Երևան +10°
copy image url
Արտաքին Ներքին 6 ամիս առաջ - 17:00 17-10-2023

Եթե Իսրայելի ցամաքային գործողությունը չկանխվի, տարածաշրջանային պատերազմի հավանականությունը կմեծանա

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հոկտեմբերի 7-ին իսրայելա-պաղեստինյան հարաբերությունները կրկին սրվեցին այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։

Իսրայելը մինևնույն ժամանակ լիովին պաշարել է Գազայի հատվածը՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։

Միևնույն ժամանակ հակամարտության հետևանքով երկու կողմն էլ ունի հազարավոր զոհեր․ Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 1400-ը, իսկ պաղեստինյան կողմում, ըստ Առողջապահության նախարարության, հասել է 2808-ի։ Նրանցից 2750-ը զոհվել է Գազայում, 58-ը՝ Հորդանան գետի արևմտյան ափին։ Կողմերի վիրավորների ընդհանուր թիվը գերազանցում է 10 հազարը։

Oragir.News-ի հետ զրույցում արաբագետ Արմեն Պետրոսյանը նշեց, որ առնվազն հրապարակային մակարդակով հնչեցված հայտարարությունները դիտարկելիս պարզ է դառնում, որ կողմերը շատ հեռու են իրենց վերջնանպատակների իրականացումից։ Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի պարագայում նպատակները ոչ այնքան հեռանկարային են եղել, քանի որ կազմակերպությունը նման հուժկու պատասխան չէր կանխատեսել։

«‎Այսինքն՝ այն, ինչ այս պահին տեղի է ունենում Գազայում և ինչի մասին հայտարարում է Իսրայելը, նշանակում է Գազայի հատվածում իսրայելական վերահսկողության ամբողջական հաստատում։ Դա ենթադրում է, որ Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ն ամբողջովին պետք է դուրս մղվի։ Սա փաստում է այն մասին, որ երբ ՀԱՄԱՍ-ի կողմից նախաձեռնվում էր այս լավ մշակված գրոհը, երկարաժամկետ հեռանկարում դրա հետևանքները ճիշտ չեն կանխատեսել՝ հատկապես այն աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, որոնցում ներկայումս գտնվում է տարածաշրջանը։ Այն խաղացողները, որոնք հնարավորություն ունեն իրենց համար ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրներ լուծել, օգտվում են իրավիճակից և լուծում են իրենց խնդիրները, ինչը ՀԱՄԱՍ-ը հաշվի չէր առել»,- ասաց նա։

Անդրադառնալով Իսրայելին՝ արաբագետը նշեց, որ վերջինս փորձում է օգտվել գլոբալ իրողություններից, աշխարհակարգի փոփոխությունից, իրավակարգի անգործությունից և վերջ տալ Գազայում ՀԱՄԱՍ-ի ներկայությանը, իսկ շրջանն ամբողջովին վերցնել իր վերահսկողության տակ։

Հարցին, թե Իսրայելին կհաջողվի՞ Գազայի հատվածն ի վերջո վերցնել իր վերահսկողության տակ, Արմեն Պետրոսյանը պատասխանեց, որ եթե Իսրայելի դեմ հստակ ու առարկայական գործողություններ չիրականացվեն, վերջինիս գործողությունները կանխելու համար, և նա Գազայի հատվածում արդեն ցամաքային գործողություն սկսի, ապա մեծ հաշվով կկարողանա իր առջև դրած խնդիրները լուծել։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրեց այն բանին, որ միջազգային դերակատարների կողմից ջանքեր գործադրվում են՝ Իսրայելի նպատակների իրականացումը կանխելու ուղղությամբ։

Մեր զրուցակիցը նշեց, որ հիմնականում Իրանն է փորձում որոշակի քայլեր ձեռնարկել, սակայն Թեհրանը համարվում է Իսրայելի հակառակորդ տարբեր խմբավորումների հովանավորը, իսկ այս պարագայում նրա քայլերը կարող են ոչ թե զսպող լինել, այլ հակառակը՝ հրահրող․

«Իսկ հիմնական խաղացողները, որոնք կարող են կանխել այդ զարգացումները, դրանք Թուրքիան են, արաբական առանցքային երկրները՝ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, գլոբալ խաղացողները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, եվրոպական որոշ երկրներ, սակայն նրանց գործիքակազմում առարկայական քայլեր չեն նշմարվում։ Այսինքն՝ ավելի հավանական է, որ Իսրայելի գործողությունը կունենա շարունակություն, այլ ոչ թե կկանխվի։ Իսկ այդ շարունակությունն էլ հղի է վտանգով, որ կարող է ավելի ընդլայնել հակամարտության մասշտաբները՝ այն վերածելով տարածաշրջանային պատերազմի»։

Արմեն Պետրոսյանի համոզմամբ՝ տարածաշրջանային պատերազմի հավանականությունը մեծ է, եթե Իսրայելի ցամաքային գործողությունը չկանխվի։ Նրա խոսքով՝ այդ գործողությանը կարող են պատասխանել լիբանանյան Հըզբոլլահը, Սիրիայի տարածքում գտնվող տարբեր խմբավորումները և այլն, ինչը կհանգեցնի Իսրայելի պատասխանին և պատերազմի մասշտաբները բավականին կմեծանան։

«Ակնհայտ է, որ Իսրայելը նման նպատակներ ունի, Իրանը նախազգուշացնում է, որ պատերազմի մասշտաբները կարող են մեծանալ, ԱՄՆ-ն և Ֆրանսիան փորձում են Իրանին հետ պահել իր հովանավորյալ մյուս կառույցներին այս պատերազմում ներգրավվելու փորձերից։ Սակայն խնդիրը պետք է տեղում լուծվի, այսինքն՝ հրադադարի ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև, ինչն այս պահին անհավանական է թվում»,- նշեց նա։

Արաբագետը նաև հավելեց, որ երեկ տեղեկություն էր շրջանառվում առ այն, որ կողմերը հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերել, սակայն երկու կողմն էլ այդ տեղեկությունը հերքեց, ինչը վկայում է թշնամական հարաբերությունների առկայության մասին։

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի