Առայժմ չի հաջողվում ներգրավել արտաքին լուրջ ներդրումներ, նոր հզոր ձեռնարկություններ չեն բացվում, ՀՀ-ն չի արտադրում մրցունակ ապրանքներ,որոնք Հայաստանի անունը ճանաչելի կդարձնեն աշխարհում։ Բայց տնտեսությունը շարունակում է աճել։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 22-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ավետեց, որ 2022-2023-ին Հայաստանի տնտեսությունը աշխարհի ամենաարագ աճող տնտեսությունների շարքում է, առաջին տասնյակում, իսկ 2024-ին կլինի առաջին հնգյակում: Գուցե Արևմուտքը Մարշալի պլա՞ն է կազմել Հայաստանի զարգացման համար։
Բոլորը գիտեն, որ ՀՀ տնտեսությունը 2022-2023 թվականներին զարգացել է ուկրաինա-ռուսական պատերազմի հետևանքով առաջ եկած հանգամանքների բերումով։ ՌԴ-ն ու նրա քաղաքացիները օգտվել են Հայաստանի հնարավորություններից։ Գործարարներն էլ օգտվել են պատժամիջոցների տակ կռացած ՌԴ-ի ընկճված վիճակից։ Օրինակ՝ Իրանից գնել են էժան կաթ և վաճառել կաթին կարոտ մնացած ռուսներին, ստացել ահռելի մեծ շահույթ։ Ավելացել են նաև Արևմտյան դրամաշնորհները, որոնք ուղղվում են պետական հիմնարկներին և ՔՊ-ական շրջանակի ՀԿ-ներին։ Պարզ ասած՝ ուկրաինա-ռուսական պատերազմը մեծ շահույթներ է ապահովում Հայաստանի, մասնավորապես՝ ՔՊ-ական գործարարների համար։ Եվ Էկոնոմիկայի նախարարը հավանաբար՝ հույս ունի, որ եկող տարի պատերազմն ու գրանտները կշարունակվեն։
Սակայն սա ամենը չէ։ Կառավարությունը հանրությանը ներկայացնելու նոր գաղափար էլ ունի, որը չի զիջում թռչող կոկորդիլոսների ֆանտաստիկ բիզնեսին։ Այն արտաքին լուրջ ներդրումներ չի պահանջում, ոչ էլ նոր շուկաներ դուրս գալու խնդիր կա։ Պարզվում է՝ հաջորդ տարվա զարգացումը պայմանավորվելու է անասնապահության զարգացմամբ։
Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ-ում արդեն 51 խելացի անասնագոմ կա։ Այս թիվը խղճուկ է անսանապահների ընդհանուր թվի համեմատ։ Եվ նախարարն անընդհատ աշխատում է, որպեսզի այս ծրագրի մասշտաբն ընդլայնվի, ունենա մեծ ազդեցություն տնտեսության վրա: Ավելին՝ նա արդեն գիտի՝ ինչ է պետք փոխել. «Պետք է ասեմ, որ մյուս տարի մենք սկսում ենք կովերի արհեստական սերմնավորման ծրագիր, որի ներքո մենք գյուղացիներին, ֆերմերներին աջակցելու ենք արհեստական սերմնավորման գործընթացում, որ գենետիկան լավարկենք: Առաջարկելու ենք գրավիչ պայմաններ, որպեսզի ֆերմերները նախընտրեն բարձրակարգ սերմնահեղուկով սերմնավորել իրենց խոշոր եղջերավոր կենդանիներին, որը կբերի արտադրողական աճի»:
Ահա այսպիսի հավակնոտ նպատակ է դրել Վահան Քերոբյանը, որի իրականացմամբ հույս ունի առաջիկա տարիներին ապահովել տնտեսության աճ։ Իրականում, սակայն, իշխանություններն անասնապահներին այնպես են ճնշում, որ մարդիկ չեն կարողանում իրենց ապրանքն իրացնել և տարվա ընթացքում գոյացած պարտքերը փակել։ Վերջին օրերին մի քանի մարզերում անասնապահները բողոքի ցույցեր են կազմակերպել։ Այսպիսի կոշտ ու անմարդկային վերաբերմունքի արժանացող անասնապահների մի մասը, հավանաբար, այլ գործով կզբաղվի, վատագույն դեպքում՝ արտագնա աշխատանքի կմեկնի։
Հետևաբար՝ Էկոնոմիկայի նախարարության առաջարկած գրավիչ պայմաններն ընդունողֆերմերներսպասվածից քիչ կլինեն, և միայն որոշ խելացի կովեր կուրախանան բարձրակարգ սերմնահեղուկով։ Իսկ եթե նախարարությունը դրանք արդեն ձեռք է բերել, ապա ավելացած բարձրակագ սերմնահեղուկը չեն թափի, այլ կվաճառեն ԵՏՄ գործընկեր ՌԴ-ին, կուրախացնեն ռուսական կովերին։ Սա շահավետ ներդրում կդառնա որոշ ՔՊ-ական գործարարների ամար։ Իսկմի քանի տարի անց ՌԴ-ից միս կներմուծեն, քանի որ հայ անասնապահներն այդ ժամանակ արդեն ուրիշ տեղում ուրիշ գործի կլինեն։ Այսինքն՝եթե իշխանություններն այսուհետ ևս կոպիտ ու անմարդկային վերաբերվեն անասնապահներին, ապա անասնապահությունը ոչ թե կզարգանա, ինչպես հուսադրում է Վահան Քերոբյանը, այլ անկում կապրի։
Թաթուլ Մկրտչյան