Ներքին 2 տարի առաջ - 13:30 19-12-2023

Մունք սաղընք, շնորհիվ մեր գյուղապետի․ սարուշենցիները՝ Կարեն Գասպարյանի մասին

2020 թվականի պատերազմից հետո՝ Արցախն ամբողջությամբ դարձել էր առաջնագիծ։ Չկար մեկ գյուղ կամ քաղաք, որը թշնամին որոշեր թիրախավորել՝ չկարողանար։ Իսկ կային գյուղեր, որտեղ 2020 թվականից հետո ապրելը, պարզապես հերոսության վառ օրինակ էր։ Այդպիսի մի գյուղ էլ Մարտունու շրջանի Սարուշեն գյուղն էր, որտեղ ապրող մարդկանց համար կրակոցների ձայները շուրջ երեք տարի դարձել էին այդ մարդկանց առօրյայի մի մասնիկը։

Պատերազմի առաջին իսկ րոպեներից վտանգված էր սարուշենցիների կյանքը։ Հասկանալով այդ ամենը, սարուշենցի տղամարդիկ՝ համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանի գլխավորությամբ, անմիջապես ջոկատ կազմեցին ու միացան աշխարհազորայիններին ու ՊԲ զորքին։

«Ցավոք, րոպե առ րոպե տեսնում էինք, որ ադրբեջանական զորքի առաջխաղացումը կասեցնել այլևս հնարավոր չէ, իսկ մենք արդեն ունեինք 10 զոհ ու մեծ թվով վիրավորներ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանը, ում խոսքով՝ տեսնելով, որ այլևս հնարավոր չէ դիմադրել՝ տղաներին խնդրել է դիմանալ ու չլքել դիրքերը՝ մինչև գյուղը տարհանեն։

«Մեր գյուղը դիրքերից ընդամենը 3 կմ հեռավորության վրա էր, մարտերը գնալով թեժանում էին, հրետանին ու անօդաչուներն էլ մի կողմից, իսկ գյուղում բոլորիս ընտանիքներն էին՝ երեխաներ, ծերեր»,- ասում է համայնքի ղեկավարը, ով կազմակերպել է անտառային ճանապարհով մարդկանց հնարավոր դուրսբերումը՝ գյուղից։

«Մենք հասկանում էինք, որ ցանկացած պահի հնարավոր է կրկին պատերազմ սկսվի։ Այդ իսկ պատճառով՝2020 թվականի պատերազմից հետո, Սարուշենից անտառային այլընտրանքային ճանապարհ կառուցեցինք դեպի հարևան Մսմնա գյուղը։ Հենց այդ ճանապարհով էլ տարհանեցինք գյուղացիներին։ Ցավոք, մեր համագյուղացի Շաբո Գրիգորյանին թուրքերը սպանեցին Խաչմաչ գյուղի խաչմերուկում, երբ վերջինս իր բեռնատարով հիմնական ճանապարհով օգնության էր դուրս եկել գյուղացիներին ընդառաջ։ Նույն հատվածում նրանք սպանել են սարուշենցի ևս մեկ խաղաղ բնակչի։ Հակառակ մեր զգուշացումների, գյուղացիներից մեկը վիրավորված բարեկամին իր մեքենայով փորձել է հասցնել Ստեփանակերտ՝ դարձյալ հիմնական ճանապարհով։ Կրակել են մեքենայի վրա, երկուսին էլ սպանել տեղում»,- պատմում է համայնքի ղեկավարը, ում մասին համագյուղացիներն ասում են․ «Մունք սաղընք, շնորհիվ մեր գյուղապետի։ Եթե ինքը չինար, մունք կարել չինք փրկվինք»։

«Սեպտեմբերի 19-ի գիշերը սարուշենցիներս տարհանվել ենք դեպի Ստեփանակերտ։ Բնակիչներին տեղափոխելու ճանապարհն էլ Կարենը 3 անգամ գնացել ու հետ է եկել՝ անտեսելով իր անվտանգությունը, չնայած, որ անընդհատ կրակում էին նաև այդ միկրոավտոբուսի ուղղությամբ։ Կարենը՝ որպես առաջնորդ ու համայնքի ղեկավար, հետո միացել է տղաներին»,- երախտագիտությամբ են խոսում սարուշենցիներն իրենց համայնքի ղեկավարի մասին։։

«Վիրավորներ շատ կային, պիտի ժամանակին տեղափոխեինք»,- համեստորեն ասում է Կարենը՝ չխոսելով իր վիրավորվելու մասին։

«Վիրավորներին իմ ավտոմեքենա տեղափոխելիս կրակել են ու պայթեցրել։ Արագ եկել ու գյուղից մեկ այլ մեքենայով նրանց հանել եմ։ Մեքենայի վրա կրակել են, այդտեղ եմ մեջքիցս բեկորային վիրավորում ստացել, բայց ինչ արած, պիտի տղաներին տված խոստումս կատարեի, տղերքին խոստացել էի՝ «կգամ, ձեզ էլ կտանեմ»։ Այդ ընթացքում վերքս հասցրել եմ վիրակապել»,- ասում է մեր զրուցակիցը, ում խոսքով՝ 4 օր անց միայն հնարավոր եղավ փրկարարների օգնությամբ դուրս բերել այն գյուղացիների մարմինները, ովքեր զոհվել էին դիրքերում, իսկ ամենացավալին, որ տասներկու զոհին միացան ևս չորսը՝ վառելիքի պահեստում բռնկված հրդեհից։ Այդպես, հերոսական Սարուշենը, որի փրկությանը մասնակցում էին մեծից փոքր, կորցրեցին և գյուղը, և՝ 16 հոգու կյանք։

Ամենից շատ դիտված

16:47 Ծառուկյանի տնից կոկորդիլոսներ տեղափոխելիս Երևանի քաղաքապետարանի աշխատակից է վնասվել
15:11 Եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի և ուրիշ հատվածներ. Փաշինյան
18:07 Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող շինությունները ապամոնտաժվել են
21:00 Նազիկ Ավդալյանն իր հիմնադրամը «համեստորեն» իր անվամբ է կոչել
10:50 Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. իմ խիղճը հանգիստ է. անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին ու ժողովրդին. Գագիկ Ծառուկյան
13:07 Ինձ չի հետաքրքրում, ձեր ասած տեսարանները չեմ տեսել. Փաշինյանը՝ Ծառուկյանի ձերբակալման կադրերի մասին
09:00 Շրջադարձային զարգացումներ Վիկտոր Սողոմոնյանի ապօրինի ծագման գույքերի գործով
14:22 Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին․ «Հրապարակ»
17:45 Որդիս դարձել էր անցանկալի անձ. Սամվել Ալեքսանյանը՝ իր տան խուզարկության պատճառների մասին
16:00 Ինչ վատություն էր արել էգ առյուծը Նիկոլ Փաշինյանին