Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 20:11 11-12-2023

ՔՊ-ն ընտրություններից չի խուսափում. Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար

Oragir.News-ը արդեն հայտնել էր, որ Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը միակողմանիորեն խզել է «Քաղաքացիական պայմանագիր» և «Բալասանյան դաշինք» խմբակցությունների միջև 30.10.2021 թվականին ստորագրված հուշագիրը։ Նման որոշման պատճառը եղել է այն, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչն անարդյունավետ է դարձնում թե´ Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը, թե´ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում:

Խոստացածի համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել և մանրամասն ներկայացրել հուշագրի խզման պատճառները։

«2021 թվականին ՔՊ-ն համագործակցության հուշագիր էր ստորագրել «Բալասանյան դաշինքի» հետ՝ Գյումրին ավելի լավը, բարեկարգ, զարգացած դարձնելու համար, և այս նպատակներին հասնելու համար է, որ որոշել էինք Գյումրիի կառավարման գործադիր մարմնի մաս դառնալ։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա մեր նպատակներին հասնելու ոչ ճիշտ ճանապարհ էր, և հիմա մենք ասում ենք, որ թե՛ ՏԻՄ և թե՛ ցանկացած այլ մակարդակում իշխանությունը մեզ համար ինքնանպատակ չէ։ Հրաժարվելով Գյումրիի կառավարման գործադիր մարմնի մեր մասից՝ հայտարարում ենք՝ պատրաստ ենք գյումրեցիների կողմից մեզ տրված 11 մանդատները ամբողջությամբ ծառայեցնել Գյումրու զարգացմանը և գյումրեցուն»,- հայտարարեց Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։



Նրա խոսքով` բազմիցս բարձրաձայնված փողոցային առևտրի, ապօրինի շինությունների ապամոնտաժման, ծայրահեղ անբարեկարգ ՀՈԱԿ-ների և մի շարք այլ հարցեր այդպես էլ մնացել են չլուծված։

«ՔՊ-ի ներկայացուցիչները մշտապես բախվել են «Բալասանյան դաշինք»-ի ոչ թափանցիկ գործելաոճին, խնդիրներ են ունեցել ֆինանսական և այլ փաստաթղթերի հասանելիության հետ կապված: Այս ամենը և այլ խնդիրներ հետևանք են համայնքի ստվերային կառավարման։ Նման կառավարման հետևանքով է, որ «Բալասանյան դաշինքի» հետ աշխատանքային քննարկումների ժամանակ ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ ուղղակի չեն կատարվել, մեր տպավորությամբ՝ արտաքին միջամտության բերումով»,- ընդգծեց Քնարիկ Հարությունյանը։

Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը շեշտեց, որ իրենք իրենց 11 մանդատի շրջանակում, ուղիղ համագործակցելու են Կառավարության հետ։

«Ինչպես գիտեք, Կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում Գյումրիում, այս տարի դոտացիայի ծավալն է բավականին ավելացել նախորդ տարվա համեմատ, և մենք Կառավարության հետ փորձելու ենք իրականացնել մեր գործունեություը 11 մանդատի շրջանակում։ Իմպիչմենթի հարց չի քննարկվում, մենք այս պահին նման օրակարգ չունենք։ Պարզապես մենք շարունակելու ենք մեր 11 մանդատի ուժով իրականացնել կառավարում։ Եթե ՔՊ-ն հուշագիրը խզեր 1 տարի առաջ կամ, ասենք, հուշագրի ստորագրումից 3 ամիս անց, դարձյալ կհնչեր հարցը՝ ինչո՞ւ հենց հիմա որոշվեց խզել գործակցությունը։ Մենք մեր խնդիրները փորձել ենք չբերել հանրային դաշտ, այլ գործընկերային մթնոլորտում կարգավորել դրանք։ Մենք համագործակցության մի քանի փորձ ենք արել՝ իրենց հետ մեր հարաբերությունները շտկելու, կարգավորելու, սակայն մեր փորձերն այդպես էլ հաջողությամբ չեն պսակվել»,- նշեց ՔՊ խմբակցության ղեկավարը։

Գյումրիի ՔՊ-ական փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանն էլ նշեց, որ խնդիրը իրենց համար տեսանելի է դարձել համագործակցության ընթացքում։



««Բալասանյան դաշինք»-ի թիմը մեզ հետ ունեցած մի շարք պայմանավորվածություններ չի իրականացնում։ Մենք բազմիցս դրա մասին բարձրաձայնել ենք, և մեզ այլ բան չէր մնում, քան հուշագիրը խզելը։ ՔՊ-ն թեև պետական մակարդակով կառավարող ուժ է, բայց քաղաքապետարանը ինստիտուցիոնալ կառավարում է ենթադրում, կա համայնքապետ։ Որոշումները 2 տեսակի են լինում՝ կա՛մ ավագանու, կա՛մ համայնքապետի։ Մենք մեր գործառույթներն իրականացնում ենք, մեր բաժինները ղեկավարել ենք։ Այն բաժինը, որը ես եմ համակարգում, զեկուցագրով ներկայացրել էր ոչ հիմնական շինությունների ցուցակը։ Մենք նաև քաղաքապետարանում ունեցել ենք մրցույթը շահած ընկերություն, որը պետք է ապամոնտաժեր այդ՝ ոչ հիմնական շինությունները։ Մնացած մասով, խնդրում եմ, դիմեք «Բալասանյան դաշինք»-ին»,- հայտարարեց Արթուր Պապիկյանը՝ մեղավորության սլաքները ուղղելով «Բալասանյան դաշինք»-ի կողմը։

Ասուլիսի ընթացքում եղան հարցեր նաև ՔՊ-ական մյուս փոխքաղաքապետին՝ 28-ամյա Վահագն Մկրտչյանին, որը Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է։ Պարզվում է, որ Վահագն Մկրտչյանը հետևում է մամուլին, գիտի որ կես տարուց ավելի մամուլը գրում է այն մասին, որ իրեն նշանակելու են Գյումրիի քաղաքապետ։



Ասում է` նման հարց չի քննարկվել։

Լրագրողները ՔՊ-ական փոխքաղաքապետերին հիշեցրին, որ իրենք խոսում են թափանցիկ աշխատելաոճից, բայց լրագրողների հետ չեն շփվում, փոխքաղաքապետները հերքեցին, բայց փաստը մնում է փաստ, որ լրագրողները նույնիսկ դեմքով չեն ճանաչում Սուրեն Պապիկյանի ազգական Արթուր Պապիկյանին` ՔՊ-ական փոխքաղաքապետին։

ՏԻՄ արտահերթ ընտրությունների մասին առայժմ խոսելը վաղ է, բայց ՔՊ խմբակցության ղեկավարն է ասում, որ ՔՊ-ն երբեք ընտրություններից չի խուսափում։