Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 17:10 28-10-2023

Չեմ ուզում Արցախն աչքիս առաջ կորցնենք․ տեղի ունեցավ 44-օրյայի հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարը

Ավանի շախմատի դպրոցում այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արդեն 3-րդ անգամ անցկացվեց 44-օրյա պատերզմում նահատակված Հայկազ Մկրտչյանի հիշատակին շախմատի հուշամրցաշար։

Հայկազ Մկրտչյանը 5 տարեկանից ուսանել է հենց Ավանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում և մինչև զորակոչվելը զբաղվել շախմատով, բազմաթիվ հաջողություներ գրանցել։

Հայկազը հասցրել էր բանակում ևս շախմատի մրցաշարերի մասնակցել ու կրկին հաջողություններ գրանցել։ Հերոսի մայրը՝ Աննա Մկրչյանը, Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ շախմատը նաև ծառայության ընթացքում է որդուն օգնել․


«Շախմատը միշտ ուղեկից է եղել, օգնել է նաև իր մարտական ուղին կերտելու ժամանակ, որովհետև բազմաթիվ հաշվարկներ անելու համար իր մոտ արդեն ձևավորված է եղել մի քանի քայլ առաջ նայելու հմտությունը»։

Հայկը մասնակցել է նաև 2020 թվականի հուիսյան մարտերին։ Տիկին Աննան հիշում է այդ օրերին որդու հետ ունեցած զրույցները․

«Ասացի՝ Հայկ ջան, երբ պետք է այս 3 ամիսն էլ անցնի, որ զորացրվես, պատասխանեց՝մի ասեք այդպես, երբ հետ ենք նայում ու տեսնում, թե գյուղում ապրող մարդիկ մեր հույսով ինչպես են ապրում, աշխատում, դրանից լավ զգացողություն չկա, իրենց համար ո՞նց չկռվենք․․․»։

Հայկազ Մկրտչյանը հոկտեմբերի 14-ից մասնակցել է 44-օրյա պատերազմին, եղել Ջրականում, Դրախտիկում ու Ազոխում, իսկ Կարմիր Շուկայում՝ հոկտեմբերի 29-ին ստացել վիրավորում։

«Մինչև Արցախ մեկնելը Հայկս ասում էր՝ մինչև Հայաստանից օգնության չհասնեն, պատերազմը չի վերջանալու, որովհետև մենք գիտենք՝ ոնց սրանց հետ վարվենք, հուլիսին իրենց ջարդը տվել ենք։ Շատ էր նեղվում, երբ նահանջի հրաման էին ստանում, հասկանում էր, թե ինչ է կատարվում, տեսնում էր և մեզանից ավելի լավ էր պատկերացնում իրականությունը։ Ասում էր՝ սրտիցս արյուն է գնում, լացս գալիս է, չեմ ուզում Արցախն աչքիս առաջ կորցնենք․․․ Ստացվեց այնպես, որ Արցախն այս պահի դրությամբ կորցրեցինք»։

Հերոսի հիշատակին նվիրված հուշամրցաշարի ավարտին բոլոր մասնակիցները ստացան գրքույկներ, որտեղ ներկայացված էր Հայկազ Մկրտչյանի կենսագրությունը, նրա խոսքերը պատերազմի ժամանակ։ Ընտանիքի անդամները հույս ունեն, որ Հայկի խոսքերը կարդալուց հետո, դպրոցի սաների մոտ ավելի շատ կամրապնդվի հայրենասիրությունը, ինչը մեր օրերում կարևոր է։

Մրցաշարի հաղթողները պարգևատրվեցին մեդալներով և գավաթներով։



Հայկազ Մկրտչյանը ծնվելէ 2000 թվականի հոկտեմբերի 31-ին, զոհվել է 2020 թվականի նոյմեբերի 9-ին։ Հերոսը հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Ֆոտոշարք