Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, նախօրեին Հայաստանն ու Ֆրանսիան՝ պաշտպանության նախարարների մակարդակով, ռազմական համագործակցության մասին պայմանագրեր ստորագրեցին: Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուին պայմանագրերի ստորագրման արարողությունից հետո հայտարարեց, որ Փարիզը Երևանին կմատակարարի երեք GM200 ռադարներ, Mistral հրթիռներ, ինչպես նաև կաջակցի զինված ուժերի բարեփոխումների հարցում:
Միևնույն ժամանակ ստորագրված համաձայնագրերով չի հստակեցվում, թե ինչ ժամկետներում ու ինչ ճանապարհով այդ մատակարարումները պետք է Հայաստան հասնեն։
Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը համաձայնագրերի ստորագրման փաստը դրական գնահատեց՝ նշելով, որ այս պահին Հայաստանն ունի զենք-զինամթերքի էական պակաս, իսկ մեր հիմնական մատակարարը՝ Ռուսաստանի Դաշնությունը, անգամ ցանկության պարագայում, Հայաստանին սպառազինություն տրամադրելու հնարավորություն չունի։ «Այլ հարց է՝ առհասարակ ո՞ւնի նման ցանկություն, թե՞ ոչ»,- ասաց նա։
Ռազմական փորձագետն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ շատ մեծ խնդիր է Ֆրանսիայից գնված զենք-զինամթերքը Հայաստան հասցնելը, որի համար պետք է լոգիստիկ կառույցներ ստեղծվեն։ Նրա խոսքով՝ խնդիր է նաև Հայաստանի զինված ուժերի անձնակազմի կողմից այդ սպառազինության յուրացումնը, ինչպես նաև անհրաժեշտ քանակը։
Հակոբյանը շեշտում է, որ մինչև 2020 թվականի Արցախյան պատերազմը և 2022 թվականի ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը ՌԴ-ն լուրջ քանակությամբ սպառազինություն էր տրամադրում, սակայն ներկայումս հարց է՝ Ֆրանսիան կկարողանա՞ այդ քանակը լրացնել, թե՞ ոչ։ «Գաղափարը լավն է, որովհետև ես բազմիցս ասել եմ, որ արևմտյան զենք-զինամթերքի և տեխնիկայի համակարգը լավն է, և մենք այս առումով պետք է միանանք արևմտյան ընտանիքին։ Սակայն այս հարցում կան բազմաթիվ եթե-ներ, որոնք արժեզրկում են այդ լավ գաղափարը»,- նշեց նա։
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ այս նախաձեռնությամբ Ֆրանսիան, ինչպես արևմտյան աշխարհը, Ռուսաստանին ձգտում է Հարավային Կովկասից դուրս մղել և ուժեղացնել սեփական ազդեցությունը՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետության տարածքում։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայի հիմնական խնդիրը սա է, իսկ Ռուսաստանն էլ, բնականաբար, պետք է դա թույլ չտա։
Հարցին, թե Ֆրանսիայի կողմից տրամադրվելիք սպառազինությունը որքանո՞վ է արդյունավետ Հայաստանի անվտանգային խնդիրները լուծելու և ադրբեջանական հնարավոր հարձակումներին դիմագրավելու տեսանկյունից, ռազմական փորձագետը պատասխանեց, որ կան մի շարք խնդիրներ, որոնք լուծելու դեպքում ֆրանսիական սպառազինությունն արդյունավետ կլինի։ Նա ընդգծեց, խնդիրներից առաջինը սպառազինության քանակն է՝ նշելով, որ եթե սպառազինությունը լինի անհրաժեշտ քանակով, ապա այն արդյունավետ կլինի. «Այստեղ նաև շատ կարևոր խնդիր է, որ այդ զենքը լայն իմաստով յուրացվի մեր անձնակազմի կողմից, որն էլ ժամանակի հարց է. առնվազն մեկ տարի, տարիուկես պետք է»։
Մհեր Հակոբյանը նաև նշեց, որ Հայաստանը սպառազինության քրոնիկ պակաս ունի, և եթե ենթադրենք, որ մեր հրետանային միջոցները պատերազմից հետո դեռևս չեն վերականգնվել, ապա ֆրանսիական զինամթերքն իր թերություննեով հանդերձ ավելի նախընտրելի է, քան որ ՀՀ-ն առհասարակ զենք չստանա։
Անդրադառնալով հայ-ֆրանսիական ռազմական գործարքին Ռուսաստանի արձագանքին՝ ռազմական փորձագետը համոզմունք հայտնեց, որ ինչպես Հայաստանի կողմից ձեռնարկված մյուս արևմտամետ քայլերին, այնպես էլ այս նախաձեռնությանը, բնականաբար, ծայրահեղ նեգատիվ էր։ Նրա խոսքով՝ բոլորը, այդ թվում Ռուսաստանը, շատ լավ հասկանում են, որ սա ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելուն և հերթական դիրքն իրենց ձեռքից վերցնելուն ուղղված քայլ է։
Հակոբյանը կարծում է, որ ՌԴ-ն այս որոշմանը կարձագանքի ամենալայն սպեկտրով, կլինեն տնտեսական, քաղաքական և այլ ճնշումներ։ Նա սակայն ընդգծեց, որ Ռուսաստանն այս պահին երկակի դրության մեջ է գտնվում, քանի որ մի կողմից պետք է արձագանքի Հարավային Կովկասից իրեն դուրս մղելու մարտահրավերներին, բայց մյուս կողմից էլ Ուկրաինայում իրավիճակը, թեև վերջին ամիսներին դրականորեն փոխվեց դեպի Ռուսաստան, այնուհանդերձ դա այն իրավիճակը չէ, որը վերջինիս թույլ կտա լիարժեք ներգրավվել Հարավային Կովկասում ընթացող սրացումներում՝ այդ թվում նաև ռազմական մակարդակով։
Ռազմական փորձագետը հավելեց, որ Ռուսաստանն առայժմ սպառվող ժամանակը ձգձգելով զերծ է մնում սրացումներից, սակայն ակնհայտ է, որ նա ատամներով պայքարելու է՝ Հարավային Կովկասից դուրս չգալու համար։
Դավիթ Գույումջյան