Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 17:28 12-10-2023

Ավելի քան 100 հազար էթնիկ հայեր վախենալով փախել են ԼՂ-ից․ Շոն Մըրֆի

Ջորջ Վաշինգտոնի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Շոն Մըրֆին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացրեց Հայաստանի միջնորդությամբ ներկայացված 10 միջոցները: Դրանք հետևյալն են.

1. Ադրբեջանը պետք է զերծ մնա ձեռնարկելուց այնպիսի միջոցառումներ, որոնք կարող են հանգեցնել ռասայական խտրականության: Այս լայն միջոցը ձգտում է ապահովել ոչ թե կոնկրետ տեսակի վարք, այլ նպատակ ունի հաշվի առնել Ադրբեջանի գործողությունների բազմազանությունը 2023 թվականի սեպտեմբերից ի վեր, որոնք էականորեն վտանգել են էթնիկ հայերի՝ խտրականության չենթարկվելու իրավունքները, որոնք սահմանված են կոնվենցիայով:

2. Ադրբեջանը պետք է զերծ մնա որևէ գործողությունից, որը նպատակ կունենա այնպիսի ազդեցության, որ ԼՂ-ում դեռևս մնացած էթնիկ հայերը հեռանան իրենց տեղերից, իսկ տեղահանված հայերին թույլ չտրվի վերադառնալ ԼՂ-ում իրենց տները, կամ թույլ չտալ նրանց, ովքեր ցանկանում են հեռանալ ԼՂ-ից, հեռանալ այնտեղից: Այս միջոցը, ըստ էության, վերաբերում է ԼՂ-ի նկատմամբ էթնիկ հայերի ունեցած տեղաշարժի ազատությանը:
«Ադրբեջանն արդեն մի շարք բացասական քայլեր է ձեռնարկել, որոնք խթանել են էթնիկ հայերի տեղահանումը և թույլ չեն տվել նրանց վերադառնալ»,- նշեց Շոն Մըրֆին:

3. Այս միջոցը վերաբերում է նրան, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի ողջ ռազմական և իրավապահ ուժերը ԼՂ քաղաքացիական բնակավայրերից և հաստատություններից, որոնք նրանք զավթել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ի զինված հարձակման հետևանքով:

«Դատարանը պետք է նկատի առնի, որ մենք խնդրում ենք, որ Ադրբեջանի ռազմական և իրավապահ անձնակազմը դուրս բերվի բացառապես քաղաքացիական հաստատություններից, որոնք նրանք զավթել են ԼՂ-ում»,- նշեց նա:

4-րդ միջոցը, որ հայցում ենք, այն է, որ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա խաթարելուց ՄԱԿ-ի մուտքը ԼՂ, այնտեղ գտնվող էթնիկ հայերի հետ շփումները, կամ միջամտի ՄԱԿ-ի գործողություններին:

«Միակ ձևը, որով կարելի է երաշխավորել, որ էթնիկ հայերը անվտանգ կզգան վերադառնալու և մնալու ԼՂ-ում, այն է, որ ՄԱԿ-ի մշտադիտարկման առաքելություն տեղավորվի այնտեղ և ունենա շարունակական անխոչընդոտ և անխաթար հասանելիություն այնտեղ գտնվող ամբողջ էթնիկ հայկական համայնքին և ամբողջ տարածաշրջանին: Այսպիսի առաքելությունը պետք է ներառի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներ, որոնց ադրբեջանցիները թույլ չեն տվել այցելել հայկական մշակութային վայրեր: Հայերի իրավունքների լիարժեք պաշտպանությունն ապահովելու համար անհրաժեշտ է շարունակական և անխոչընդոտ ՄԱԿ-ի առաքելություն, այնպիսի առաքելություն, որտեղ կան մարդու իրավունքների փորձագետներ, որը կաշխատի լիարժեք թափանցիկության պայմաններում՝ հասկանալու, թե ինչ է կատարվում տարածաշրջանում»,- ասաց Շոն Մըրֆին:

5. Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա ձեռնարկելուց որևէ քայլ, որը կխաթարի մարդասիրական աջակցությունը ԿԽՄԿ-ի կողմից ԼՂ-ի էթնիկ հայերին, և փոխարենը Ադրբեջանը պետք է ակտիվորեն համագործակցի ԿԽՄԿ-ի հետ այդ նպատակով:

Մըրֆին հիշեցրեց, որ Ադրբեջանը նույնիսկ առևանգել է էթնիկ հայերին, որոնք ԿԽՄԿ-ի միջոցով տեղափոխվում էին Հայաստան շրջափակման ընթացքում:

6-րդ միջոցը, որը Հայաստանը հայցում է, այն է, որ Ադրբեջանը անմիջապես վերականգնի հանրային ծառայությունները ԼՂ-ում և ձեռնպահ մնա ապագայում դրանց խաթարումից:

7-րդ միջոցը, որ հայցում է, այն է, որ Ադրբեջանը զերծ մնա որևէ պատժիչ գործողությունից ԼՂ-ի ներկա կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների, ինչպես նաև ռազմական անձնակազմի անդամների նկատմամբ:

«Պատժիչ գործողություններ չձեռնարկել՝ ասելով՝ ՀՀ-ն նպատակ ունի, որ այսպիսի անհատներին պատժելու գործողությունները, որոնք ձգտել են ներկայացնել և պաշտպանել ԼՂ էթնիկ հայերին, պետք է բացառվի»,- ասաց Մըրֆին:

8-րդ միջոցն այն է, որ Ադրբեջանը չպետք է փոփոխի կամ ոչնչացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակը հարգող մշակութային կոթող, հուշարձան կամ վայր հանդիսացող որևէ օբյեկտ, որն այս պահին առկա է ԼՂ-ում:

9-րդ միջոցն այն է, որ Ադրբեջանը ուժի մեջ մտցնի և չոչնչացնի քաղաքացիական կացության գրանցումները և գրանցամատյանները, անձը նույնականացնող փաստաթղթերը և սեփականության իրավունքի փաստաթղթերն ու ռեգիստրները:

«Ավելի քան 100 հազար էթնիկ հայեր փախել են ԼՂ-ից՝ վախենալով. նրանք չեն գնացել արձակուրդ, և չի կարող լինել որևէ վիճարկում, որ նրանք կցանկանային վերադառնալ իրենց տները և ապրել իրենց խաղաղ կյանքով, ինչպես որ հազարամյակներ ապրել են իրենց նախնիները՝ լինելով տեղաբնակներ, եթե իրավունքները և անվտանգությունն ապահովվեն: Հայերը ցույց են տվել, որ նրանք փախել են իրենց կյանքի վախից, իրենց տները կորցնելու վախից կամ այն վախից, որ իրենք կհայտնվեն ազատազրկվածի վիճակում»,- եզրափակեց Շոն Մըրֆին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում