Իմ հավատի անունն Արցախ է․ Նանար Պողոսյան
copy image url

Իմ հավատի անունն Արցախ է․ Նանար Պողոսյան

Ներքին 1 տարի առաջ - 17:40 28-10-2023
Արցախցի Նանար Պողոսյանը գրում է․ «Ո՞վ եմ ես: Հետաքրքիր հարց է:

Ես սովորական հայ եմ, փորձություններով լի կյանքով, ինչպես աշխարհում գտնվող յուրաքանչյուր հայ:

Ծնունդով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կաղարծի գյուղից եմ:

Մանկուց իմ կյանքը հեշտ չի անցել, հիշում եմ, երբ դպրոց եմ գնացել ոչ հագիս կար թանկարժեք շորեր, ոչ էլ ինձ հետ սնիկերս էի տանում դպրոց, բայց ես երջանիկ էի, որովհետև հայրս թեկուզ վիրավոր, բայց ներկա էր իմ առաջին զանգին(ավա՜ղ միայն առաջին), երջանիկ էի, որովհետև հաղթանակած էինք, բայց ես չէի կարողանում իմ ուրախությունը ցույց տալ, որովհետև ծնողներս ասել էին, որ դպրոցում ինձնից բացի կան աշակերտներ, որոնց պապաները իմ պապայի հետ գնացել են հաղթանակ բերելու ու իրենք իմ պապայի պես թեկուզ վիրավոր տուն չեն վերադարձել, իմ երջանկությունն էլ շատ կարճ տևեց ու ես էլ կորցրի հորս, ցավոք պատերազմն իր հետքը նաև մեր տանը թողեց:

Մայրս ուսուցիչ է, միշտ խնամված տեսքին հորիցս հետո փոխարինեց սպիտակ մազերը, մենք երեխաներս սկսեցինք ընկճվել ու չուզեցանք ընդամենը 3 տասնյակ ապրած մորս «ծեր» տեսնել, մենք ստիպեցինք նրան, որ մազերը ներկի, չէր ուզում,մի կերպ համոզեցինք:

Էդ օրվանից ինքս ինձ խոսք տվեցի, որ պիտի լավ սովորեմ, որովհետև մայրս ասում էր, որ կոտրվել է մեր տան մեջքը ու չգիտենք թե ինչպես կլինի մեր ճակատագիրը, ասաց, որ ազնիվ ու լավ մարդ դառնալու համար մեր միակ ելքը լավ սովորելը կլինի, որովհետև միայն խելքով կկարողանանք պապայի և իր ընկերների ազատագրած Արցախը կարողանանք պահել ու շենացնել:

Դպրոցն ավարտեցի, մի քանի համալսարան՝ ևս, միշտ աշխատում էի լավ սովորել, որ մայրս ուսման վարձ չտար, բայց և մոմի լույսի տակ սովորած անքուն գիշերներիս արդյունք հանդիսացող 4 կրթությամբ երկար ժամանակ չկարողացա աշխատանք գտնել:

Աշխատանքի համար ինչ դուռ ծեծում էի, նախքան անցած ուղիս նայելը հարցնում էին, թե ով եմ ես, որ համարձակվել եմ առանց որևէ մեկի միջնորդության աշխատանք պահանջել:
Իմ պատասխանը մեկն էր.

-Արցախն ազատագրած ազատամարտիկի աղջիկ եմ, հայրս պատերազմում գլխի և ոտքի վիրավորում էր ստացել, բայց մինչև վերջ կռվել՝ ինձ հաղթանակ է նվիրել ու անմահացել, իսկ մայրս դպրոցում ուսուցիչ է, սերունդ է կրթում:

Մի խոսքով, միայնակ պայքարեցի, բազմիցս ընկա, բայց վեր կացա, որովհետև ինքս ինձ խոսք էի տվել, որ պիտի հասնեմ բոլոր երազանքներիս, պիտի կոտրեմ այն կարծրատիպը, որ մարդն ամեն ինչ կարող է միայն թե մտքին տեղ լինի, կապ չունի, որ ես սովորական համեստ ընտանիքից եմ և ծնվել եմ մի հեռավոր գյուղում, բայց ես երազում էի աշխարհ տեսնել ու հասնել իմ բոլոր երազանքներին, փարվել՝ Բիբլիական Արարատին (5165մ), նավարկել պատմական հայրենիքիս Աղթամար կղզում, աղոթել Սուրբ Խաչ եկեղեցում, անզեն աչքով տեսնել մեր պատմական քաղաքները Կարսը, Անին, Վանը, ցեղասպանության մասին վեպս ամբողջացնելու համար ուզում էի նաև անձամբ տեսնել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության կից հուշարձան-մատուռի հարության սյունը (Բեյրութ, Լիբանան) որտեղ ցեղասպանության զոհերի մասունքներն են, երազում էի անգամ տեսնել Աշխարհի հրաշալիք համարվող Հիսուս Քրիստոսի արձանը Բրազիլիայում:

Ծաղիկներ խոնարհեի Լիսբոն 5-ի տղաների գերեզմանին:

Երազում էի, մեր հերոսներին անմահացնել հեղինակային գրքով:

Իմ հետաքրքրություններն ինձ տարան նաև աշխարհահռչակ Վանգայի տուն՝ Բուլղարիա: Ինչպես նաև աշխարհի բնական հրաշալիք համարվող Իգուասու ջրվեժներ, մի խոսքով չեմ հիշում նպատակ, որին ես ուզեի և չհասնեի, որովհետև իմ երազանքների ուղղությունը միշտ դեպի նպատակ եմ պահել:

Ես՝ ճամփորդս, կյանքը սիրողս երազում էի ոտքի կանգնել բառի բուն իմաստով, այո իմ կյանքում նաև պահ կար, որ ես չէի քայլում, հանկարծակի մեծ տարիքում ջրծաղիկ հիվանդությունից ողջ մարմնիս շարժը կորավ, անգամ մատս չէի կարողանում շարժել, իսկ բժիշկներն անգամ հույս չէին տալիս, որ ես մի օր կքայլեմ, բայց երեք ամսից ես 2724,6 մետր Մեծ Քիրս բարձրացա:
Միշտ մտածում եմ եթե ինչ որ բան իմ մտքով անցել է, ուրեմն Աստված դրա հաղթահարելու ուժն իմ մեջ տեսել է:

Կապ չունի, թե ես ինչքան եմ ընկել, ընկելն էլ մարդու համար է:

Բայց ընկնել էլ կա ընկնել էլ, տարիներ առաջ անգամ ՀՀ հիվանդասենյակների անկողնուն անշարժ գամված՝ կյանքս մազից կախված, ես ինձ ընկած չէի համարում, որովհետև որովհետև ես մանկուց ինձ խոսք եմ տվել, որ ես կարող եմ, չեմ կարողը դա թույլերի պատճառաբանությունն է:

Ի՞նչ ասեմ, ես շատ դառնություններ ու դաժանություններ եմ տեսել, բայց երբեք չեմ կոտրվել, չեմ ընկճվել մինչև 2020թ. 44-օրյա պատերազմը, երբ 3 ամիս ՀՀ Էրեբունի և Արթմեդ հիվանդանոցներում անշարժ պառկելուց հետո վերադարձա իմ տուն՝ Արցախ, իսկ տունս ինձ դիմավորեց ռմբակոծություններով, հրթիռակոծություններով, զոհերով:

Այդ օրերին Արցախից տարհանել էին կանանց ու երեխաներին, մինչ բոլորն ինձ համոզում էին, որ ես էլ դուրս գամ Արցախից, որովհետև հրաշքով նոր եմ մահից փրկվել, ես մտածում էի, որ հայրենիքը նախ վտանգված պահին է մեր կարիքը զգում, որովհետև ուրախ օրերին բոլորն են հայրենասեր են, բոլորն են Արցախում, իսկ ես չէի կարող արնաքամ մորս միայնակ թողնել, որովհետև հայրենիքը նախ վտանգված պահին է մեր կարիքը զգում: Ու այդպես մասնակցեցի 44-օրյային, հիշում եմ դեռ լավ չէի քայլում, էդ ժամանակ մի փոքր դեռ կաղում էի, բայց մի ներքին ուժ էր ինձ պատել հրթիռակոծություններից դրոններից խուսափելով դիրքեր սնունդ ու անհրաժեշտ պարագաներ էի հասցնում, երբեմն ավտոս կանգնեցնում էի թաքնվում, որ պայթեցնելու դեպքում, գոնե մեջը չլինեմ ու աշխատանքիս հետ մեկտեղ, հասցնում հաց պատրաստել քաղաքը հերթապահող տղերքին, ցույց չտալով որ ոտքս արդեն ինձ չի ենթարկվում ու քարշ եմ տալիս հետևիցս: Չգիտեմ հիմա հիշում եմ այդ ամենը ու զարմանում թե ինչպես եմ կարողացել տանել այդ ամենը, էդ ինչ ուժ էր ինձ պատել, հետո հասկանում, որ դա հավատի ուժն էր, որ ինքս իմ մեջ հավատում էի, որ գոնե եթե չհաղթեինք, ապա չենք էլ պարտվի: Չգիտեմ, ես չեմ ուզում էդ օրերը հիշել, դա դժողքի օրեր էր, որ չգիտեի անգամ հարազատ եղբորս տեղը, բայց ես սահման հաց էի տանում, հագուստ ու անհրաժեշտ բաներ էի տանում մտածելով, որ ինչ որ մեկն էլ հարազատ եղբորս դիրք հաց կտաներ, եղբորս՝ ով սրտի երկու վիրահատության պատճառով ժամկետային չի ծառայել, բայց ոչ մի օր չլքեց Արցախը, մինչև վերջ կռվեց, որովհետև մեր ընտանիքի համար անընդունելի է երբ ասում են եթե ժամկետային չի ծառայել, ուրեմն պիտի չմասնակցեր 44-օրյային կամ այս վերջին պատերազմին, կամ էլ կորոնավիրուսի պատճառով խայտառակ կերպով լքում էին Արցախը: Ամենասարսափելիներց մեկն էլ այն էր, որ ռումբն ընկավ Ստեփանակերտի մեր տան դիմաց ու ամբողջությամբ վնասեց տունը: Ես դա մայրիկիս չէի ասում մինչև 44-օրյայի ավարտը, որ ավելի չընկճվեր, առանց այն էլ մայրս մի բուռ էր դարձել, նրան մի կերպ էի բերել Երևան թողել ու հետ դարձել, նրան չասացի, որ հետ գնում եմ Արցախ, շատ վատացավ, որ իմացավ, որովհետև նա 3 ամիս անքուն հիվանդանոցում բժիշկների հետ ինձ էր քայլեցնում:

Իսկ 44-օրյայից հետո թեկուզ կոտրված, թեկուզ վհատ, էլի երբեք չենք մտածել, որ մի օրը բռնի կտեղահանեն մեզ Արցախից: Երբեք չեմ մտածել, որ Արարատին կարոտով փարվելուց 1 տարի հետո, կկորցնեի Քիրսը, Դիզափայտը...

Անիին փարվելուց հետո, կկորցնեի Շուշին, Հադրութը...

Կոտրված էի, այո, բայց էլի հավատս մեծ էր, որովհետև հորս գերեզմանին երդվել էի, որ Հարսանիք լեռներում դեռ ունենալու ենք:

Ու իմ հավատն ինձ ստիպեց չկոտրվել ու վերանորոգել ռմբակոծված տունս, ստիպեց շարունակել ապրել ու արարել Արցախում, Արցախում մշտապես ապրելուս հավատը ստիպեց մերժել Սփյուռքի մի շարք լավ տղաների ամուսնության առաջարկներ, որովհետև ես ոչ մի օր իմ կյանքը չեմ պատկերացրել Արցախից դուրս: Այո, ես շատ երկրներում եմ եղել ճամփորդության ու ուսումնաճանաչողական նպատակով, բայց դա տևել է ընդամենը 7-13 օր, մայրս ավաբդապաշտ կին է, միշտ ասում էր ողջ աշխատածդ ճամփորդության ես դնում, հիմա էլ օժիտ դիր, որ գան ուզելու ամեն ինչ ունենաս:

Ու երբ մի օր հանկարծակի ջրծաղիկից ակողնուն գամվեցի ու բժիշկներն ասացին, որ էլ երբեք չի քայլի, գիշերները մայրս թաքուն լացում էր, ինքն իրեն շշնջալով. ինչ լավ է աղջիկս, որ Արցախի յուրաքաչյուչ վայրն ուսումնասիրելուց հետո ուզել ես աշխարհ տեսնել:

Մի խոսքով, ես շատ հավատով ու դժվարություններով թրծված մարդ եմ:

Նույնիսկ 44-օրյայից հետո, ես չկորցրի հավատս, որովհետև մտածում էի, որ եթե բոլորս ազնվորեն ծառայենք Արցախին, հետ կբերենք կորցրածը: Դա էր պատճառը, որ մի օր չմտածեցի Արցախից դուրս խաղաղ կյանքի մասին, փոխարենը համ հասկանում համ ընդհարվում էի մայրիկի հետ, երբ շատերի պես երբեմն ուզում էր տներից մեկը վաճառել և Երևանում տուն գնել, ես դա շատ ցավով էի տանում, որովհետև մտածում էի, որ դա կնշանակեր հող նախապատրաստել Արցախից դուրս գալու համար:

Ու այդպես ընտանիքով ապրում էինք Արցախում, որտեղ ավելի մոտ կլինենք անմահացած հայրիկիս:

Ապրում էինք...

Ես չեմ ուզում անցյալով երբեք խոսել Արցախի մասին, որովհետև Արցախը միշտ ներկա է, Արցախը յուրաքանչյուր հայի մեջ է, ես դրա մեջ համոզվեցի սեպտեմբերի 27-ին, երբ անցա անիծված կամուրջը, երբ բոլորը ինչ որ բանով ուզում էին օգնել մազապուրծ փրկվածներիս: Այո մազապուրծ և ով կասի թե Արցախը լքել եք, էդ մարդուն ուղարկեք իմ մոտ պատմեմ Արցախում մինչև վերջ պայքարած մեր յուրաքանչյուր օրը, թող ոչ մեկը չտեսնի այդ օրերը, թող ոչ մեկը մեզ պես չկանգնի - ՅԱՆ մնալու կամ թուրքական անձնագիր ստանալու ընտրության առաջ, թող ոչ մեկը իմ պես դիահերձարաններում չփնտրի հարազատներին, ոչ մեկը խելագարի պես հողը չուտի արյան հետ խառնվելու համար, անգամ չկարողացա հրաժեշտ տալ հորս գերեզմանին, թեկուզ մեկ նկար վերցրել իմ հայրական տնից, որովհետև արդեն փակ էր Մարտունու ճանապարհը: Անտանելի քաոս էր, եղբորս և մորս չէի կարողանում հասկացնել, որ հայրիկին չենք կարող հրաժեշտ տալ, որովհետև չեմ ուզում իրենց էլ կորցնել, որովհետև ադրբեջանական զինված խմբերն արդեն Մարտունի-Ստեփանակերտ ճանապարհին էին տեղակայված:

Անգամ հեղինակային գրքերս չկարողացա վերցնել, հրատարակած հոդվածներս, նրանք անպայման կտեսնեն թե ովքեր են ապրել այդ տանը, ես փոխարենը փչացրեցի տունս, նոր գնված կահույքս, բազկաթոռները, վարագույրները ամեն, այո, ավիրեցի տունս հետո դուրս եկա, եթե շենքի տուն չլիներ ես այն կայրեի, թող ոչ մեկը չընկնի մեր հոգեվիճակը, շատ ճոխ կլիներ թշնամու համար, եթե ես հանգիստ մի հատ էլ տունը հավաքեի նոր տնից դուրս գայի, ու՞մ համար եմ տունս գեղեցիկ թողնում թու՞րքի: Իմ գեղեցիկ տունը կահավորված, որի համար քրտնել էի, ծերը ծերին հասցնելով վերանորոգել, որ ամենաճաշակովը լինի, ամենագեղեցիկը, սեփական ձեռքերով իմ ստեղծածը ավիրեցի, խելագարվել էի այո, որովհետև ես չեմ աշխատել տուն դրել, որ վերջում թուրքը գա իմ տանն ապրի ու շնորհակալություն հայտնի ինձ կատարված աշխատանքների համար, այո, ես մեծահոգի չեմ, երբ դիմացս ազգիս կոտորած թուրքն է, ուստի ես իմ գեղեցիկ ու մաքուր տունն ավիրեցի նոր դուրս եկա, 44-օրյայի իմ զինվորական հագուստն այրեցի, որ թուրքը չծիծաղի ինձ վրա, այրեցի մի շարք փաստաթղթեր, մի խոսքով սեփական ձեռքերով այրեցի ինքնությունս, ապրածս:

Այո, ես չեմ կարող մոռանալ եղբորս ընկերոջը Վիտալիի հուղարկավորությունը, երբ իր մայրը չկարողացավ գալ երեխու վերջին հրաժեշտին:

Ու երբ նրան ես էլ պատահաբար գտել դիահերձարանում, հարազատներիս փնտրելու ժամանակ:

Մի խոսքով չգիտեմ, որը ասեմ, որը թողնեմ, դրա համար խուսափում եմ լրատվամիջոցներից, չեմ ուզում նման հոգեվիճակով հարցազրույցներ տալ, չեմ ուզում մարդիկ տխրվեն ու էդ ամենը վերապրեն ինձ հետ, ես սովոր չեմ ցավից խոսել, ցավից ինչքան էլ խոսես, մեկ է, ոչ մեկը չի հասկանա էդ ճանապարհն անցած մարդուն: Ես չեմ ուզում ոչ մեկը տխրվի, ոչ մեկը ցավ ապրի, թող ոչ մեկը դժվարություն չտեսնի, ոչ մեկը պատերազմ չտեսնի, ընտանիքի անդամի կորուստ չտեսնի, ոչ մեկը անվասայլակի կարիք չունենա, հավատը չկորցնի, դրանք սարսափելի բաներ են, ես սովից, բլոկադայից չեմ խոսում, դրանք բաներ են, որ այսօր անգամ երանի ենք տալիս, միայն թե Արցախում լինեինք:

Ես՝ երբեք չկոտրվողս, չհանձնվողս կյանքում առաջին անգամ հավատս կորցրել եմ, ես հիմա եմ հասկանում, որ իմ հավատի անունը Արցախ էր, որովհետև Արցախն իմ հավատի պես չկոտրվող էր, հողն ազնիվ էր մեզ հետ, այդ մենք ազնիվ չգտնվեցինք հողի հետ, մենք տարիներ շարունակ մշակված ծիլ տված սերմերը պոկում էինք հողից և նեխած սերմեր էինք աճեցնում: Դրա համար էսօր ունենք այն ինչ ունենք:

Բայց էլի գտնվեցին հայեր, ովքեր մեզ՝ սովորական քարից հաց քամող ժողովրդիս կողքին գտնվեցին, այդ մարդիկ եկան հասան Հակարի կամուրջ և մազապուրծ փրկվածներիս օգնություն ցուցաբերեցին ինչով կարողացան, յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում, առ այսօր նրանք Արցախահայության կողքին են, Մայր Հայաստանն իրոք մոր նման մեզ ընդունեց: Եվ եթե կլինեն մարդիկ, որ դա կհակաճառեն, էլի ուղարկեք ինձ մոտ, ճիշտ է ամեն տեղ ամեն տեսակի մարդ կա, ասում են գյուղ չկա, որ շուն չլինի, բայց որ Մայր Հայաստանն ու Սփյուռքը լծված են Արցախահայերիս օգնելու գործին, դա անժխտելի փաստ է: Ես մի բան գիտեմ,որ կյանքում ոչ մեկը, ոչ մեկին պարտական չէ, դա պիտի գիտակցի ցանկացած մարդ ու եթե ինչ որ մեկը ինչ որ մեկին օգնում է, ուրեմն պետք է միայն երախտապարտ լինել:

Եվ այսօր, երբ ես կորցրել եմ ամեն ինչ՝ հայր, հայրենիք, տուն, տեղ, աշխատանք ու մնացել եմ պարզապես մարդ, ով ունի հիշողություններ ու այսօր իմ կողքին կան մարդիկ, ովքեր հնարավոր ամեն բան անում են միայն թե հավատս վերականգնվի, որովհետև այդ մարդիկ ինձ միշտ ուժեղ են տեսել, միշտ հավատով, նույնիսկ լսում էի թե ինչպես անծանոթ մարդիկ իրար պատմում էին իմ մեծ կամքի ուժի մասին, անուններ չեմ ուզում նշել, բայց շատերը կփաստեն նաև թե ինչպես էին ինձ տանում իրենց հարազատի հիվանդասենյակ, որ պատմեմ թե ինչպես եմ ոտքի կանգնել ու կյանքում ինչքան փորձությունների միջով եմ անցել, բայց չեմ կոտրվել:

Այսօր առաջին անգամ է իմ հավատը կորել, չգիտեմ այն երբ կվերականգնվի կամ կվերականգնվի թե ոչ, բայց այսօր մարդիկ ամեն ինչ անում են դրա համար, նույնիսկ անծանոթ մարդիկ: Մայրս խոնարհ, ավանդապաշտ ու շատ բարի կին է, 37 տարվա մանկավարժ, նրա չափից շատ բարությունից երբեմն օգտվում էին, իսկ նա համ հասկանում էր, համ ասում էր ոչինչ երեխաներիս մատաղ ու երբ ասում էի, որ բարությունն էլ սահման ունի, մայրս ասում էր ոչինչ աղջիկս լավություն արա գցի ջուրը:

Ու այսօր, երբ մենք, ոչինչ չունենք, այդ լավությունը մեզ է վերադառնում ու հիմնականում անծանոթ մարդկանցից, մի խոսքով բումերանգի օրենքը գործում է:

Ու քանի որ մայրս ուսուցչի իր համեստ աշխատանքի հետ Արցախում նաև փախլավայի, սիգարետի, բադամպուրիի և այլ թխվածքների պատվերներ էր ընդունում, որոշեցինք որ եթե ունենք 2 ձեռք և 2 ոտք , ապա Հայաստանից և Սփյուռքից գումարներ խնդրելու փոխարեն մենք կարող ենք մեր գումարը հալալ քրտինքով վաստակել: Ճիշտ է սկզբի համար դա շատ չնչին գումար է ապրուստի և տան վարձի համար, բայց ինչպես ասում են ամենաղքատ մարդը նա չէ, ով չունի գումար և տուն, ամենաղքատ մարդը նա է, ով չունի երազանք, մենք երազում ենք մի օր ունենալ մեր տունը, ինչպես Արցախում հայրս հիմքից տուն կառուցեց, բայց ցավոք այդպես էլ չտեսավ իր հիմնած տունը, որը հետո վերանորոգեցինք, ու ոչ ինքը վայելեց, ոչ մենք:

Ես վստահ եմ, որ մի օր գնալու ենք Արցախ, բայց հաստատ էդ մի օրը հիմա չէ, ես չգիտեմ կյանքում կհասցնեմ նորից տեսնել իմ տունը թե ինչպես ես գնացի Արևմտյան Հայաստան, այնպես էլ իմ սերունդներն են գնալու Արցախ ու այդ ամենից մնալու են միայն ցավալի հիշողություններ:

Բայց ամեն դեպքում որպես ապրուստի միջոց մենք ընտանիքով սկսել ենք Արցախյան փախլավա և այլ թխվածքեղեն պատրաստել, թե ինչպես կպատվիրեն մարդիկ, թե կկարողանանք հետագայում այն զարգացնել դեռ ոչինչ չգիտենք: Միայն գիտեմ, որ մամայի ձեռագիրը ով գիտի, գիտեն նաև թե ինչքան համով ու որակյալ է, որովհետև դա ոչ թե բիզնես էր մեզ համար, այլ Արցախում պարզապես ով կերել է, նորից պատվիրել է, իսկ մայրս չէր կարող մերժել, երբեմն առանց գումար էր թխում:

Ես 2 օր առաջ այդ մասին գրեցի իմ ֆեյսբուքյան էջում ու խնդրեցի իմ ընկերներին տարածել, 2 օրում բազմաթիվ պատվերներ գրանցվեց, այն կերպ, որ արդեն մոտակա օրերն էլ զբաղված ենք:

Այդ մարդիկ մեզ ապրելու հույս են տալիս, ես վստահ եմ, որ նրանցից շատերը եթե անգամ չեն նախատեսել այդ օրը թխվածք առնելու, ապա մայրիկիցս առնում են, որ դառնան այդ կերպ օգնած:

Արդեն մի շարք պատվերներ ենք առաքել ու բոլորը գոհ են մնացել: Երբեմն մի քիչ ուշացումով ենք տանում, որովհետև պատվերները շատ է ու դեռ ճանապարհներին այդքան ծանոթ չենք, իսկ առաքողը հարազատ եղբայրս է, ում ավտոմեքենան խնդիրներ ունի, իսկ իմ ավտոմեքենան նույնպես խնդիրներով կանգնած է, ես ասացի, որ իմ ավելի քիչ խնդիր ունի, թող սարքել տա և իմ ավտոմեքենայով առաքի:

Մի կերպ դեռ հասցնում ենք, պատվերներն այնքան շատ է, որ արդեն մեզ նվիրած 1 ջեռոցը չի հերիքում և արդեն 2-րդն է անհրաժեշտ: Չգիտենք թե որքան կտևի դա, բայց յուրաքանչյուր պատվիրատու այդ կերպ իր ներդրումն է ունենում մեր երազանքների փոքրիկ ու համեստ տունն ունենալու համար: Ճիշտ է, շատ վաղ է դրա մասին մտածելու համար, բայց նստելով ու ինչ որ բանի սպասելով մենք հեռու չենք գնա, պետք է վեր կենալ ու աշխատել, գործել, չարչարվել, ստեղծել...

Ի՞նչ անենք, հայի ճակատագիրն է այդպես:

Ու հիմա տեսնելով, թե ինչքան շատ բարի մարդ կա մեր կողքին մեր մեջ նորից ապրելու և արարելու մեծ հույս է արթնանում: Ասում են գյուղ կանգնի գերան կկոտրի, ուզում եմ աշխարհի հայերով միշտ միասնական լինենք, որ ոչ մեկը չկարողանա մեզ կոտրի ու միբանված կերպով էլ նորից Արցախն ազատագրենք»: