Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Սպորտ 5 ամիս առաջ - 20:18 09-11-2023

338 մլն 263 հազար դրամ՝ Երևանում բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության անցկացմանը

ՀՀ կառավարությունը 338 մլն 263 հազար դրամ կհատկացնի նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 5-ը Երևանում կայանալիք բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության կազմակերպման և անցկացման համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նոյեմբերի 9-ի նիստում գործադիրը հավանության է արժանացրել «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը:

Ըստ աղբյուրի՝ ֆինանսական անհրաժեշտ միջոցները կտրամադրվեն ԿԳՄՍ նախարարության այլ միջոցառումների տնտեսումներից՝ վերաբաշխման արդյունքում: Ըստ այդմ, որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանա:

Գումարը կուղղվի աշխարհի առաջնության հյուրընկալման անդամավճարի (Host Fdd) հատկացմանը և կազմակերպչական ծախսերի մասնակի կատարմանը: Մրցաշարին ակնկալվում է շուրջ 80 երկրի 600 բռնցքամարտիկների մասնակցություն: 15-16 տարեկան բռնցքամարտիկները կմրցեն տղաների և աղջիկների 13-ական քաշային կարգերում:

Նշվում է, որ Հայաստանը Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) կողմից 2023 թ. աշխարհի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքը ձեռք է բերել՝ հաշվի առնելով հայ մարզիկների գրանցած վերջին հաջողություններն, ինչպես նաև Երևանում 2022 թվականին անցկացված մեծահասակների և 2023 թվականին՝ երիտասարդների Եվրոպայի առաջնությունների բարձր մակարդակը:

2022 թ. մայիսի 21-31-ը Երևանում անցկացված բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության ժամանակ ՀՀ հավաքականը նվաճել է մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ: 2023 թ. ապրիլի 23-ից մայիսի 3-ը Երևանում անցկացված բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնության ժամանակ Հայաստանի հավաքականի մարզիկները նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալ: