Երևան +17°
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 15:42 27-11-2023

ՀՀ-ում կանանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են. մեկնարկել է իրազեկման արշավ

Հայաստանում մեկնարկել է «Ակտիվության 16-օրյակ՝ ընդդեմ գենդերային բռնության» խորագրով արշավ, որի ընթացում տարբեր միջոցառումների շրջանակում իրականացվելու են իրազեկման աշխատանքներ։ Ոլորտի մասնագետները, պատասխանատու կառույցների ներկայացուցիչները կարծում են, որ խնդրի վերաբերյալ հասարակության շրջանում իրազեկման լուրջ աշխատանքների անհրաժեշտություն կա։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեպքերի թիվը գնալով աճում է։

Այս մասին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը։

«Նախարարությունը դեռևս 2020 թվականին ավելացրել է ընտանիքում բռնության ենթարկվածներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը։ Երևանում, Հայաստանի բոլոր մարզերում գործում են ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցման կենտրոններ։ Ահա այդ կենտրոններ դիմելիությունը նկատելի աճել է։ 2020 թվականից սկսած եթե մենք ունենում էինք 1000-1300 դեպք, ապա միայն այս տարվա 10 ամիսների դրությամբ արդեն ունենք 1600 դեպք։ Սա խոսում է այն մասին, որ դիմելիությունն է ավելացել, այսինքն՝ մարդիկ վստահելի կառույցներ են համարում»,-ասաց Սոֆի Բոստանչյանը։

Նախարարությունը, բացի աջակցության կենտրոնի ծրագրերից, համաֆինանսավորում է նաև ապաստանի ծառայությունը։ Ընտանիքում բռնության ենթարկված կանայք և աղջիկները կարող են այն դիտարկել որպես ապահով կացարան և 6-12 ամիս բնակվել այնտեղ ու ստանալ աջակցություն։ Դրանից բացի, պետությունը տրամադրում է նաև միանվագ դրամական աջակցություն։

Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ծրագրի ավագ պատասխանատու Լիանա Ամիրբեկյանը կարևորեց այդ ոլորտում աշխատող մասնագետների վերապատրաստման գործընթացը։ Նրա խոսքով՝ այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են ամբողջ տարվա ընթացքում, իսկ 16-օրյա արշավը խնդրի մասին ավելի շատ խոսելու, համախմբվելու, ռեսուրսները մեկտեղելու լավ առիթ է։

«Այն մասնագետները, որոնք առնչվում են ընտանեկան բռնության դեպքերի հետ, շատ կարևոր է նրանց գիտելիքների մակարդակը բարձրացնելը։ Մեծ աշխատանք է տարվում ոստիկանության աշխատողների վերապատրաստման ուղղությամբ։ Ոստիկանությունն անցնում է վերափոխման փուլ և շուտով մեծ թվով համայնքային ոստիկաներն են արձագանքելու դեպքերին և այստեղ է վերապատրաստման ուղղությամբ բավական աշխատանք կա կատարելու»,-ասաց Լիանա Ամիրբեկյանն՝ ավելացնելով, որ մասնագետների համար հասանելի են նաև առցանց դասընթացները։

Ոստիկանների աշխատանքում դրական փոփոխությունն ընդգծեց «Ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիա»-ի անդամ Անահիտ Գևորգյանը։ Նրա խոսքով՝ վերապատրաստումները նպաստեցին, որ ոստիկանների հետ կարողանան համագործակցային աշխատել։

«Ուզում եմ ընդգծել ոստիկանների վերաբերմունքի խիստ կտրուկ փոփոխությունն այս երևույթի հանդեպ։ Եթե նախկինում շատ արհամարհական վերաբերմունք էր, մեղադրում էին կնոջը, հիմա ուղիղ հակառակն է։ Նրանք պաշտպանում են կնոջը և իրենց միջոցառումներով օգնում են»,-ասաց Անահիտ Գևորգյանը։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանի խոսքով՝ կարևորագույն նպատակներից է իրազեկումը։ Ընդհանուր աշխատանքին վերջին տարիներին ակտիվ միացել է պետությունը, ինչպես նաև այլ կազմակերպություններ, որոնք այդքան էլ կանանց իրավունքների ոլորտում չեն աշխատում, բայց կարևորում են խնդրի մասին բարձրաձայնելը։

«Եկար տարիներ մեր հասարակության շրջանում համարվում էր, որ մեզանում նման խնդիր չկա, եզակի դեպքեր են, այդպիսի բան տեղի չի ունենում։ Այնինչ՝ վիճակագրությունն այլ բանի մասին է խոսում։ Ասեմ, որ մեր կոալիցիան իր փաստահավաք գործունեությամբ մշտադիտարկում է կանանց սպանության դեպքեր։ Հայաստանում տարեկան արձանագրվում է կանանց մինչև 10 սպանության դեպք»,-ասաց նա։

ՄԱԿ Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գենդերային ծրագրերի ղեկավար Լուսինե Սարգսյանը նշեց, որ փորձում են արձագանքել բռնության պատճառներին և հիմքերին, որպեսզի նաև կանխարգելման ուղղությամբ աշխատանքները լիարժեք լինեն։

«Եվ հիմնականում կանանց նկատմամբ բռնության ու բռնության արդարացումների պատճառ է դառնում խտրականությունը։ Մեր ծրագրերով փորձում ենք ներկայացնել այն իրական արժեքները, որ մենք ունեցել ենք դեռ շատ վաղուց՝ օրենսդրություն, որտեղ ամրագրվել են կանանց իրավունքները, կին պատգամավորներ, Հայաստանն առաջին կին դեսպանն է ունեցել, երբ ամբողջ աշխարհում կանայք դեռ դիվանագիտական աշխատանք չէին կատարում։ Այսինքն՝ խտրական վարվելակերպի խնդրի հետ կապված Հայաստանը միշտ առաջ է եղել։ Մենք փորձում ենք այս 16-օրյակն օգտագործել՝ ներկայացնելով, թե որքան լավ արժեքներ ենք ունեցել հավասարության տեսանկյունից»,-ասաց Լուսինե Սարգսյանը։

Մասնագետները պնդում են, որ կանանց նկատմամբ բռնության խնդրին անդրադառնալը միայն մեկ կամ երկու գերատեսչության անելիքը չէ։ Հասարակության բոլոր շերտերը պետք է արձագանքեն՝ ցուցաբերելով զրո հանդուրժողականություն նման դեպքերին։

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին

Ձեզ գուցե հետաքրքրի