ապա 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողություններից հետո դա այլևս հնարավոր չեղավ․ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ անվերապահ աջակցություն է ցուցաբերում Իսրայելի իշխանություններին, իսկ Թուրքիան՝ խստորեն քննադատում է Գազայում վերջինիս գործողությունները և մեղադրում հակամարդկային հանցանքներ գործելու մեջ և զուգահեռ աջակցում Պաղեստինի ազատագրության շարժմանը։
Հունվարի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այցելեց Թուրքիա, որտեղ բանակցություններ վարեց այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Փորձագետների մեծամասնության համոզմամբ՝ այս այցի նպատակը Գազայում ընթացող պատերազմի հարցում Անկարայի և Վաշինգտոնի միջև առկա տարաձայնությունների հարթումն է եղել, որն, ըստ էության, չի հաջողվել։
Թուրք վերլուծաբան Մեհմեդ Քանջըն թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունում «Բլինքենի այցը Թուրքիա: ԱՄՆ-ն համակերպվու՞մ է իրողությունների հետ» խորագրով վերլուծություն է հրապարակել, որտեղ հիմնականում անդրադարձել է Գազայի հատվածում տիրող իրավիճակի համատեքստում թուրք-ամերիկայան հարաբերություններին: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ստիպված է եղել Իսրայելին աջակցելու իր քաղաքականությունը փոխել, ինչը փաստել է Բլինքենի Ստամբուլ ժամանելուն պես ԱՄՆ արտգործնախարարության խոսնակ Մեթյու Միլլերի սոցիալական ցանցում կատարած գրառումը:
Ամերիկացի պաշտոնյան նշել էր, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է, ինչպես նաև այն, որ այդ երկիրը մեծ դեր ունի թե Գազայում ընթացող բախումների աշխարհագրության ընդլայնումը կանխելու և թե տարածաշրջանային անվտանգային խդիրները լուծելու հարցում:
Քանջըն նշել է, որ Բլինքենի այցը կարելի է վերլուծել՝ այն բաժանելով 3 մասի:
Դրանցից առաջինը Իսրայելի կողմից Գազայի ուղղությամբ իրականացվող հարձակումների հետևանքով առաջացած իրավիճակն է:
Երկրորդը F-16-երի գնման և արդիականացման ծրագիրն է, հայ-ադրբեջանական բանակցությունները, Իրաքին ու Սիրիային վերաբերող հարցերը և Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները:
Իսկ երրորդը՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի տեսանկյունից տարածաշրջանին Ռուսաստանի դեմ տրամադրելու գործընթացն է, ինչի շրջանակներում է Շվեդիայի անդամակցության, ինչպես նաև միջազգային շուկաներ ուկրաինական հացահատիկի արտահանման հարցը:
Նա համոզմունք է հայտնել նաև, որ ԱՄՆ-ը մտահոգվում է Գազայում ընթացող պատերազմի՝ մասնավորապես դեպի Լիբանան հնարավոր ընդարձակմամբ:
Լրագրողի վերլուծության և գնահատականների հիման վրա թուրքական մեդիայում շրջանառվում է այն միտքը, որ Բլինքենին հանգամանքներն են ստիպել այցելել Թուրքիա: