2022 թվականի դեկտեմբերի 12-ին, երբ Ադրբեջանը փակեց կյանքի ճանապարհը, արցախցի զինվորական բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը Երևանում էր։ Իմանալով, թե ինչ վտանգների է ենթարկում սեփական կյանքը՝ դեմ գնալով բոլորին, որոշեց ամեն գնով հասնել Ստեփանակերտ։
«Հաշվի առնելով 2020 թվականի պատերազմին իմ մասնակցությունը, ստացած պետական պարգևներս ու երբեմնի ակտիվությունս համացանցում, նույնիսկ ՊՆ-ն իրավունք չէր տալիս անցնել Հակարիի ապօրինի անցակետով։ Բայց ես որոշեցի, որ ԿԽՄԿ-ի միջոցով ամեն գնով պիտի հասնեմ Արցախ»,- ասում է բժիշկ Գրիգորյանը։
«Ես միակ շրջանավարտն էի, ով բլոկադայի ընթացքում կարողացավ վերադառնալ Արցախ։ Պատերազմից հետո՝ դա իմ կյանքի միակ ուրախ օրն էր, երբ քրոջս հետ կարողացանք հատել անցակետն ու անվտանգ հասնել Ստեփանակերտ։
Անցա ծառայության, սկսեցի ադապտացվել բլոկադային կյանքի դաժանություններին, ոտքով բավականին երկար քայլելուն, հերթերին, ծառայությանն առնչվող դժվարություններին։ Շատ դժվար էր կազմակերպել զինվորների թե՛ սնունդը, թե՛ պատշաճ դեղորայքի մատակարարումը։ Բայց այդքանով հանդերձ՝ հաջողում էինք»,- ասում է մեր զրուցակիցը, ով ծառայությանը զուգահեռ աշխատանքի էր անցել նաև բժշկական քոլեջում՝ որպես դասախոս։
«Սեպտեմբեր 19-ին պետք է լիներ առաջին դասախոսությունս։ Ժամը 13։00-ի սահմաններում հիվանդ էի տարել հոսպիտալ և մինչ կհետազոտեին, լսվեցին պայթյունները։ Միանգամից դուրս եկա ու ճանապարհվեցի դեպի իմ զորամաս։ Դե հետոն արդեն գիտեն բոլորը»,- պատմում է բժիշկը՝ վերհիշելով պատերազմն իր դաժանություններով։
«Երբ պիտի փրկեի հերթական վիրավորի կյանքը, ստիպված մարմնովս ծացկեցի նրան, քանի որ ես զրահաբաճկոնով էի, իսկ նա՝ ոչ։ Ճանապարհի ամբողջ ընթացքում խնդրեցի Արսենին՝ հուսախաբ չանել։ Ասացի՝ եթե ապրես, քո հարսանիքի քավորն եմ դառնալու։ Ցավոք, հաջորդ վիրավորին հիվանդանոց տանելուց՝ իմացա, որ Արսենը չկա», - ասում է բժիշկը՝ պատմելով ցավալի դրվագներ, որոնք գրի առնելու համար գուցե տարիներ են պետք։
Ցավոք, զինադադարին հաջորդեց բռնի տեղահանումն ու վառելիքի պահեստի պայթյունը, ու քիչ թվով բժիշկների հետ մնաց Հիպոկրատի երդմանը հավատարիմ նաև Նիկոլայ Գրիգորյանը։
«Ձեռքիս մատների վրա կարող եմ թվարկել, թե քանի բժիշկ կար մանկական հիվանդանոցում։ Համենայնդեպս, ամսի 25-ի գիշերը մինչև առավոտյան, այրվածների հետ անմիջապես աշխատում էինք ես և գլխավոր բժիշկը` Կարեն Մելքումյանը։ Նա զուգահեռ նաև կազմակերպչական աշխատանքներն էր կատարում, ավիացիայով հիվանդներին տեղափոխելու և դեղորայք հայթայթելու մասով»,- ասում է բժիշկը, ում խոսքով՝ կյանքեր փրկելով, ցավոք, ստիպված է եղել նաև աչքեր փակել։
Իսկ երբ վերջին հիվանդներին ՀՀ տեղափոխելուց հետո, Արցախը պիտի լքեին քաղաքը նաև սպիտակ բանակի զինվորները, Նիկոլայը մի վերջին անգամ այցելել է հարազատների շիրիմներին, մի նամակ գրել, թողել իր տան դաշնամուրիս վրա, տան պատերը համբուրել, աղոթել, բակից վերցրել մեկ բուռ հող և դուրս եկել․․․