Երևան +15°
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 11:46 29-10-2023

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Գյուտ Խաչի տոնը

Հայ Առաքելական եկեղեցին իր օրացույցում Սուրբ Խաչին նվիրված չորս տոն ունի ՝ Գյուտ Խաչի, Երևումն Սուրբ Խաչի, Վարագա Սուրբ Խաչի և Խաչվերաց: Խաչի գյուտի (գտնվելու) տոնը նշվում է հոկտեմբերի 23-29-ն ընկած կիրակի օրը, այս տարի՝ հոկտեմբերի 29-ին։

Մահ, կյանք, ուրախություն, ուժ, անարգանք, զորություն, պատիժ, փրկություն, հավիտենություն, այս բոլոր գաղափարներն իր մեջ կրում է այն քառաթև փայտը, որը դարձավ քրիստոնյա աշխարհի փրկությունն ու քրիտոնյայի զենքը։

Խաչի գյուտը տեղի է ունեցել երկու անգամ՝ I-ին և IV-րդ դարերում:

Քրիստոսի երկինք համբարձումից հետո խաչն անխնամ մնաց Գողղոթայում՝ իբրև դատապարտության և մահվան գործիք: Եվ գարնանը, երբ բույսերը ծաղկում են, ու մանուկներն իրենց սովորության համաձայն խաղում դալար խոտի վրա, մի կաղ մանուկ, իր ընկերների հետ խաղալիս, հանկարծ դիպչում է կենարար Խաչափայտին, ինչից ամրանում են նրա ոտքերը, և նա անմիջապես սկսում է վազել և օրհնել Աստծուն ու գոհանալ կենսակիր նշանից: Այդ դեպքն առիթ հանդիսացավ, որպեսզի Խաչի համբավը տարածվի, և բոլոր հիվանդները բժշկվեն Խաչափայտի միջոցով: Դրանից հետո Հակոբոս Տյառնեղբայրը Խաչափայտը վերցրեց իր մոտ:

Ս. Խաչի գյուտով հավատացյալները ուրախացան, իսկ անհավատները հույժ տրտմեցին: Իսկ հրեաները, ովքեր կամովին իրենցից հեռացրեցին ճշմարիտ Լույսից, գլխահակ դարձան, որոնց մասին Եսային ասում է. «Ո՞վ է կույրը, եթե ոչ Իմ ծառաները, ովքե՞ր են խուլերը, եթե ոչ այն մարդիկ, որ տիրում են նրանց» (Եսայի 2:19):

Հռոմի Կլավդիոս կայսեր կինը` Պատրոնիկեն, լինելով քրիստոնյա, ուխտի է գնում Երուսաղեմ, որտեղ հանդիպում է այդ ժամանակ Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբայր առաքյալին: Կայսրուհին փափագում է տեսնել Քրիստոսի գերեզմանը, խաչափայտը և Գողգոթան, սակայն Հակոբոս առաքյալից տեղեկանում է, որ հրեաները Քրիստոսի Խաչը խաչ բարձրացված երկու ավազակների խաչերի հետ պահել էին հողի տակ՝ արգելելով մոտենալ դրանց: Պատրոնիկե կայսրուհու միջամտությամբ խաչերը հանում են հողի տակից, և որոշելու համար, թե որն է Քրիստոսինը, դրանց են մոտեցնում մահացած մի աղջկա: Վերջինս Քրիստոսի Խաչի հպումից կենդանանում է: Հակոբոս Տյառնեղբայրը, բոլորին ի տես և ի մխիթարություն, Խաչը բարձրացնում է Երուսաղեմի տաճարում։

Եկեղեցական ավանդության մեջ սա առաջին դեպքն է, երբ Խաչը հանդիսավորապես կանգնեցվում է` փառավորվելով հավատավոր զավակների կողմից: Նրանցից շատերը վկաներն են լինում նաև Խաչափայտի վրա շողացող պայծառ լույսի: Պատրոնիկե կայսրուհու խնդրանքով Հակոբոս Տյառնեղբայրը նրան է նվիրում Խաչից մի մաս, որը կայսրուհին տանում է Հռոմ: Խաչափայտի այս մասունքը հետագայում անցնում է նրա ազգականուհի Հռիփսիմեին, ով էլ իր հետ այն բերում է Հայաստան:

Երբ Հռոմի կայսեր է դառնում Ներոնը, մեծ հալածանքներ է սկսվում Տիրոջ Եկեղեցու դեմ: Հրեաներն էլ, օգտվելով առիթից, սպանում են Հակոբոս Տյառնեղբորը և Խաչափայտը թաղում Գողգոթայի վրա, մի խոր փոսի մեջ, և այդ տեղը վերածում աղբանոցի:

Խաչափայտն այդտեղ մնում է շուրջ երեք հարյուր տարի` մինչև Կոստանդիանոս բարեպաշտ կայսեր ժամանակները, երբ եկեղեցին խաղաղություն է գտնում:

Խաչի գտնվելու վայրը մնում է անհայտ՝ մինչ խաչի բուն գյուտը, որը տեղի է ունեցել 4-րդ դարում՝ Հեղինե կայսրուհու կողմից:

313 թ-ին Միլանի հրովարտակով Հռոմեական կայսրության տարածքում քրիստոնյաներին արտոնություն է տրվում իրենց կրոնն ազատ դավանելու: Երուսաղեմը դառնում է ուխտավայր, և ամեն կողմից գալիս են սրբազան վայրերը տեսնելու:

327 թ-ին, Կոստանդին կայսեր մայրը՝ Հեղինեն, Քրիստոսի խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ: Այստեղ նա մեծ դժվարությունների է հանդիպում, քանի որ հրեաները, ովքեր թշնամացած էին քրիստոնյաների դեմ, թաքցրել էին հրաշագործ Խաչափայտը: Տիրոջ խաչի տեղը գիտեր միայն Հուդա անունով մի հրեա, ով սկզբում հրաժարվում է օգնություն ցույց տալ, սակայն 6-օրյա բանտարկությունից հետո համաձայնում է օգնել կայսրուհուն` գտնել Գողգոթայի՝ Հիսուսի խաչվելու վայրը, որն այդ ժամանակ դարձել էր մոռացված վայր ու գործածվում էր որպես աղբատեղի: Փորելով ցույց տված վայրը, գտնում են աղբի տակից խաչափայտը և Պիղատոսի հրամանով Հիսուսի գլխավերևում ամրացված եռալեզու տախտակը, որը, սակայն, պոկված է լինում խաչից: Քրիստոսի խաչը որոշվում է կատարված հրաշքների շնորհիվ. Խաչափայտի հպումից կենդանանում է մեռած մի պատանի և հիվանդություններից բժշկվում մահամերձ մի կին: Այդ հրաշքների ազդեցությամբ շատերը քրիստոնեություն են ընդունում, որոնց թվում նաև Հուդան, ով հետագայում նահատակվում է Քրիստոսի անվան համար: Այդ ժամանակ Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը բարձրացնում է Սբ. Խաչն ի երկրպագություն հավատացյալների: Հեղինե թագուհու կողմից 335թ-ին Գողգոթայում կառուցվում է Սբ. Հարություն տաճարը, որտեղ և կանգնեցվում է Քրիստոսի Խաչը:

Սուրբ Խաչը ընդունելով որպես փրկության և հաղթության նշան՝ յուրաքանչյուր քրիստոնյա Սբ. Գրիգոր Տաթևացու խոսքերով դիմում է Խաչյալին՝ ասելով. «Երբ լուսավոր ամպերի վրա երևաս Հոր փառքով, Քո խաչը մեզ ապավեն թող լինի, Տե՛ր Հիսուս: Այն ժամանակ մենք՝ Քեզ ապավինածներս, չենք ամաչի, այլ Քո մեծ զորությամբ, որպես լույսի որդիներ, կբերկրենք Քո աջ կողմում: Ամեն»:

Խաչը մեկի համար զորության, մյուսի համար տկարության խորհուրդ է, մեկի համար՝ մահվան, մյուսի համար՝ կյանքի խորհուրդ, ուստի պետք է հիշել հետևյալ խոսքը. «Խաչի քարոզությունը կորստյան մատնվածների համար հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծո զորություն»։

Ամենից շատ դիտված