Երևան +14°
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 22:38 25-11-2023

Նպատակ է եղել, որ գրքի մեջ բացակայի քրիստոնեության հետ կապված որևէ տեսողական նյութ․ Հայկ Դեմոյան

Ինչպես նշել էինք պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը պատրաստվում է հայցադիմում ներկայացնել ընդդեմ նախարարության:

Oragir.News-ը փորձեց պարզել՝ ինչ փուլում է գտնվում ներկայացվող հայցադիմումը:

«Ամենակարևորը՝ լինի ընդհանուր մոտեցում․ այսինքն՝ մեկ բան է՝ ես հայցադիմում ներկայացնեմ իմ գրածների հիման վրա, որի համար ես պատասխան եմ տալիս, և ես վստահ եմ, որ ես ճիշտ բան եմ անում՝ որպես անհատ։ Բայց ես կարծում եմ՝ այստեղ կոլեգիալ մոտեցում է պետք և այստեղ բավական լավ ցուցիչ կլինի՝ ովքեր կգնան մինչև վերջ․ այստեղ երկրի համար կարևոր հարց է, որի համար ամենաբարձր մակարդակով մեզ առաջարկում են համակերպվել, նախարարի շուրթերով՝ յոլլա գնալ տարբերակով․ ունենք այն, ինչ ունենք․ մոտավորապես այսպիսի մի բանաձև է մեջտեղ բերվում։

Ունենք նաև խայտառակ շահերի բախման դրսևորումներ, որով փորձում են հարթակ տալ արդարանալու, հիմնավորելու սխալները հեղինակի, բայց մարդիկ, որոնք քննադատում են, եթերի իրավունք չեն ստանում։
Կարծիք կա գրախոսական պատրաստել, որից հետո որոշենք անելիքները արդեն այդ ուղղությամբ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հայկ Դեմոյանը։

Նրան նաև հարցրինք, թե ինչ կարծիք ունի դասագրքի շապիկի վերաբերալ, որի հեղինակը Տիրան Մարությանն է, իսկ 3D մոդելավորման հեղինակը՝ Ռուբեն Սարգսյանը։

«Չեմ ուզում՝ իմ խոսքը հերթական անգամ Մարությանի ազգականի ուղղությամբ չգնա․ գիտեք՝ Հարություն Մարությանը ինչով է հայտնի դարձել և շատ շուտով ավելի հայտնի կդառնա․ փակագծեր չեմ բացի։ Կազմի նկարը ընտրության հարց է․ ես ճարտարապետ-վերականգնող չեմ։ Սակայն եկեղեցու վերականգնման հետ կապված՝ շատ վերապահումներ ունեմ․ շատ անբնական է արված հայկական ճարտարապետական լուծումների տեսանկյունից։ Ինձ համար՝ որպես ոչ մասնագետի՝ պատմաբանի՝ կարող եմ ընդամենը այսպիսի գնահատական տալ։ Այստեղ ուրիշ հարց կա, որին մենք դեռևս չենք անդրադարձել, որովհետև մտածողների կողմից կազմի վրա երևի թե նպատակ է եղել քրիստոնեություն-հեթանոսություն համադրություն ստեղծել, և որպեսզի գրքի բովանդակության մեջ բացակայի քրիստոնեության հետ կապված որևէ այլ տեսողական նյութ․ դա ակնհայտ է, որովհետև այնտեղ չկա որևէ քրիստոնեական սրբություն։

Սա նաև ՀԵՊ առարկայի դեմ պայքարող շրջանակն է։ Հայկական տաճարների ճարտարապետական վերլուծությունը երեխաներին կարող էր շատ հետաքրիր լինել։ Նույն ժամանակաշրջանի մեջ հայտնվում են նաև հայկական գմբեթավոր եկեղեցիները, որոնց լուսանկարները կարելի էր դնել այդ խայտառակ լուսանկարների փոխարեն, մեր ճարտարապետության մշակույթի հիմնատառերը տալ։ Ես սա դիտում եմ՝ որպես կոմպենսացիա՝ բացակաների փոխարեն»,- իր խոսքը եզրափակեց Հայկ Դեմոյանը։