Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 20:22 01-11-2023

Տղա՛ք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնաք․ Աղբյուր Սերոբի հիշատակի օրն է

1898 թվականին Աղբյուր Սերոբը հաստատվել է Գելիեգուզանում։ Նույն տարվա գարնանը մի շարք ականավոր հայդուկներ Ցրոնք գյուղում դավաճանության զոհ էին դարձել։ Զոհված հերոսների հուղարկավորության ժամանակ Աղբյուր Սերոբն ասել է․ «Նրանք մեռան՝ մենք մնացինք, սրանից հետո և մինչև վերջ մենք նրանց գործը պիտի շարունակենք»։ Այդ օրվանից սկսվեց մեծ հայդուկապետի սխրանքի ճանապարհը։

Այսօր Աղբյուր Սերոբի հիշատակի օրն է։

Զորավար Անդրանիկն իր հուշերում պատմում է իր ավագ ընկերոջ՝ Աղբյուր Սերոբի մասին. «Մինչև վերջին շունչը ինձ իր զավակիցն ալ ավելի կսիրեր։ Ես հոգով հավատացած էի այդ բանին։ Ինչ որ ալ հարցնեի իրենց բացակայությամբ ըրած գործողությանս` նա միշտ կը սեր՝ «Ինձնից մի հարցներ, ինչ որ խելքդ կտրե, էն ըրէ»։



Խիզախ հայդուկը իր խմբի, եղբայրների, որդու` Հակոբի, կնոջ` Սոսեի, ընկերների հետ միասին մարտնչում էր սուլթանական բռնապետության դեմ։ Աղբյուր Սերոբի սիրելի կինը միշտ ամուսնու կողքին էր և նրա պես խիզախորեն պայքարում էր հայ ժողովրդի ազատագրության համար։

Սերոբն ասում էր. «… տղաք, առանց հացի մնացէք, առանց զէնքի մի մնաք»:

1895 թ. դաժան օրերին, երբ ողջ հայության գլխին ծառացել էր համիդյան ջարդարար սուրը, Սերոբը մարտական խմբով հասնում է Ախլաթ և անմիջապես հայտնվում մարտերի հնոցում։ Թշնամին ուշադրությունն առավելապես կենտրոնացրել էր Սողորդ գյուղի վրա, որը շնորհիվ աշխարհագրական ամուր դիրքի, քաջակորով զավակների և հատկապես Խչեենց անվանի գերդաստանի՝ Ախլաթի ինքնապաշտպանության ոգին էր։ Սերոբը հայրենի շրջանը կոտորածից փրկելու, ժողովրդին ոգեկոչելու, մարտական ինքնապաշտպանական խմբեր ստեղծելու նպատակով զինակիցներին ուղարկում է թշնամու կողմից սպասվող հարձակման առավել վտանգավոր ուղղությունները, իսկ ինքը 10 ֆիդայիներով մնում է Սողորդում։



Սերոբի զինվորները, քաջածանոթ լինելով գավառին, կարողացան կարճ ժամանակամիջոցում գյուղերում կազմակերպել մարտունակ ինքնապաշտպանական խմբեր։ Բաղեշի կոտորածից մի քանի օր անց թուրք զինվորների աջակցությամբ հասնանցի քրդերն ու Դիարբեքիրի չերքեզները հարձակվում են Սողորդի վրա։ Գյուղացիների կազմած մարտական խումբը դիրքեր է գրավում գերեզմանոցի մոտակայքում, իսկ ինքը ֆիդայիներով դարանակալվում է գյուղից գետով բաժանվող ձորերում, որպեսզի վճռական պահին թիկունքից հարվածի թշնամուն։ Քրդերը հայերի նախապատրաստությունից անտեղյակ, համարձակորեն անցնելով ձորն ու գերեզմանոցը՝ մոտենում են սողորդցիների դիրքերին։

Սկսվում է մարտը, 600 զինված քրդերի ու չերքեզներ գերակշռությունն ակնհայտ էր։ Գյուղացիների մարտական խումբը մի փոքր դիմադրելուց հետո սկսում է նահանջել, և այդ վճռական պահին թշնամու թիկունքից հարվածում է Սերոբի խումբը։ «Ու Սերոբ կընտրէ վճռական անձնազոհաթիւնը: Իր հետ եղող տասը մարտիկներով կատաղի յարձակումը կը գործէ թշնամիին վրայ, դիակներ կիյնան և խուճապ կառաջանայ»: Ոգևորված ֆիդայիների հուժկու գրոհից՝ գյուղացիները համարձակորեն նետվում են թշնամու վրա։ Անակնկալի եկած քրդերը՝ մարտադաշտում թողնելով սպանվածներին և 40 գերի, խուճապահար փախչում են։ Հետաքրքիր է, երբ գավառապետի միջնորդությամբ գերվածները ազատ են արձակվում, նրանք չհավատալով, որ հայերը ընդունակ են նման հանդգնության, գավառապետին ասում են. «Էֆենտիմ, այս կեավարները չէին որ մէզի յաղթեցին, այլ Մոսկովին կեավուրները բռնեցին մեր ետևէն և երկնքէն կրակ կը թափէին մեզ վրայ, մեր գնդակները անոնց չէին հասներ, իսկ անոնցները մեզմէն մարդ չը թողացին վար գլորեցին»:

Թուրքերը ի դեմս ֆիդայիների սկսում են կասկածել, որ գործ ունեն առավել կատարելագործված զենքերով զինված մարտական հատուկ խմբերի հետ։ Ախլաթի ինքնապաշտպանական կռիվները Սերոբի ֆիդայական կյանքում առաջին մարտական գործողություններն էին։

1895 թ. Սերոբի խմբի առաջնորդությամբ Ախլաթի հայության մղած պայքարը մեկ անգամ ևս հավաստեց, որ ջարդերի արհավիրքները կարելի է կանխել միմիայն ընդհանուր ինքնապաշտպանության կազմակերպմամբ։ Համիդյան արյունոտ տարիներին, երբ թուրքական ջարդարարների վայրագություններին զոհ գնացին 300.000 հայեր, Տարոնը Արևմտահայաստանի այն եզակի շրջանն էր, որը զերծ մնաց կոտորածներից Աղբյուր Սերոբի շնորհիվ։ Թուրքական իշխանություններին հաջողվում է տեղեկանալ նահանգում հայերի կողմից իրականացվող աշխատանքներին։ Հեղափոխական շարժումները բացահայտելու և այն ոչնչացնելու նպատակով, թուրքական կառավարությունը ստեղծում է լրտեսների ու մատնիչների լայն ցանց, որի հաղորդած գաղտնի տեղեկություններից Բաղեշի թուրքական ոստիկանությունը քաջատեղյակ էր, որ Ախլաթում գործող մարտական կազմակերպությունների գլխավոր դեմքը Սերոբն է։

Թուրքական իշխանություններն Աղբյուր Սերոբին վերացնելու համար չհամարձակվեցին առճակատման գնալ։ Նրանք դիմեցին թունավորելու զազրելի միջոցին։ Սերոբին թունավորելու հայրենադավ գործը հանձն Է առնում Խալիլի ոսկիների փայլից շլացած Գեղաշենցի Ավեն։



Հայդուկների վստահությունը շահելու դիտավորությամբ նա մի քանի անգամ գալիս Է Գելիեգուզան և հանդիպում գյուղի քահանա Տեր Քաջի տանն ապաստանած Սերոբին։ Սերոբը չկասկածելով Ավեին՝ բարեկամաբար ընդունում Է դավաճանի թունավորած ծխախոտը։

Գեղաշենցի Ավեն արդեն հասցրել Էր կատարել իր սև գործը և անհապաղ տեղեկացնել Բշարե Խալխին։ 2000 թուրք զինվորներ ու քրդեր պաշարում են գյուղը։ Նկատելով թշնամու բազմությանը՝ այդ օրհասական պահին մրրիկի արագությամբ հայտնվում են Սերոբի չորս զինվորները և վերցնելով կիսամեռ հայդուկապետին՝ գյուղից դուրս են տանում։ «Սերոբը կարծես յոգնած խնդրեց իր հաւատարիմ հայդուկներէն. «Դրեք ինձ այս քարի առջև՝ իմ վերջին օրն է, և ջանացեք գեթ ձեր կյանքն ազատել, մնաք բարով»»։

Տեսնելով Սերոբի անկարող վիճակը՝ թշնամին համարձակորեն նետվում է գրոհի։ Մի բուռ քաջեր հայդուկապետին փրկելու վճռականությամբ դիմադրում են թշնամու մեծաթիվ ուժերին։ Բշարե Խալիլը կտրում է հերոսի գլուխը և գերեվարում ուժակորույս Սոսեին։ Մեծ հայդուկի մահվանից հետո Անդրանիկն ու Գևորգ Չաուշը հետամուտ են լինում, որ բոլոր դավաճանները կրեն իրենց արժանի պատիժը։ Ավեին վերացնելուց հետո, նրանք իրար հետևից ոչնչացնում են մյուս դավաճաններին։