copy image url
Մշակույթ 5 ամիս առաջ - 23:50 24-11-2023

Վառ մարդ էր․ լավ քեֆ անել գիտեր․ Նելլի Խերանյանը՝ Վարդուհի Վարդերեսյանի մասին

Նոյեմբերի 24-ը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանի հիշատակի օրն է։

Հայ թատրոնի նվիրյալի մասին Oragir.News-ի հետ զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ Նելլի Խերանյանը՝ վերհիշելով դերասանուհու հետ առաջին հանդիպման, խստապահանջության և նաև թերությունների մասին։

«Ես կարծում եմ՝ տիկին Վարդուհուն ես չէ, որ պիտի բնութագրեմ՝ որպես արվեստագետի․ ամեն ինչ ասված է համենայն դեպս բոլոր նրանց համար, ովքեր տեսել են իրեն բեմում, ինչու ոչ՝ էկրանին, իսկ ովքեր չեն տեսել, ընդամենը պիտի իմանան, որ հայ մեծ դերասանուհի է եղել, որից կարելի էր անվերջ սովորել։ Իր հետ կապված շատ-շատ պատմություններ կան։ Հիմա, սակայն, որևէ մեկը չեմ վերհիշում, բայց նա խիստ էր, հաճախ կոմպրոմիսի չէր գնում, իր կոլեգաների հետ կարող էր երբեմն բարի չլինել, սակայն սա բոլորովին կապ չուներ․ ինքը, միևնույն է, գնահատում էր այն, ինչ բարձրարվեստ էր, պրոֆեսիոնալ և տաղանդավոր մարդկանց սիրում էր։ Իմ ընդհանրապես առաջին դերը տիկին Վարդուհու հետ է եղել հեռուստաթատրոնում։ Ինձ համար հեքիաթային էր․ ինչ-որ տեղից ընկել էի այնտեղ, որտեղ տիկին Վարդուհին էր։ Շատ փոքր եմ եղել․ 17 տարեկան էի, առաջին կուրս, որևէ զգացողություն չեմ ունեցել։ Չեմ գիտակցել, թե ում հետ եմ եղել նույն բեմում։ Առաջին հանդիպումը շատ ջերմ է եղել․ ես որևէ բան չեմ զգացել։ Ինքը աշխատել է ինձ հետ, ինչպես կաշխատեր պրոֆեսիոնալի հետ, և դա էր իր պրոֆեսիոնալիզմը։ Սկսել եմ գիտակցել, որ մեծ դերասանուհի է, երբ արդեն միասին էինք թատրոնի բեմում։ Դա մի մեծ բեմ էր։ Պետք էր հետևել, թե նա ինչպես էր աշխատում։ Մակարդակ։ Պրոֆեսիոնալիզմ։ Միայն պրոֆեսիոնալները կարող են ասել, թե դա որ կետն էր պրոֆեսիոնալիզմի, որտեղ տեխնիկան կարող էր հանդիպել վերապրման դպրոցին, որը կդառնար հրավառություն։ Շատ խստապահանջ կին էր իր հարազատների նկատմամբ։ Ջերմ կարող էր լինել և շատ խիստ, բայց դա մեծերի հատկություն է։ Դա լավ է․ դա իր արդյունքը տալիս է»։

Դերասանուհին նաև ասաց, որ Վարդուհի Վարդերեսյանը դերասանների տարրական կանոններից էր խոսում, որոնք, թեպետ զգում ես սեփական փորձով, բայց դա լսել մասնագետից՝ այլ բան է․ «Պարտադիր և պրիմիտիվ պայմաններ կան․ եթե ներկայացում ունես, այդ օրը շատ քիչ է պետք ուտել։ Ես դա սեփական փորձից էլ էի հասկացել․ բայց իր խորհուրդը մեծագույն դաս է եղել։ Եթե դու վաղը ներկայացում ունես, դա նշանակում է՝ դու ամեն ինչից պիտի հրաժարվես և մի օր առաջ շատ շուտ պառկես քնելու, որովհետև ավելի կարևոր բան չկա աշխարհում, քան այն, որ դու վաղը ներկայացում ունես։ Եվ, իհարկե, ընտանեկան կյանքից շատ խորհուրդներ, որոնք հիմա չէի ուզի բարձրաձայնել, որովհետև դրանք շատ նուրբ ու տաքուկ խորհուրդներ են, որոնք վերաբերում են ընտանիքին։ Իր ամուսինը ևս արվեստագետ էր, բայց ոչ բեմի մարդ։ Նա գիտեր հիասքանչ ռեցեպտներ երկու արվեստագետի համատեղ կյանքի մասին, որոնցով կիսվում էր։ Ընդհանրապես մեր ընտանիքի հանդեպ չափազանց ջերմ է եղել․ երբ իմ դուստրը ծնվել է, ինքը շատ ջերմ այցելություն է ունեցել մեր տուն, որովհետև նա կարծում էր, որ Բաբկենի երկրորդ թոռն է ծնվել, և ինքը պարտավոր է ներկա գտնվել, նվեր բերել՝ որպես հիշատակ։ Էլ չեմ ասում, որ Տիգրանի հանդեպ առանձնահատուկ սեր է ունեցել․ իր որդու տեղ էր ընդունում։ Սակայն կնոջ իդեալ չէր։ Մեծերի հետ էր խաղացել և լավ հիշողություն ուներ, միշտ պատմում էր դրանց մասին, կիսվում էր։ Ուղղակի պետք էր նստել կողքը։ Ես, իմիջիայլոց, ասեմ, որ իրեն միշտ կրկնօրինակելիս լսում էի, որ ասում են՝ զգում եմ իրեն․ եթե դու մարդուն կրկօրինակում ես, պարտադիր պիտի զգաս ներքին աշխարհը։ Ես իրեն զգում էի, իր վերաբերմունքը մարդկանց հանդեպ, երիտասարդ աղջիկների, կանանց հանդեպ։ Դա շատ յուրօրինակ էր։ Վկա եմ եղել մի առիթի, երբ մեր կոլեգաներից մեկին նկատողություն էր անում՝ շատ խիստ, ուղիղ։ Պարտադիր անում էր նկատողություն, չէր լռի երբեք։ Ներկայացումից հետո անպայման կասեր։ Մեկ ուրիշը գուցե լռեր, անցած լիներ։ Բայց նա՝ չէ, պարտադիր պիտի նշեր և հաջորդ անգամ պիտի հետևեր՝ այդ ռեպլիկը այդպե՞ս տրվեց, թե՞ ոչ, միզանսցենը այդպե՞ս արվեց, թե՞ չարվեց։ Վառ մարդ էր։ Լավ քեֆ անել գիտեր, լավ ուրախանալ գիտեր։ Ճանապարհի լավ ընկեր էր․ հյուրախաղերի շատ ենք եղել միասին։ Բայց նաև ասեմ, որ սխալ կարծիք չձևավորվի՝ շատ իդեալական կին չէր։ Շատ նորմալ կին էր, որը տիրապետում էր մասնագիտությանը։ Բայց նաև ուներ լիքը թերություններ, որ շատ լրացնում էին իր կերպարը»։

Հարցին՝ ինչպիսի զգացողություններ և ապրումներ կունենար Վարդուհի Վարդերեսյանը տիրող իրավիճակի մասին, դերասանուհին ասաց․ «Չգիտեմ։ Ես չեմ կարող իր փոխարեն ասել։ Չեմ ուզում իմ կարծիքն այնպես ներկայացնել, որ դա վերագրվի տիկին Վարդուհուն»։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան