Երևան +18°
Մշակույթ Ներքին 4 ամիս առաջ - 13:15 10-12-2023

Եթե սևն ու սպիտակը իրենց տեղում լինեն, կարմիրը երբեք չի գա ու չի ծածկի. Լյուդվիգ Հարությունյան

Դեկտեմբերի 9-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ Լ․ Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» ներկայացման առաջնախաղը։ Ներկայացումն անցավ լեփ-լեցուն դահլիճում։



Բեմադրությունը թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանինն է, որ Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ երկար վերլուծումներից հետո հասկացան, որ թատրոնի խաղացանկում պակասում էր դասական հեղինակ, ինչի բացը լրացնելով էլ թատրոնի խաղացանկում առաջին անգամ Լևոն Շանթ է բեմադրվել․ «Վերջին շրջանում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնը անում էր բեմադրություններ հայ, ռուս և արտասահմանյան ժամանակակից հեղինակներով, և մենք ամեն տարի վերլուծում ենք՝ ինչ բացթողումներ ունենք, ինչն է պետք, ինչը պետք չէ։ Արդյունքում նկատեցինք ու հասկացանք, որ թատրոնի խաղացանկում բացակայում է դասական հեղինակ․ իսկ եթե դասական, կուզենամ, որ լինի հայ հեղինակ, ես էլ հայ հեղինակներից նախընտրեցի Լևոն Շանթին։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր թատրոնի համար մեծ պատիվ է իր խաղացանկում ունենալ Լևոն Շանթ․ առաջին հերթին՝ Լևոն Շանթի լեզվամտածողությունը կմտնի թատրոն և, ինչու ոչ, խաղացանկում կլինի։ Մենք չպիտի ապրենք ընկճված․ մենք պիտի հավատանք, պիտի ուժեղ լինենք ու հավատանք, որ կարող ենք։



Աննան գալիս է ասելու, որ մենք բոլորս կարող ենք․ Աննան մեզանից մեկն է, սևազգեստ կանանցից մեկն է։ Սևազգեստ կանայք պիտի սգան, փառք ու պատիվ բոլոր սևազգեստ կանանց, որոնց որդիները կորել են, չկան, պատերազմում են զոհվել։ Եվ առհասարակ՝ կորցրել են մարդիկ։ Սևազգեստ կանայք պիտի կռվեն կյանքի բարդությունների հետ, որովհետև հայ ազգը երբեք չպետք է մեջքը ծռի՝ միշտ պիտի կարողանա ամուր լինել, ուժեղ լինել։ Մենք միշտ կմնանք կարմրի մեջ, եթե մենք չուղղվենք, մենք ինքներս չվերանայենք մեզ։ Սևն ու սպիտակը միշտ պիտի բախվեն իրար, հետո՝ իրար հետ զուգահեռ պիտի ընթանան։ Բայց ամենավտանգավորը կարմիրն է։ Եթե սևը իր տեղում լինի, ու սպիտակն իր տեղում լինի, կարմիրը երբեք չի գա ու չի ծածկի։ Շատերը գուցե չընկալեն, բայց ես որոշեցի արյան ծովով ավարտել, որովհետև մենք պիտի վերանայենք մեզ ու հասկանանք՝ որտեղ է մեր սխալը, որ մենք այդ արյան մեջ չապրենք»։



Ներկայացման գլխավոր կերպարը բերդի տիրուհի Աննան է, որ երդվում է վրեժ լուծել և սպանել Քեսունի Վասիլ իշխանին, որը, ցանկանալով ընդարձակել իր իշխանության սահմանները, գրավել էր հերթական բերդը՝ սպանելով բերդի տիրոջն ու նրա երկու որդիներին։ Բերդի տիրուհի Աննան ստեղծում է այնպիսի իրավիճակ, որ Վասիլն ինքն է իր ձեռքով սպանի իր երկու զավակներին։



Աննայի կերպարը կերտում է երիտասարդ դերասանուհի Ջեմմա Ադամյանը, որ Oragir.News-ի հետ զրույցում ասաց՝ կերպարը մարմնավորելը մարտահրավեր էր իրեն, քանի որ նման ծավալի կերպար դեռևս չէր մարմնավորել․ «Ներկայացման ծանրությունը գրեթե միշտ հավասարապես կիսվել է հերոսների մեջ, իսկ այս դեպքում ինձ համար մի փոքր ավելի ծանր բաժին էր հասել։ Շատ հետաքրքիր էր պրոցեսը, շատ սահուն էր ընթացքը։ Չնկատեցի նույնիսկ, թե երբ կերպարը բռնեց ինձ, երբ ես բռնեցի կերպարին։ Ամեն ինչ շատ սիրուն ընթացավ։ Առհասարակ դրան նպաստում է նաև մթնոլորտը թե՛ թատրոնի, թե՛ կոլեգաների, թե՛ ավագ ընկերների։ Վստահ եմ, որ հանդիպում է իմ կերպարը մեր հասարակության մեջ։ Բացի այդ՝ կուզեմ, որ էլ ավելի շատ հանդիպի, որովհետև տվյալ իրականության մեջ, որտեղ մենք ապրում ենք, բազմիցս եմ ասել, որ վրեժը այդքան էլ դրական էմոցիա ու զգացողություն չէ, բայց իսկապես պետք է վրեժի ծարավը։ Արդարացված վրեժի մասին է խոսքը, ոչ թե էմոցիոնալ պոռթկումների՝ ինչ-որ էմոցիոնալ հիմքի վրա ստեղծված։ Վստահ եմ, որ բոլորը ներկայացման մեջ կգտնեն մի մեխ, որից կկարողանան կախել իրենց վրեժը»։

Մանրամասները՝ տեսանյութում։











Ամենից շատ դիտված