Ադրբեջանասիրությունից բացի` ադրբեջանական գազ գնելը ոչ մի այլ մոտիվացիա չունի
copy image url

Ադրբեջանասիրությունից բացի` ադրբեջանական գազ գնելը ոչ մի այլ մոտիվացիա չունի

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 23:30 27-10-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանից գազ գնել՝ երկու երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումից հետո։ Նա միևնույն ժամանակ հիշեցրել էր, որ Հայաստանը խորհրդային շրջանում՝ նախքան Արցախյան հակամարտությունը, գազ էր ստանում նաև Ադրբեջանից՝ նշելով, որ հարաբերությունների կարգավորումից հետո հնարավոր կլինի կրկին այդ տարբերակով գազ ստանալ։

«Հակամարտության պատճառով Ադրբեջանից Հայաստան գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցումը շոկային իրադարձություն էր Հայաստանի գազաէլեկտրական համակարգի համար, քանի որ այն ժամանակ մենք գազ էինք գնում Ադրբեջանից, իսկ հետո սկսեցինք Վրաստանի տարածքով նոր գազատարի շինարարությունը՝ մեր երկիր գազ մատակարարելու համար։ Հուսով եմ, որ մեր տարածաշրջանում խաղաղություն կլինի, և մենք կկարողանանք համագործակցել և դիվերսիֆիկացնել մեր էներգետիկ համակարգերը, ինչպես այն օրերին»,- հայտարարել էր Վարդանյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը նշեց, որ չի կարողանում հասկանալ, թե բացի ադրբեջանասիրությունից՝ որն է այդ հայտարարության մոտիվացիան։ Նա նշեց՝ իր տեղեկություններով՝ Հայաստանը գազի պակաս չունի, այսինքն, տնտեսության, սպառողական օգտագործման, արդյունաբերության և այլ նպատակների համար ՀՀ-ն որքան գազի կարիք ունի, այդքան գազ արդեն ստացել է։

«Եթե խոսքը վերաբերում է գազի մատակարարումների դիվերսիֆիկացիային, ապա չգիտեմ՝ տարածքային կառավարման փոխնախարարը տեղյա՞կ է, թե՞ ոչ, բայց Հայաստանը դիվերսիֆիկացիայի հարցը վաղուց է լուծել։ Ներկայումս Հայաստանը ոչ միայն Ռուսաստանից է գազ ստանում, այլ նաև Իրանից։ Այս առումով մեզ մոտ գազամատակարարման խնդիրը դիվերսիֆիկացված է, և նույնիսկ տնտեսական պատժամիջոցների ժամանակ Հայաստանը դա կարողացել է որոշակիորեն շրջանցել, որովհետև մատակարարված գազի դիմաց Հայաստանը Իրանին տրամադրել է էլեկտրաէներգիա»,- նշեց նա։

Ղազարյանի համոզմամբ՝ այդ թեզերը դաշտ նետելու նպատակը ադրբեջանասիրությունն է և ադրբեջանահպատակությունը, ուրիշ որևէ մոտիվացի չկա՝ հատկապես տնտեսական շահերի համատեքստում։ Նա չբացառեց, որ հնարավոր է դա իրականացվում է նաև հանրության տրամադրությունները ստուգելու նպատակով։ «Սակայն տնտեսական որևէ հիմնավորվածություն, կամ անհրաժեշտությամբ պայմանավորված այդ որոշումը չի կարելի մեկնաբանել»,- կարծում է նա։

Մեր զրուցակիցը նաև չհամաձայնվեց այն դիտարկումների հետ, որ Ադրբեջանը Հայաստանին էժան գնով է գազ մատակարարելու։ Նա նշեց, որ գազ մատակարարող երկիրն ու ընկերություններն իրենք են որոշում, թե որ երկրին ինչ գնով են գազ մատակարարելու։ Էդգար Ղազարյանն այս համատեքստում որպես օրինակ ընդգծեց, որ Ռուսաստանը Հայաստանին և օրինակ ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանին տարբեր գներով է գազ մատակարարում․

«Հիմա ես ցանկանում եմ իմանալ, որ նրանք, ովքեր հայտարարում են, որ Ադրբեջանն ավելի էժան գնով է գազ մատակարարելու, նշանակում է, որ այդ թշնամական երկրի հետ արդեն բանակցություննե՞ր են վարել, իրենց պաշտոնապես գի՞ն են ասել։ Հիմա կարող է Ադրբեջանը որոշում է Հայաստանին գազ մատակարարել 5 անգամ ավելի թանկ գնով, քան մատակարարում է ուրիշ որևէ երկրի, իրենք ի՞նչ գիտեն՝ Ադրբեջանն ինչ գնով է գազ վաճառելու»,- նշեց նա։

Հարցին, թե ՌԴ-ն ինչպես կվերաբերվի, որ Հայաստանը որոշում կայացնի Ադրբեջանից գազ գնել, Էդգար Ղազարյանը պատասխանեց, որ Ռուսաստանը, որպես գազ արտահանող երկիր, վերահսկում է իր շուկաները և փորձում է հասկանալ, թե շուկաներում ինչ փոփոխություններ են տեղի ունենում և դրան համարժեք վերաբերմունք կցուցաբերեն։ Նա կարծում է, որ Գազպրոմում կան մարդիկ, ովքեր շատ արագ համապատասխան որոշումներ կկայացնեն։

Ղազարյանի հավելեց, որ տվյալ իրավիճակում ՌԴ-ի արձագանքելու գործիքակազմը շատ բազմազան կարող է լինել։ Նա չի բացառում, որ ՌԴ-ն առհասարակ կարող է դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը։ «Եթե չեմ սխալվում, Հայաստանի 1 տարվա գազի իրացման ծավալները Գազպրոմի ընդհանուր նորմատիվային կորուստների չնչին մասն են կազմում։ Հետևաբար կարող են Հայաստանին ընդհանրապես գազ մատակարարել, քանի որ Գազպրոմը գլոբալ բիզնեսում դրանից շատ մեծ կորուստ չի կրի»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին