2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից և հատկապես 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իր իշխանությունը պահպանել, վերջինս աստիճանաբար սկսեց հրաժարվել Արցախի հարցից, չնայած այն բանին, որ անգամ ՔՊ-ի 2021 թվականի նախընտրական ծրագրում ամրագրվել էր, որ Հայաստանը շարունակելու է առաջ մղել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև պայքարելու՝ Շուշիի և Հադրութի դեօկուպացման համար։
Ընտրություններից ամիսներ անց՝ 2022-ի ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արդեն սահմանված նշաձողն իջեցնելու և Արցախի բնակչության իրավունքներն ու անվտանգություն ապահովելու անհրաժեշտության մասին, իսկ արդեն այս տարվա սեպտեմբերյան աղետալի դեպքերից հետո, երբ Արցախն ամբողջովին հայաթափվեց, Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց անգամ այս պահանջից։
Ավելին, ՔՊ-ականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Արցախի լիակատար բռնազավթումից հետո սկսեցին քողարկված կամ բացահայտ կերպով Արցախը հակադրել Հայաստանին՝ հայտարարելով, որ Արցախը հանձնել են, որպեսզի փրկեն Հայաստանը։ Նկատենք, որ այդ միտումներն ավելի վաղ նույնպես առկա էին, երբ ՔՊ-ականներն ամենաբարձր մակարդակով հայտարարում էին, որ իրենք պատասխանատու են բացառապես Հայաստանի 29800 քառակուսի կմ տարածքի համար, որի անձեռմխելիությունը երաշխավորելու համար էլ Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս։
Բազմիցս քաղաքական և փորձագիտական շրջանակները հայտնել են, որ անգամ Արցախից ամբողջական հրաժարումը և այն Ադրբեջանի կազմում ճանաչելը չի երաշխավորելու Հայաստանի անվտանգությունը և Արցախի զավթումը հաջողությամբ ավարտելուց հետո Ադրբեջանն իր տարածքային հավականություններն ուղղելու է Հայաստանի դեմ։ Նախօրեին արդեն Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի ստորագրման և սահմանազատման գործընթացը պետք է տարանջատել իրարից։
Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ իր երկիրը ոչ միայն չի պատրաստվում վերադարձնել 2021-2023 թվականների ընթացում ՀՀ-ի դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով մեր երկրի ինքնիշխան տարածքից օկուպացված 150-200 քառակուսի կմ-ն, այլ նաև պատրաստվում է նոր տարածքներ օկուպացնել, որին հնարավոր սահմանազատումը կխոչընդոտի։ Հենց այս իրողությամբ է պայմանավորված, որ Բաքուն հրաժարվում է սահմանազատման գործընթացում հիմնվել խորհրդային որևէ տարեթվի քարտեզների վրա, քանի որ այդ պարագայում ստիպված է լինելու որոշակի տարածքներ վերադարձնել, որոնք օկուպացնելու համար զգալի միջոցներ է ծախսել և կորուստներ ունեցել։
Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնեց, սակայն Հայաստանն այդպես էլ չկարողացավ փրկել։ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել անգամ Հայաստանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխլիությունը։
Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման յուրաքանչյուր օրը Հայաստանի պետականության համար մեծ գին է արժենում, որը ստիպված են լինում վճարել երբեմնի 3 միլիոն վարչապետները։ Չի բացառվում նաև, որ շուտափույթ կերպով խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Նիկոլ Փաշինյանը կկատարի նաև Ադրբեջանի այս պահանջը, որով կերաշխավորվի ամիսներ առաջ ՀՀ վարչապետի կողմից հնչեցված այն հայտարարությունը, որ խաղաղության պայմանագրի ստորագրման հաջորդ օրը կարող է կրկին պատերազմ սկսվել։
Դավիթ Գույումջյան