Ադրբեջանի իշխանությունները վերջին շրջանում ակտիվորեն շահերկում են Կովկասյան Ալբանիայի թեման՝ հիմնականում նպատակ ունենալով Արցախի հայկական մշակության ժառանգությունը վերագրել այդ ազգի ներկայացուցիչներին, իսկ հայերին՝ ներկայացնել որպես օկուպանտների և վանդալների, ովքեր տասնամյակներ շարունակ փորձել են յուրացնել այլ ազգի ժառանգությունը։ Ավստրիայում բնակվող հայագետ Ժասմին Դում-Թրագութը հեղինակել է «Կովկասյան Ալբանիա» աշխատությունը՝ նպատակ ունենալով ընթերցողներին չեզոք կերպով ներկայացնել Կովկասյան Ալբանիայի թեման՝ տարբեր տեսանկյուններից:
Oragir.News-ի հետ զրույցում հեղինակը նշել է, որ իրեն աջակցել է ոչ միայն գերմանացի պրոֆեսոր Յոստ Գիպերտը, այլ նաև միջազգայնորեն ճանաչում ունեցող փորձագետները.
-Ի՞նչ աղբյուրներից եք օգտվել՝ գիրքը գրելիս:-Սա ձեռնարկ է տարբեր թեմաներով և հոդվածներով, որոնք գրվել են տարբեր հեղինակների և մասնագետների կողմից։ Մեզանից յուրաքանչյուրն օգտվել է տարբեր լեզուներով գրված աղբյուրներից, ինչպես նաև կարևորվել է ձեռագրերը, արձանագրությունները, արխիվային տվյալները և սեփական հետազոտական աղբյուրները։ Գերմանացի գործընկերոջս՝ պրոֆեսոր Յոստ Գիպերտի հետ համատեղ հեղինակել եմ հայկական աղբյուրները Կովկասյան Ալբանիայի մասին աշխատությունը: Այս հոդվածի համար մենք համագործակցել ենք նաև հայտնի հայագետ Ժան Պիեռ Մահեի հետ և օգտվել նաև Զազա Ալեքսիձեի վերջին հրապարակումներից, ով արդեն մահացել է։
Իմ մյուս հոդվածը վերաբերում է Ալբանական և հայկական եկեղեցիների քրիստոնեական կողմնորոշմանը և Հայաստանի, Ալբանիայի և Վրաստանի տարածքներում 4-7-րդ դարերի աստվածաբանական զարգացումներին։ Հոդվածը հիմնված է հեղինակների տարբեր աղբյուրների վրա, որոնք գրվել են պարսկերեն, արաբերեն, եբրայերեն, վրացերեն, լատիներեն, հունարեն, ռուսերեն, թուրքերեն:
-Արդյոք ստացե՞լ եք աջակցություն Հայաստանից։-Ո՛չ, Հայաստանում ոչ ոք չի ցուցաբերել աջակցություն։
-Ձեր համոզմամբ՝ ո՞րն է գրքի կարևորությունը:-Կարծում եմ, որ առաջին հերթին կարևոր է, որ լինի ժամանակակից գիտական հրատարակություն, որն ընդգրկում է «կովկասյան ալբանական» աշխարհի բոլոր ասպեկտները՝ պատմությունը, լեզուն, ձեռագրերն ու արձանագրությունները, եկեղեցու պատմությունը, սոցիալական պատմությունը, հնէաբանությունը, ճարտարապետությունը,հուշարձաններ և այլն: Աշխատությանը մասնակցություն են ունեցել միջայզգայնորեն ճանաչում ունեցող գիտնականները, և սա կարևոր փաստ է, քանի որ այն տալիս է մանրամասն,ճշգրիտ և չեզոք տեղեկատվություն տարբեր թեմայների վերաբերյալ:
-Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել Կովկասյան Ալբանիա տերմինը։-Կովկասյան Ալբանիա տերմինի վերաբերյալ կան սխալ մեկնաբանություններ։ Հայաստանում Կովկասյան Ալբանիայի և նրա պատմության, լեզվի և եկեղեցու մասին գիտելիքները երբեմն սխալ են ընկալվում, և դրա մասին շատ քիչ գիտելիքներ կան: Գիրքն ընդհանուր առմամբ կնպաստի ավելի լավ գիտելիքներ ձեռք բերելուն, բայց նաև ցույց կտա, որ Կովկասյան Ալբանիայի հետ կապված դեռ շատ հետազոտություններ պետք է իրականացվեն:
-Ո՞րն էր ձեր ոգեշնչման աղբյուրը՝ այս գիրքը գրելու համար:-Դա ոգեշնչում չէր. բացարձակ կարիք կար այս ամենի մասին խոսելու։ 2021 թվականին Արցախի մշակութային ժառանգության պահպանության ավստրիական կոմիտեի կողմից նիստ է գումարվել, որտեղ բոլորս համաձայն էինք, որ Արցախում հայկական ժառանգությունը Ադրբեջանի կողմից չներկայացվի որպես ալբանական։ Ես առաջարկեցի իմ գործընկերներին, որ Կովկասյան Ալբանիայի մասին հատորը պետք է հրատապ հրատարակվի, մասնավորապես՝ Արևմուտքում, որպեսզի կապ հաստատեն բոլոր փորձագետների հետ:
Այս ամենից հետո ես սկսեցի գրել գիրքը, իսկ հետո սկսեցի գրել այն գործընկերներին, ովքեր արդեն աշխատել էին կամ աշխատում էին Կովկասյան Ալբանիայում: Հետո մենք հանդիպեցինք Zoom հարթակում իրականացվող օնլայն նիստերի ժամանակ և միասին քննարկեցինք, թե որ հոդվածներն էինք ուզում ունենալ ձեռնարկում, և ես իրականում շատ շնորհակալ եմ բոլորին, հատկապես Յոստ Գիպերտին։ Արդյունքում մեզ հաջողվեց համեմատաբար կարճ ժամանակում կազմել ձեռնարկը։
-Արդյոք ադրբեջանցիները ձեզ չե՞ն հետապնդում։ -Ո՛չ, սակայն որոշ խնդիրներ ունեի 2020 թվականի պատերազմի ժամանակ և դրանից հետո, երբ առցանց դասավանդում էի Արցախի պատմությունը և վեբ-սեմինարներ էի անցկացնում առկա իրավիճակի մասին։ Նույնիսկ 2022 թվականին Արցախի մշակութային ժառանգության մասին միջազգային մեծ համաժողով կազմակերպեցի Վիեննայում։ Որպես Ավստրիայի հայագետ ես սովոր եմ կռվել, լինել համառ և ունենալ նաև տհաճ փորձառություններ։
Աննա Ուդումյան