Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Մշակույթ 4 ամիս առաջ - 17:40 13-12-2023

Եթե գործընթացն իրավական դաշտում է՝ ինչո՞ւ եք ստիպում թղթեր ստորագրել․ Գոյ թատրոնի տնօրենը՝ փոխնախարարին

Դեկտեմբերի 8-ին «Գոյ» թատրոնում հրավիրված բաց քննարկման թեման ՀՀ Կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի 701-Ն որոշումից բխող վտանգներն ու ապօրինություններն էին: Քննարկմանը հրավիրվել էին ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Բայց թե՛ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, թե՛ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ի տնօրինությունից որևէ մեկը քննարկմանը չէր ներկայացել:

Ավելի ուշ՝ Oragir.News-ի թղթակիցը Գյումրու դրամատիկական թատրոնում վերջերս կայացած առաջնախաղի շրջանակներում հարց էր ուղղել ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանին՝ պարզելու իր՝ քննարկմանը չներկայանալու պատճառը, որին ի պատասխան՝ փոխնախարարն ասել էր․ «Գործընթացը իրավական դաշտում է, և ես պատասխանատվություն չեմ վերցնում ինձ վրա՝ որևէ մեկնաբանություն հնչեցնելու»։

Oragir.News-ը կապ հաստատեց «Գոյ» թատրոնի տնօրեն Սարգիս Արզումանյանի հետ՝ հասկանալու՝ արդյո՞ք տեղյակ են, որ փոխնախարարը չի ցանկանում մեկնաբանություն տալ և արդյո՞ք քննարկումից հետո կապվել են նրա հետ՝ պարզելու բացակայության պատճառը։

«Նման խոսակցություն չի եղել, որ իմանանք՝ մեկնաբանություն չի ուզում տալ։ Ավելի վաղ նույնիսկ պայմանավորվել էինք, որ նա պիտի գար թատրոն և ծանոթանար։ Եթե չի ունեցել մեկնաբանելու ցանկություն, ապա ինչո՞ւ է համաձայնություն տվել հանդիպման։ Այն թեզին, որ շատ զբաղված է եղել ու ժամանակ չի ունեցել այցելելու, բնականաբար, չենք հավատում։ Ընդամենը խուսափում է մեկնաբանելուց, և առհասարակ՝ այս գործում երևալուց։ Այս գործի հետևում թաքնված անձինք գործում են ավելի շատ կուլիսներում․ հետևից գործում և կատարում են այն ամենը, ինչ կատարում են։ Այսինքն՝ իրենց արածը, ինչ հանրությանն են ասում, թե իբր բարի նպատակներով են անում, այդպես չէ։ Եթե այդ ամենն արվում է ի նպաստ «Գոյ» թատրոնի, ապա հաստատ իրենք ժամանակ կգտնեն ու կգան, կհայտնվեն այդ տարածքում, կզրուցեն անձնակազմի հետ։ Ի՞նչ է նշանակում՝ իրավական դաշտում է։ Եթե իրավական դաշտում է՝ ինչո՞ւ եք ստիպում ինչ-որ թղթեր ստորագրել․ զերծ մնացեք ամեն ինչից, սպասեք մինչև դատարանը կորոշի՝ ինչ պիտի լինի։

Հարցին՝ հնչե՞լ է արդյոք մեկնաբանություն Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Մկրտչյանի կողմից իր բացակայության մասով, Արզումանյանը պատասխանեց․

«Չկա։ Մենք ո՛չ շփվում ենք իր հետ, ո՛չ էլ առանձնապես մեկնաբանվելու կամ պատճառաբանվելու ցանկություն ունենք, որ հարցնենք՝ ինչու չեք եկել։ Մեզնից հասնում է հրավիրել, նստել, զրուցել, մենք անում ենք նորմալ, էթիկայի կանոններից ելնելով։ Մենք այդքան ողջամտություն ենք գտնում, ասում ենք՝ եկեք, նստենք, խոսենք, ոչ թե դուք ձեզ համար ինչ-որ գործողություններ արեք, մենք՝ մեզ համար․ արդյունքում՝ լինի անբարենպաստ պայմաններ «Գոյ» թատրոնի համար, ինչ կա այսօր։ Հասկանանք՝ ով ինչի համար է այս ամենը անում, արդյունքում՝ մենք տուժում ենք, բայց չկա ոչ մի պատասխան»։

Oragir.News-ը փորձեց պարզել նաև, թե թատրոնի հետագա ճակատագրի մասով ում հետ են հույսեր կապում։

«Մենք մեզ վրա ենք հույս դնում և կարծում ենք՝ մի օր այս երկրում արդարադատությունը կհաղթի։ Հաստատ այն երևույթը, որ հույս կա ինչ-որ մեկի վրա հույս դնելու, արդարությունն է, իսկ այն, կարծում ենք, մի օր կլինի։ Ընթանալու է դատական գործընթաց։ Քանի որ դատական վարույթը տեղափոխվել է այլ դատարան, իսկ այդ դատարանը դեռ չի հաստատել, որ իր գործն է, բնականաբար, օր չկա նշանակված, որովհետև չգիտենք՝ որ դատարանում է քննվելու այդ գործը։ Այդ ամենը ընթացակարգի մեջ է, բայց մեզ ստիպում են՝ ինչ-որ բաներ անենք։ Մի րոպե շուտ այս թատրոնը փակելու ցանկություն կա։ Թատրոնը, միանշանակ, շարունակում է իր բնականոն գործունեությունը, թեպետ նախարարության կողմից անընդհատ փորձեր են արվում բնականոնությունը խաթարելու։ Մենք փորձում ենք աշխատել, իրենք էլ փորձում են խոչընդոտել, որովհետև ամեն դեպքում պետական կառույց է և պետությունից են կախված մեր գործողությունները։ Ըստ դատարանի՝ դատական վարույթը քաղաքացիական դատարան է տեղափոխվել, քանի որ սա պետության միջպետական մարմինների կռիվ չէ, այլ հիմնադրի, որ պետությունն է և ինչ-որ քաղաքացիների, բայց ոչ 2 կառույցների։ Այնինչ՝ կռիվը պետության 2 կառույցի միջև է և Կառավարությունը՝ որպես պետության կառավարող կողմ։ Այսինքն՝ դրա համար այն վարչական դատարանում պիտի քննվի, ոչ թե քաղաքացիական դատարանում։ Մենք որպես ֆիզիկական անձ չենք դիմել դատարան․ դիմել ենք որպես իրավաբանական ՊՈԱԿ։ Շարունակում ենք ենթադրել, որ պատճառը «Գարեգին Նժդեհ - իրական առասպել» ներկայացումն է, որ ամսի 19-ին էլ պատրաստվում ենք խաղալ։ Այլևս ոչ մի ակնկալիք չունենք փոխնախարարի գալու հետ կապված․ պարոն Դանիելյանից կային ակնկալիքներ իմ առաջին հանդիպումից, իսկ երկրորդից հասկացա, որ ոչ մի ակնկալիք չկա։ Էլ չեմ ասում իր վերջին չգալուց, Ձեզ տված պատասխանից․ գնալով ակնկալիքները մարվում են»։

Հիշեցնենք, որ Կառավարության 701-Ն որոշմամբ՝ Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական ««Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացվել է «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։

Ձեզ գուցե հետաքրքրի