Արցախցիների կյանքի դաժան պատմությունների շարքն օր օրի խտանում է՝ պակասելու փոխարեն։ Հերթական դաժան կյանքի պատմությունը, որն
Oragir.News-ին պատմել է արցախցի 61 ամյա Արևիկ Գաբրիելայնը, ներկայացնում ենք ընթերցողի դատին։
Արևիկ Գաբրիելյանի տառապանքի թելը ձգվում է արդեն շուրջ վեց տարի, երբ մահացավ նախ հարսը՝ թողնելով նորածնին ու երեք փոքրիկներին, ապա՝ ամիսներ հետո՝ մահացավ քաղցկեղով հիվանդ որդին՝ երեխաներին թողնելով տատիկի խնամքին։
«Մի կերպ հարմարվել էինք երեխաներիս կորստին, փոքրիկներիս համար արդեն վեց տարի է՝ նախ մայր ու հայր եմ, հետո՝ տատիկ»,- ասում է տիկին Արևիկը՝ վերհիշելով սեպտեմբերի 19-ի ահասարսուռ տեսարանները, որով ստիպված եղավ անցնել երեխաների հետ։
«Մեր տունը Իվանյանում էր։ Երբ կռիվը սկսվեց, երեխաների մի մասը դպրոցում էին։ 13 , 11, 9 և 6 տարեկան փոքրիկներիս մի կերպ հավաքեցի ու տեղափոխեցի նկուղ։ Նկուղում այնքա՜ն խոնավ էր, մյուս կողմից էլ առնետներն էին վխտում։ Երեխաներս ռումբերի պայթյուններից այնքան չէին վախացել, ինչքան այդ առնետների վախից կուչ էին եկել ու լացում։ Ձագերիս հավաքեցի ու գնացի տուն՝ մտածելով՝ ինչ լինելու է՝ թող լինի մեր տանը»,- պատմում է տիկին Արևիկը, ով երեխաների ու հաշմանդամ ամուսնու հետ սեպտեմբերի 26-ին մի կերպ կարողացել է դուրս գալ Արցախից։
Ցավոք, տիկին Արևիկի խնդիրները Հայաստան հասնելով ավելի են խորացել։ Ասում է՝ թվում է, թե երեխաներին կորցրած, բլոկադա ու չորս պատերազմ հաղթահարած կնոջ համար այլև ոչինչ անհաղթահարելի չի կարող լինել, բայց՝ ոչ՝ կա, դա այսօրվա այն իրավիճակն է, որում հայտնվել է ընտանիքս։

«Երկու ամիս է՝ այստեղ ենք, բայց դեռ հիմնական մնալու վայր չենք կարողանում գտնել։ Սկզբից հաստատվեցինք մի գյուղում, հետո տեղափոխվեցինք Մարտունի, երեխաներս վերջապես սկսեցին դպրոց հաճախել, բայց տանտերն ասաց, որ իր բնակարանը վաճառում է և պետք է ազատենք։ Վերջապես մի տուն ենք գտել Գյումրիում ու տեղափոխվել, բայց թե ինչպես կտանք տան վարձը, ու ինչքան կկարողանանք ձգել, դժվարանում եմ ասել»,- սրտնեղած է տիկին Արևիկը, ում փխրուն ուսերին այսօր չորս անչափահասների ու հաշմանդամ ամուսնու ապրուստը հոգալու ծանր պարտավորությունն է։ Աշխատանք է փնտրում տիկին Արևիկը, միաժամանակ խնդրում բարի մարդկանց՝ օգնել իր որբուկներին՝ մեծացնելու։

Ընտանիքին օգնելու համար կարող եք զանգահարել 077-39-58-49 հեռախոսահամարով։