Այսօր՝ նոյեմբերի 29-ին, հայտնի գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի ծննդյան 75-ամյակն է, ինչի առիթով էլ
Oragir.News-ը զրուցել է նրա հետ։
- Ստեղծագործո՞ւմ եք հիմա։ Եթե այո, ինչպե՞ս եք կարողանում։ - Գրողն անգործ չի կարող մնալ՝ անկախ նրանից՝ իշխանություններն ինչ վերաբերմունք ունեն իր հանդեպ, կամ էլ՝ ինքն իշխանությունների։ Ես գրում եմ։ Առաջիկայում երկու գիրք եմ հրատարակելու՝ «Կարմիր քամի», որ հիվանդության անուն է, իսկ մյուսն էլ մեր ժողովրդին է վերաբերում և կոչվում է «Քար ծամող ժամանակը»։ Սրանք պատրաստ են։ Աստված կյանք տա, առաջիկայում կհրատարակեմ։ Գրում եմ ամեն օր՝ գիշերներն եմ գրում, ցերեկներն եմ քնում։ Ես գիշերածին եմ․ իմ ակտիվությունը գիշերն է բարձրանում, բուի բնավորություն է։
- Աղետի ժամանակ ինչպե՞ս էիք գրում։ Ինչի՞ մասին էիք գրում։ - Սարսափելի էր, անգամ հեռուստատեսությամբ եմ ասել։ Սարսափելի է։ Գրում էի, որ զարմացած եմ, որ հայրենիք ենք կորցնում և ոչ ոք ինքնասպան չի լինում։ Ինքնասպանության մասին էի մտածում։ Բայց նաև չի կարելի ասել, որ գրում էի․ դա սևագրություն է, ինչ որ անում եմ, օրագրի պես բան է։ Այս օրերին չեմ կարողանում գրել։ Այն երկու գրքերն էլ արդեն պատրաստ էին, մինչև 100 հազարավոր մարդկանց մահախուճապ փախուստը Արցախից։ Դրանից հետո չեմ կարողանում գրել։ Այդպես։
- Որտե՞ղ սխալվեցինք։ Ո՞րն էր մեր սխալը, որ այսպիսի ավարտ եղավ։ -Ընդհանրապես մեր ժողովուրդը մի տարօրինակ բնավորություն ունի, շատ տարօրինակ։ Մենք մեր ունեցածը չենք սիրում։ Մենք մեր չունեցածն ենք սիրում։ Մենք մեր կորուստն ենք սիրում։ Երնժբ կորուստը կարողանում ենք ետ բերել, անմիջապես մոռանում ենք և մի ուրիշ բան ենք փնտրում։ Զարմանալի վատ հատկանիշ է։ Եթե սեփական ունեցածը չես կարողանում գնահատել ու սիրել և անընդհատ մտածում ես չունեցածի մասին, հետո մոռանում ես դրա մասին մտածել։ Այսօր Արարատ լեռն անգամ խանգարում է նիկոլներին։ Այսօր մեր երազելու ընդունակությունն անգամ ջնջվել է։ Հիմա թմրած ժողովուրդ ենք։ Սա, իհարկե, ժամանակավոր է։ Կանցնի։ Խնդիրը դա չէ։ Բայց հիմա այս էտապն է։ Այսօր երազանք չունի ժողովուրդը․ տարօրինակորեն հաշտվել է կորուստների հետ ու․․․ Ինչևէ։
- Ո՞րն է այս իրավիճակում ազգի «բուժումը»։ -Իշխանական խմբակը պիտի հեռանա։ Պետք է նոր իշխանություն ունենանք, որ պետք է կարգավորի այս ամենը։ Շատ հարցեր ու ստորագրություններ կան, որ պիտի չեղյալ համարվեն։ Սուտ է, որ դրանից հետո կարող է պատերազմ սկսվել․ պատերազմը հիմա է։ Սա շատ ավելի մեծ պատերազմ է, եթե իրականում պատերազմ լիներ։ Շատ հրաշալի տղաներ կան, որ ո՛չ պապ են սպանել, ո՛չ տերտեր, որ մաքուր կենսագրություն ունեն։ Իրենք հրաշալի տղաներ են, բայց ո՞ւր են նրանց։ Պիտի միավորվեն ու գան ասպարեզ։ Ինչպե՞ս կարող ենք մենք մեզ հարգել, երբ մեր Արցախի նախագահները՝ Ռուբեն Վարդանյանի պես հրաշալի նախագահի գլխավորությամբ գտնվում են Բաքվի բանտերում, իսկ մենք անտարբեր նստում, սուրճ ենք խմում, սրճարաններում խոսում ենք դեսից-դենից, մեր բոլոր հեռուստատեսությունները «տաշի-տուշի» են անում ամբողջ օրը։ Ինչպե՞ս կարելի է։ Երբ պարսիկները հայոց թագավորների աճյունները քանդեցին ու ոսկորները տարան, Վահան Մամիկոնյանը հասավ հետևներից, կոտորեց և ոսկորները բերեց, Աղձքում՝ արքայական թանգարանում, թաղեց։ Հիմա սա ի՞նչ է նշանակում։ Այս ընթացքում գրել հնարավոր չէ։ Արցախյան վերջին իրավիճակից հետո չեմ կարող գրել։ Չեմ կարողանում նաև քնել գիշերները, ամբողջ գիշեր ման եմ գալիս։ Ե՞րբ նորից կկարողանաք գրել։ Երբ կարողանամ։ Ես վստահ եմ, որ բոլորը հիմա վախենում են Արցախ, հայրենիք, հայրենասիրություն բառերն օգտագործել այլևս։ Դասագրքերը փոխվում են։ Տարօրինակ բան է կատարվում։ Արարատը զինանշանի վրա է խանգարում։ Այս ամեն ինչը պիտի վերանա։ Պիտի կարողանանք մեր երազելու ունակությունը վերականգնել։ Ես Սարդարապատի մասին, երևի, վեպ գրեմ։ Զարմանալի բան է՝ Սարդարապատի մասին վեպ չկա, գիրք չկա։ Արարատի մասին ինչ փոքր-մոքր գիրք, գրքույկներ ասես կա։ Չեմ հասկանում՝ ինչու։ Սարդարապատի բոլոր հերոսներին խորհրդային շրջանում մի շան որդի կացնահարեց Էջմիածնում։ Անհասկանալի է նույնիսկ։ Վերջերս եմ նկատել։ Մեզ Սարդարապատի պես մի բան է պետք․ հիմա պետք է մեր արժանապատվությունը վերականգնել։ Այսպես խեղճ ու կրակ, գետնաքարշ ապրել չի կարելի։ Գետնաքարշ մարդը չի կարող գրող լինել, պիտի կարողանաս ոտքի կանգնել, որ գրես։
- Ի՞նչ կմաղթեք ինքներդ Ձեզ։ Աստծուն շնորհակալ եմ, որ կյանք է տվել․ շատ գեղեցիկ բաներ եմ տեսել՝ մի կնոջից 4 զավակ, 11 թոռ ունեմ․ հուսամ՝ էլի թոռներս կշատանան։ Աստծուն խնդրում եմ՝ օգնի, որ մեր ժողովուրդը սթափվի, թափ տա իրեն, և գնանք առաջ, որովհետև ես չեմ համակերպվում այն մտքի հետ, որ մենք Արցախ ենք կորցրել։ Արցախը պիտի վերականգել, պիտի խելք հավաքել։ Խեղճը ինչպե՞ս կարող է խաղաղություն պարտադրել տարածաշրջանին։ Ճնշվածն ինչպե՞ս կարող է պարտված ղեկավարել հաղթողներին, ինչպե՞ս կարող են պարտվածները դատել հաղթողներին։ Ինչպե՞ս կարելի է։ Սա պատմության մեջ չեղած բան է, ինչ տեղի է ունենում Հայաստանում։ Այս ամեն ինչից պիտի ձերբազատվել։ Աստված մեծ է։ Միայն թե այս խմբակը հեռանա։ Ամուր եղեք։ Աստված՝ առաջ։