Ուղիղ եթեր
Նիկոլ Փաշինյանը ձախողվել է․ այսօրվա իրավիճակը նման է 2020 թվականի պատերազմի նախերգանքին
copy image url

Նիկոլ Փաշինյանը ձախողվել է․ այսօրվա իրավիճակը նման է 2020 թվականի պատերազմի նախերգանքին

Արտաքին Ներքին Խոսք 1 տարի առաջ - 19:30 17-11-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո, երբ Արցախն ամբողջովին հայաթափվեց և անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, այդ երկրի իշխանությունները տարբեր պատրվակներով հրաժարվում են հատկապես արևմտյան հարթակներում անցկացվող բանակցություններին մասնակցելուց։ Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Վաշինգտոնում կայանալիք ԱԳ նախարարների հանդիպմանը, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 20-ին։

Սրան զուգահեռ Հայաստանի իշխանությունները բոյկոտում են Ռուսաստանի միջնորդությամբ անցկացվող բանակցությունները՝ նախապատվությունը տալով արևմտյան հարթակներին։ Պաշտոնական Երևանը հույս է հայտնում, որ հնարավոր կլինի մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրել, մինչդեռ Բաքվի գործողությունները լավատեսություն չեն ներշնչում։

Oragir.News-ի հետ զրույցում ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը նշեց, որ ադրբեջանական կողմը բանակցությունները վարում է այն հարթակում, որտեղից ակնկալիքներ ունի, և 100%-ով վստահ է, որ այդ ակնկալիքները կստանա։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը երկար ժամանակ է, ինչ այս արտաքին քաղաքականությունն է վարում, որը պարզ է հանրության գրագետ ու սթափ մտածող շրջանակների համար։

«Ակնհայտ է, որ Եվրոպական միության և առհասարակ Արևմուքի հետ վերջին երկու տարում Ադրբեջանի վարած բանակցությունները նպատակ ունեին Արցախը որպես այդպիսին ճանաչել Ադրբեջանի կազմում, Արցախն ամբողջովին օկուպացնել, և փաստացի սա տեղի ունեցավ։ Ադրբեջանական կողմը բազմիցս իր կեղծ քարոզչական թեզերով պնդում է, թե իբր ՄԱԿ-ը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, չորս բանաձև է ընդունել, որ իբր դա ադրբեջանական տարածք է, որն օկուպացվել է Հայաստանի կողմից, սակայն այնտեղ նման գրառումներ չկային, այդ բանաձևերը վերաբերում էին միայն զինված ուժերին և որևէ կերպ Հայաստանի անունը չէր շեշտվում »,- ասաց նա։

Դավթյանը շեշտում է, որ Բաքուն Արևմուտքից էր փորձելու Արցախը ստանալ, քանի որ հատկապես պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ սխալների հետևանքով Արևմուտքն ընդհանուր պատկերացում ուներ այն մասին, թե Արցախն ինչպես է լինելու Ադրբեջանի կազմում։ Նրա խոսքով՝ այդ բանակցությունները միտված էին այս նպատակին, որն էլ տեղի ունեցավ․ «Հետևաբար այստեղ մեծ դեր խաղաց Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, որն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, իսկ դա ստանալուց հետո արևմտյան հարթակը սպառվել էր Ադրբեջանի համար»։

Ադրբեջանագետի խոսքով՝ Բաքուն չի պատկերացնում, թե ինչպես կարելի է արևմտյան հարթակներում Հայաստանից նոր բան կորզել։Նա նշեց, որ խոսքը վերաբերում է «անկլավներին», «Զանգեզուրի միջանցքին» և սահմանազատման-սահմանագծման գործընթացին՝ այն հատվածներում, որտեղ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ-ի 200 քառակուսի կմ տարածքը։ «Ներկայումս Ադրբեջանը փորձում է այլ հարթակ փնտրել, որտեղ կարող է Հայաստանին մաքսիմալ ծնկի բերել»,- կարծում է նա։

Հարցին, թե հնարավո՞ր է Փաշինյանն ու Ալիևը երկուստեք ներքին պայմանավորվածություն ունեն, որպեսզի տապալեն բանակցությունները, նոր ռազմական գործողություններ հրահրեն, որոնք իրենց հերթին կբերեն նոր զիջումների, մեր զրուցակիցը պատասխանեց, որ այսօրվա իրավիճակը ուղիղ համեմատական է և նման է 2020 թվականի 44-օրյա պատերազմի նախերգանքին։ Նրա համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այնպիսի քաղաքականություն է վարում, որ ձախողում է արդեն իսկ եղած իրավիճակը, հետո փորձում է նոր ուղիներ փնտրել, իսկ այդ ուղիները բանակցությունները միշտ տանում են փակուղի, որից դուրս գալու միակ տարբերակը մնում է պատերազմը։ Նա նկատեց, որ այս համատեքստում ռազմական գործողություններ ասելը սխալ կլինի, քանի որ արդեն իսկ ունենք բավականին կորսված տարածքներ, վտանգի տակ է Հայաստանի ոչ միայն հարավը, այլ նաև Գեղարքունիքի և Տավուշի մարզերը և այլն։

Անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների այն հայտարարություններին, թե հետաքրքրված չեն «Զանգեզուրի միջանցքով», այն կարող է անցնել Իրանի տարածքով և այլն, մեր զրուցակիցը նշեց, որ նման հայտարարություններն արվում են ժամանակի բերումով։ Նա շեշտեց, որ իրանական կողմը զսպող հայտարարություններով է հանդես գալիս՝ վստահություն հայտնելով, որ փակ հանդիպումների ժամանակ ավելի կոշտ զգուշացումներով և հռետորաբանությամբ է հանդես գալիս, որի արդյունքում Ադրբեջանը չի ցանկանում այս պահին խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։

Դավթյանը նաև հավելեց, որ ամեն բան փոխվում է՝ կախված տվյալ պահին առկա իրավիճակից։ Նա կարծում է, որ եթե, օրինակ, 1 տարի հետո Հարավային Կովկասում Իրանի դիրքերը թուլանան, այդ երկրում ներհասարակական լուրջ պոռթկումներ լինեն, կամ ինչ-որ երկիր փորձի պատերազմել Իրանի դեմ, ապա Հայաստանն այլևս Իրանի համար առաջնահերթություն չի լինի։ «Պետք է հիշել, որ թուրքական կողմը երբեք չի հրաժարվել հայկական պետականությունը կործանելու մտադրությունից և ժամանակ առ ժամանակ տարբեր քաղաքական և ռազմական զարգացումների համատեքստում փորձում են ակտիվացնել իրենց պատմական թեզերը։ Այստեղ Զանգեզուրի միջանցքը միայն Ադրբեջանինը չէ, այստեղ ավելի մեծ դերակատարում ունի Թուրքիան, բայց հաշվի առնելով, որ Ադրբեջանը Թուրքիայի կամակատարն է, դա վերջինիս ձեռքով է կատարվում»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

00:03 Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին
16:45 Աննա Հակոբյանը դուրս է գալիս միջազգային ասպարեզ․ կրթվելու 30.000 դոլարը չի վճարելու, բայց ծախսեր լինելու են 
14:20 Նման բան չէի տեսել. Բյուրավանի բնակիչները շոկի մեջ են կարկուտի հետևանքներից
15:50 Մաշտոցի պողոտայում քաոս է․ առևտրականների ապրանքը խլած քաղաքապետարանի աշխատակիցը փախել է
16:52 Վարորդական վկայականները դարձրեք էլեկտրոնային, ամեն 10 տարին մեկ չփոխեն, լրացուցիչ ծախս չկատարեն
22:51 Նիկոլը զուգընկերուհու հետ այսօր զբաղված է հանրային գիտակցության «ամլացմամբ»՝ մատուցելով տեղեկատվական «ափիոնի» հերթական չափաբաժինը
19:58 Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով
17:35 Անձնակազմի մեծ մասն ազատման դիմում է գրել․ Պուշկինի դպրոցի պատասխանը՝ տնօրենի հեռացմանը
19:10 Ինձ 5 մլն տուգանել են, բայց 5 մլն երազում էլ տեսած չկամ, ո՞նց պիտի վճարեմ, տուն էլ չունեմ․ առևտրական
21:15 Մինչև 2018-ը մենք ամեն ազատագրած գյուղի համար տոն ունեինք. ազատամարտիկ