Երևան +15°
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 12:40 29-11-2023

Փլատակների տակից հանեցին տատիկի ու 9-ամյա Արեգի մարմինները՝ իրար գրկած․ արցախցի

«Մարտակերտ-Ստեփանակերտ դրախտային ճանապարհը, երբեք այդքան դժոխային տեսք չէր ունեցել: Ավտոմեքենայի քար լռությունը կոտրվեց հեռախոսազանգով: Մայրս պատասխանեց, պապիկս էր․ սկզբից ուրախացանք, որ զանգ է եկել, նորություն կիմանանք, բայց երանի չիմանայինք նման նորություն․․․ Մորաքրոջս 9-ամյա որդին՝ Արեգը, դաժան պատերազմի անմեղ զոհը դարձավ»,- Oragir.News-ի հետ զրուցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Անժելա Շահանցը։

«Երբ պատերազմը նոր էր սկսվել, մարմնով փոքրիկ, բայց մտածելակերպով բավականին հասուն հրեշտակս, վազել ու համբուրել էր եկեղեցու բակի խաչքարը, խնդրել էր Աստծուն, որ պատերազմը շուտ ավարտվի: Հետո, մորաքույրս երեք երեխաների հետ գնացել էին սկեսրոջ տուն՝ Հոռաթաղ: 9-ամյա Արեգս շուտ քնելու սովորություն ուներ, խնդրեց մայրիկին՝ գնալ նկուղային հատվածի կողքի սենյակ, որպեսզի քնի: Գնաց պառկեց ու քնեց, տատիկն էլ երեխային մենակ չթողնելու համար գնաց Արեգի մոտ, գրկեց նրան ու քնեց: Նրանք քնած էին, երբ հռթիռակոծվեց Հոռաթաղը։ Արկը ընկավ հեց այն տան վրա, որի նկուղային մասում պատսպարվել էին հարազատներս: Մինչև հասկացան ինչ է կատարվում, շտապեցին փլատակների տակից հանել Արեգիս ու տատիկին, բայց արդեն ուշ էր … Տատիկն ու թոռնիկն իրար գրկած մահացել էին։

Գիտե՞ք, Արեգիս խնդրանքը կատարվեց, պատերազմը ավարտվեց, բայց միայն նրա համար: Նա դարձավ հավերժ քնած մեր հրեշտակը: Տատ ու թոռ մնացին հավերժ իրար գրկած: Մորաքույրս հիշում է, որ Արեգս հաճախ ասում էր, որ մայրիկը գերազանցիկության համար նկար մեծացնի, որ ցուցատախտակին փակցնեն, այդ մի հորդորն էլ կատարվեց, բայց նկարը գերազանցիկության ցուցատախտակի վրա տեսնելու ու հպարտանալու փոխարեն այսօր Արեգիս նկարը տեսնում ենք սեղանին դրված անմեղ հայացքով ու խոսուն աչքերով»:


Անժելան ասում է, որ այս գույժից հետո նույնիսկ չի հիշում, թե ինչպես ենք հասել Ստեփանակերտ:

«Բարեկամներով բնակվում էինք իմ վարձով տանը, որը վարձակալել էինք ինձ համար՝ ուսման նպատակով: Մեր հարազատները ՝ հայրս, նշանածս, մորաքրոջս ամուսինը և շատերը մնացել էին Մարտակերտում: Մենք նույնիսկ չկարողացանք վերջին հրաժեշտը տալ Արեգիս: Հայրն էր որդու կողքին, մայրը չկարողացավ ներկա գտնվել հուղարկավորությանը: Մենք մինչև վերջին պահն էլ հույս ունեինք, որ կկարողանանք դին գոնե մինչև Ստեփանակերտ հասցնել, բայց թույլ չտվեցին: Մի քանի օր անորոշությունից խեղդվելով սպասում էինք, որ գոնե մարտակերցիները կարողնան հասնել մեզ: Վերամիավորվեցինք ընտանիքներով, միայն մորաքրոջս ընտանիքն էր կիսատ, ու այդ կիսատությունը մեզ էլ չէր թողնում ամբողջական լինել ու մինչ օրս էլ այդպես է»,- ասում է մեր զրուցակիցը՝ ցավով հիշելով այն պահը, որ պիտի լքեին Ստեփանակերտը, որ առանց Արեգիի պիտի հատեին դժողքի ճանապարհը։

«Հեռացանք Արցախից՝ Արցախը մեզ հետ տանելով: Ես Արցախում եմ թողել իմ կյանքի լավագույն տարիները, հայրենիքս, ինձ, եղբորս ու այդ հողի համար զոհված բոլոր տղաներին: Այնքան դժվար է մտովի քայլելը… Մտապատկերիս մեջ հայրենիքիս ճանապարհները միանգամից փշրվում են, բայց ես դեռ քայլում եմ…»։