Ակադեմիկոս Ստեփան Մալխասյանցը պատմահայր Խորենացու «Հայոց պատմության» լավագույն մեկնիչն ու աշխարհաբար թարգմանիչն է, ոսկեղենիկ մի մատյանի, որի մասին գրել է. «Խորենացին առաջինը եղավ, որ գրեց հայ ազգի սիստեմական պատմությունը սկզբից մինչեւ իր ժամանակները… Սա մի ծննդյան վկայական էր մեր ազգի համար, որ մինչեւ այդ ժամանակ չգիտեր, թե ո՞վ է ինքը եւ ի՞նչ ծագում ունի: Կապելով հայ ազգի սկզբնավորությունը Սուրբ Գրքի հետ, ծագեցնելով հայերին Հաբեթի ցեղից՝ նա հայ ազգի համար ստեղծեց պատվավոր տեղ մյուս հին ազգերի շարքում: Նա գրեց անմահ հիշատակարան հայ մատենագրության…»:
Խորենացին, ակադեմիկոսի հավաստմամբ, ձեռնարկելով խիզախ ու չափազանց պատասխանատու այդ գործը, մարգարեաբար զգացել է հայոց գլխին գալիքը եւ շտապել վայրկյան առաջ ստեղծել կամ պատրաստել հայոց ազգային «անձնագիրը»:
Այսօր ակադեմիկոս, հայ ականավոր հայագետ, բանասեր ու բառարանագիր Ստեփան Մալխասյանցի ծննդյան օրն է։

Ստ. Մալխասյանցի ստեղծագործությունների գլուխգործոց ն է հանդիսանում քառահատոր «Հայերէն բացատրական բառարանը», որը դարերի պատմություն ունեցող հայ հարուստ բառարանագրության մեջ նախորդը չունեցող կոթողային աշխատություն է։ Բառարանը, ըստ Մալխասյանցի, ազգի քաղաքակրթության վկայությունն է։ Մինչև իր քառահատորը կազմելը նա բառարանագրության փորձ արդեն ուներ. դեռևս Թիֆլիսում աշխատելու տարիներին նա մասնակցում էր ռուս-հայերեն իրավաբանական առձեռն բառարանի կազմության աշխատանքներին, հեղինակակից է եղել նաև ռազմական, բժշկական, շինարարական, երկաթուղային, տնտեսագիտական և այլ մասնագիտական բառարանների կազմությանը։
«Բառերի միջոցով մենք կարող ենք հասկացողություն կազմել որևէ ժողովրդի քաղաքակրթության ընթացքի մասին… Եթե հնարավոր լիներ հայոց լեզվի այնպիսի մի բազմահատոր բառարան կազմել, որի յուրաքանչյուր հատորը պարունակելիս լիներ յուրաքանչյուր դարում լեզվի մեջ գործածված բոլոր բառերը, սկսած ութերորդ դարից Քրիստոսից առաջ մինչեւ մեր օրերը, ապա այդ 27 հատորները միմյանց հետ համեմատելիս մենք կկարողանայինք ճշգրիտ գաղափար կազմել, թե որ դարում ազգը ինչ բանում ինչ առաջադիմություն կամ ինչ հետադիմություն է արել և որ դարում ո՛ր ազգի ազդեցության է ենթարկվել։ Բայց այսպիսի բառարան մինչև հինգերորդ դարը Քրիստոսից հետո՝ ունենալ չենք կարող… Հինգերորդ դարից հետո արդեն կարելի է դարից դար բառարաններ կազմել և նրանց միջոցով ուսումնասիրել ազգի քաղաքակրթության և կրած ազդեցությունների ընթացքը»,-վստահ էր Մալխասյանցը։

Ստեփան Մալխասյանցի կարևոր աշխատություններից են «Գրաբարի հոլովումը, խոնարհումը եւ նախդիրները», «Գրաբարի համաձայնությունը», իր տեսակի մեջ անգերազանցելի՝ 1946-ին ստալինյան, ասել է թե ԽՍՀՄ պետական մրցանակի արժանացած քառահատոր բառարանը: Ուշագրավ է, որ հայ լեզվաբանության անխոնջ մշակը ժամանակ է գտել զբաղվելու նաեւ թարգմանական աշխատանքով: Նրա ձեռամբ են հայացվել Շեքսպիրի «Լիր արքա», «Մակբեթ» բարդագույն ողբերգությունները, Գ. Էբերսի «Մարդ եմ» վեպը: