Արցախից ազատվեցին, հիմա ազատվում են արցախցի թոշակառուներից  
copy image url

Արցախից ազատվեցին, հիմա ազատվում են արցախցի թոշակառուներից  

Ներքին 1 տարի առաջ - 19:00 13-12-2023
Արդեն երկու օր է, ինչ մեկնարկել է ԼՂ-ից բռնագաղթած քաղաքացիների կենսաթոշակների վճարման գործընթացը։

Oragir.News-ը կապ էր հաստատել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ պարզելու գործընթացի մանրամասները։ Նախարարությունից մեզ տեղեկացրին, որ ԼՂ-ում կենսաթոշակ ստացողները կարող են համապատասխան առցանց դիմում լրացնել, գրանցվել և կենսաթոշակ ստանալ։

Գործընթացն առաջին հայացքից շատ հեշտ ու պարզ է թվում։ Մինչդեռ պարզվում է, որ տեղահանվածները թոշակ ստանալու համար նախևառաջ պիտի ունենան բնակության վայրի հաշվառում, որը պարտադիր պայման է։ Իսկ սրանից ենթադրելի է, որ առնվազն ամիսներ շարունակ այդ մարդիկ մնալու են իրենց թոշակին կարոտ, քանի որ կենսաթոշակների և նպաստների նշանակման համար՝ հաշվառման գործընթացն իրականացվում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային բաժինների կողմից, որտեղ առանց վարանելու կարելի է ասել, որ տիրում է կատարյալ քաոս։

Oragir.News-ի խմբագրություն այսօր զանգահարել են հերթերում հալումաշ լինող թոշակառուներ ու խնդրել լուսաբանել անձնագրային բաժիններում տիրող իրավիճակը։

«Ես Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից եմ, ապրում եմ Բանգլադեշում՝ 82 տարեկան անդամալույծ կնոջս հետ։ Հիմա հարց՝ ես ինչպե՞ս կարող եմ գիշերով մենակ գնալ անձնագրային բաժին՝ հերթ բռնել, որպեսզի կարամ գոնե ես գրանցվեմ ու թոշակ ստանամ, էլ չեմ խոսում կնոջս մասին, որ երևի այդպես էլ չի հասցնի իր տարիներով վաստակած թոշակը ստանալ․ մի՞թե էս օրենք հանողը չի հասկանում, որ թուրքից բեթար մարտավարություն ա վարում իր հայրենակիցների հանդեպ»,- ասում է 86-ամյա Վլադ պապը։

«Ի՞նչ է ստացվում, պիտի անձնագրային բաժանմունքների պատերի տակ քնե՞նք, որ կարողանանք գոնե եկող ամիս թոշակ ստանալ։ Մենք ՀՀ իշխանություններից ողորմություն չենք խնդրում, մեր թոշակն ենք ուզում»,- ասում է մարտունեցի տիկին Սիլվան, ով արդեն օրեր շարունակ ամուսնու՝ Սմբատի հետ փորձում է հերթագրվել, բայց չի հաջողվում։
Վաստակավոր մանկավարժ Նատաշա Պողոսյանի խոսքով էլ արդեն մի քանի օր է՝ դեռ լույսը չբացված անձնագրային բաժանմունքում է, բայց գրանցվել չի հասցնում, որովհետև նախանշված 30 անձը, պարզվում է, լրացել է շատ վաղուց։

«Արցախցիները երեք ամիս է, թոշակ ու նպաստ չեն ստանում։ Ինչո՞վ պիտի սնվեն թոշակառուները, երբ նոր տեսակի «հացի հերթերում» են։ Բայց հիմա էլ Հայաստանի անձնագրային բաժիններում են կանգնած սպասում, որ հաշվառվեն ու թոշակ, նպաստ ստանալու հնարավորություն ունենան։

Առավոտ ծեգից նշված հասցեում եմ։ Հերթագրվել ինձ այսօր էլ չհաջողվեց, որովհետև մարդիկ միաբերան ասացին, որ արդեն 30 հոգու հերթագրել են, այսօր նրանց են ընդունելու»,- ասում է տիկին Նատաշան, ում հավաստմամբ գրանցվել այսօր էլ չի հաջողվել, փոխարենը լսել է իր բախտակիցների բողոքները․ «Մեկը առավոտ ժամը 5-ին է եկել, բայց չի կարողացել հերթագրվել։ Մեկ ուրիշն ասում է, որ լուսաբացին՝ ժամը 4 անց կես է եկել, 23 համարն է»։

Oragir.News-ի հետ զրույցում մի արցախցի էլ, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ 2 շաբաթ է, գնում է, գալիս, բայց չի կարողանում հերթագրվել․ «Ճարահատյալ մնացել եմ մոտակա շենքում՝ բարեկամի տանը։ Գիշերվա ժամը 4-ին եկա, դեռ չէին հերթագրում։ Գնացի, նորից եկա, արդեն ուշացել էի։ Տեսնես ո՞ր մեղքի համար են մեզ հետ այսպես «հաշվեհարդար տեսնում»։

Oragir.News-ի հետ զրուցած արցախցիների մեծ մասը վստահ է, որ սա հատուկ քաղաքականություն է։

Ամենից շատ դիտված