Իրանի ներգրավմամբ տարածաշրջանում որոշ չափով վերականգնվում է 2020-ին խախտված ուժերի հավասարակշռությունը
copy image url

Իրանի ներգրավմամբ տարածաշրջանում որոշ չափով վերականգնվում է 2020-ին խախտված ուժերի հավասարակշռությունը

Արտաքին 1 տարի առաջ - 21:00 27-10-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հոկտեմբերի 23-ին Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում կայացավ 3+3 տարածաշրջանային համագործակցության ձևաչափի երկրորդ հանդիպումը, որին մասնակցեցին Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Այս ձևաչափով առաջին հանդիպումը կայացել էր դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 10-ին, Մոսկվայում՝ նույն երկրների փոխարտգործնախարարների մակարդակով։ Ինչպես այս, այնպես էլ մոսկովյան հանդիպմանը չէր մասնակցում Վրաստանը, որը պաշտոնապես բոյկոտում է այս ձևաչափը՝ որպես պատճառ նշելով դրանում ՌԴ-ի մասնակցությունը։

Իրանական կողմը չափազանց կարևորում էր այս ձևաչափով հանդիպման անցկացումը, քանի որ այն դիտարկում է որպես հնարավորություն՝ Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վրա ազդելու համար։ Նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերից հետո Թեհրանը մի քանի անգամ փորձել էր այս ձևաչափով հանդիպում նախաձեռնել, սակայն այդ ջանքերը չէին հաջողվել հիմնականում ռուս-ուկրաիանական պատերազմի հետևանքով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի և իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածության պատճառով։

Իրանական կողմը այս հանդիպմանը պատրաստվել էր բավականին հանգամանալից․ նախքան բուն հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին առանձին հանդիպումներ ունեցավ Թեհրան ժամանած տարածաշրջանային բոլոր 5 երկրների արտաքին գործերի նախարարների հետ։ Իրանի նախագահը հանդիպումների ընթացքում շեշտեց, որ իր երկրի համար խիստ անցանկալի է արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը, իսկ առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես տարածաշրջանային դերակատարների մասնակցությամբ։

3+3 ձևաչափով հանդիպման ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարը ներկայացրեց տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ իր երկրի սկզբունքային մոտեցումները։ Նկատենք, որ Թեհրանի մոտեցումները հիմնված էին միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքի վրա, որի շրջանակներում Իրանն աջակցություն հայտնեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Ուշագրավ էր, որ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր խոսքում շեշտեց, որ պետք է խուսափել այն օրակարգերի ու եզրույթների կիրառումից, որոնք միմիյանց հանդեպ տարածքային պահանջներ են պարունակում և հասկանում են կողմերից մեկի ինքնիշխանությանը։ Ակնհայտ է, որ առանց անուններ մատնանշելու իրանական կողմը նկատի ուներ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը և քողարկված կերպով կոչ էր անում հրաժարվել այն արտատարածքային միջանցքի տրամաբանության մեջ դիտարկելուց և տեղի-անտեղի Զանգեզուրի միջանցք եզրույթը կիրառելուց։

Գագաթաժողովի արդյունքներով կողմերը 9 կետից բաղկացած հայտարարություն ընդունեցին, որում շեշտվում էր պետությունների տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը։

Այսպիսով կարող ենք փաստել, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը Իրանի շահերի տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն՝ անգամ կենսական նշանակություն ունի, և իրանական կողմը ձգտում է ամեն գնով այս տարածաշրջանում հավասարակշռություն պահպանել։ Այս ձգտումը պայմանավորված է նաև ներկայումս Մերձավոր Արևելքում ընթացող Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմով, քանի որ չափազանց մեծ է հավանականությունը, որ պատերազմի աշխարհագրությունը կարող է ընդլայվել, իսկ հավանական տարածաշրջաններից մեկը, որը կվերածի ռազմական գործողությունների թատերաբեմի, Հարավային Կովկասն է։ Սա Իրանի համար անթույլատրելի է, քանի որ այդ դեպքում Ադրբեջանի տարածքը կարող է օգտագործվել որպես պլացդարմ՝ իրեն հարվածելու համար, ուստի Իրանի իշխանությունները ձգտում են ամեն գնով կանխել դա։ Նշենք, որ Իրանի նախագահը Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ շեշտեց, որ Սիոնիստական ռեժիմը (Իսրայելը) չի կարող որևէ մուսուլմանական երկրի բարեկամը լինել, ինչը վկայում է այն մասին, որ արտատարածաշրջանային ուժերին տարածաշրջան է բերում Իսրայելը։

Միևնույն ժամանակ տարածաշրջանային գործընթացներում Իրանի ներգրավվումը որոշ չափով վերականգնում է դեռևս 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո խախտված հավասարակշռությունը և զսպել թուրք-ադրբեջանական տանդեմի ունեցած հավակնությունները։ Սա բնականաբար բխում է Հայաստանի Հանրապետության շահերից և թույլ է տալիս էլ ավելի խորացնել Իրանի հետ ունեցած փոխգործակցությունը։

Առհասարակ Թուրքիայի և Ադրբեջանի համար ավելի ձեռնտու կլիներ այնպիսի ձևաչափ ստեղծել, որում Իրանը ներգրավված չէր լինի, քանի որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում այս դերակատարների շահերը հակասում են։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին ապա վերջինս շահում է տարածաշրջանում Իրանի ներկայությունից, քանի որ ստեղծված իրողությունների պայմաններում առանց Իրանի ՌԴ-ի համար իր ներկայությունը պահպանելը դժվար կլիներ, ինչը հետագայում կարող է խնդիրներ ստեղծել Հյուսիսային Կովկասում։

Դավիթ Գույումջյան