Երևան +12°
copy image url
Միտք 7 ամիս առաջ - 12:26 09-10-2023

Կայսերական երազանքի փլուզումը. հայերն այլ կերպ էին պատկերացնում Ռուսաստանի հետ դաշինքը․ չեխ պատմաբանի հոդվածը

Անցյալ շաբաթ ադրբեջանի կողմից իրականացված վայրագություններին և Ղարաբաղի հայության տեղահանումներին ուշի-ուշով հետևող չեխական մամուլի գրեթե ամենօրյա լուսաբանումների շարքում, այնուամենայնիվ, առկա են տարբեր չեխ հեղինակների հետաքրքիր վերլուծություններ, կարծիքներ, որոնց այս շաբաթ կանդրադառնանք աստիճանաբար: Այդ հրատարակված նյութերից է նաև Չեխիայի պաշտպանության համալսարանի պատմաբան՝ Տոմաշ Րժեպայի «Հակամարտություններն ու Ռուսաստանի անկայունությունը» վերլուծական հոդվածը, որը լույս է տեսել «ՄՖ ԴՆԵՍ» օրաթերթի (4.10.2023) չորեքշաբթի օրվա համարում։ Հոդվածին ծանոթացեք հետևյալ հղումով.

«Ռուսաստանի շուրջը վերածվում է ինտենսիվ մարտերով թատերաբեմի, և խոսքը միայն Ուկրաինայի մասին չէ: Վերջին օրերին համաշխարհային թերթերը լի են և Լեռնային Ղարաբաղին առնչվող վերնագրերով։ Ռուսաստանի դիրքերի թուլացումը լիովին ակնհայտ է դառնում տարածաշրջանում»։

Այս ենթավերնագրով է սկսել հեղինակն իր հոդվածը, որը թարգմանաբար ներկայացվում է ստորև.

«Ընդ որում, Մոսկվան այն ուժն էր, որը պետք է զսպեր հակամարտող կողմերին։ Ինչևէ, հարուստ և բնակեցված Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղին հարվածելու հարմար պահը, այնուամենայնիվ, հասունացավ հենց այս ընթացքում։ Դեռևս 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմում, ձեռք բերելով ընդարձակ տարածքներ, Բաքուն արդեն «իրեն էր ձգել ողջ պարանը»՝ թողնելով Հայաստանին «պարանի կարճ ծայրը»։

Այժմ տարածաշրջանը գտնվում է էթնիկ կամ կրոնական բռնության և մարդկանց իրենց տներից վտարելու վտանգի ներքո: Բռնության, նոր դժգոհությունների, տառապանքների և վենդետաների, այսպես կոչված, ոլորված պարույրը կրկին կարող է կանխել բնականոն համակեցությունը։ Հայերը կարող են իրենց դավաճանված զգալ՝ չցանկանալով ներգրավվել երկխոսության մեջ և ցուցաբերել տևական զինադադարի պատրաստակամություն։ Հինավուրց ու յուրօրինակ մշակույթ ունեցող, քրիստոնեությունն առաջինը պետական ​​կրոն ընդունած այդ փոքրիկ երկիրը, ստիպված է լինելու կուլ տալ դառը խայթը։

Առավել ևս՝ անկայունությունը կարող է հեշտությամբ դրսևորվել նաև մերձակա և հեռավոր այլ երկրներում:

• Նման բան ինչպե՞ս էր հնարավոր:Փորձենք ամփոփել տարածաշրջանի զարգացումները՝ ղարաբաղյան մարտերը համեմատելով Ուկրաինայում տեղի ունեցող մարտերի հետ։

Աշխարհով մեկ սփռված մոտ ութ միլիոն բնակիչ ունեցող Հայաստանը փոքր երկիր է, որտեղ ապրում է բնիկների մոտավորապես երեք միլիոնը: Այստեղ իր էական ազդեցությունն է ունեցել նաև Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։

Վերջնական պատրվակ է հանդիսացել թուրքերի ջախջախիչ պարտությունը Սարիղամիշում՝ (1914-1915 թվականների սահմանագծին) ցարական Ռուսաստանի հետ մենամարտում։ Պարտության պատճառն այն չէր, որ, օրինակ, հայերը պետք է օգնեին ռուսական զորքերին հինգերորդ շարասյան դերում։ Խոսքը միտումնավոր ստի առկայության մասին է։ Պարտության պատճառներն ընկղմված են եղել թուրքական հրամանատարության ապաշնորհության մեջ, երբ բազմաթիվ անպատրաստ զինվորներ ցրտահարվել և զոհ են դարձել դաժան ձմռանը։ Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության զոհերի թիվը հասել է մեկուկես միլիոնի։

Ժամանակին Հայաստանը եղել է շատ ավելի մեծ և կարևոր պետական ​​միավոր։ Այնուհանդերձ, ընթացիկ իրադարձությունները հասկանալու համար անհրաժեշտ է վերհիշել՝ ինչպիսի՞ն էր Հայաստանը խորհրդային տարիներին և հատկապես 1980-ականների վերջին։ Այդ ժամանակ Կովկասում ամբողջապես աճում էր ազգայնականությունն ու դժգոհությունը խորհրդային կարգերի նկատմամբ։ Անմոռանալի է նաև 1988-ի ավերիչ երկրաշարժը Հայաստանում, որը խլեց 50 հազար մարդկային կյանք։ Տեկտոնիկորեն անկայուն տարածքում ողբերգական ու առավել ավերիչ է անգամ երկարաժամկետ անկումը շինարարության ոլորտում։ Դրան զուգընթաց աճում էր նաև լարվածությունը Լեռնային Ղարաբաղում, որը դեռևս խորհրդային տարիներին կցվել էր Ադրբեջանի Միութենական Հանրապետությանը։ Այդ տարածքն իրեն միացնելու Հայաստանի անհաջող փորձը կնքվեց ջանքերի զուր վատնումով՝ չնայած այն փաստին, որ այնտեղ բնակվում էր զգալի հայկական մեծամասնություն։ Միութենական հանրապետությունների, իսկ հետագայում՝ առանձին պետությունների սահմանները բացարձակապես չէին զիջում էթնիկական սահմաններին, ինչը մեզ քաջ ծանոթ է Մերձավոր Արևելքից։ Այդպիսով հայերի և ադրբեջանցիների միջև վերաճող թշնամանքը 1988թ.-ին, ի վերջո, վերածվեց բացահայտ էթնիկ բախումների և զտումների, որը չկարողացավ հաղթահարել համընթաց թուլացող խորհրդային իշխանությունը։

Եվ միայն 1994 թվականի զինադադարով պատերազմը ժամանակավորապես ավարտվեց հայության հաղթանակով՝ (թեև մերթընդմերթ բախումները շարունակաբար եղել են անխուսափելի): 2020 թվականի աշնանը հակամարտությունը կրկին բռնկվեց՝ այս անգամ հակառակ արդյունքով, որի ընթացքում ակնառու դեր խաղաց Ադրբեջանի կիրառած անօդաչու թռչող սարքերի տեղակայումը։ Ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքը զգալիորեն ավելացավ։ Այդ գերակայությունը հաստատվեց վերջին ռազմական գործողությամբ։ Այդպիսով, կարծես թե վճռաբար կնքվեց Ադրբեջանի մշտական ​​մասի՝ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը։

Ռուսները պետք է վերահսկեին զինադադարը, սակայն վերջիններիս թուլության, նաև ուկրաինական պատերազմի վատ արդյունքների պատճառով, Ադրբեջանն ակնհայտորեն դադարեց հարգել նրանց դերակատարությունն այս հարցում։ «Խաղաղապահի առաքելության» շրջանակներում, ի վերջո, ռուսները նույնիսկ հայտնեցին իրենց մի քանի զոհվածների մասին, ինչը երկու տարի առաջ թերևս դժվար լիներ պատկերացնել։

«Անկայունությունն ապագայում կարող է ազդել ոչ միայն նախկին խորհրդային երկրների, այլև հենց Ռուսաստանի վրա»։

Այլևս ի՞նչ ունենք ավելացնելու։ Հավանաբար միայն այն, որ Ռուսաստանն այնքան է գերագնահատել իր ուժերը, որ ապագայում անկայունությունը կարող է ազդել ոչ միայն իր երկրի հարևանությամբ գտնվող նախկին խորհրդային պետությունների, այլև հենց իր՝ Ռուսաստանի վրա։ Հայերը, անշուշտ, այլ կերպ էին պատկերացնում նրա հետ դաշինքն ու դրա հետ կապված պաշտպանությունը։

Որոշակի առումով կապը Ուկրաինայի պատերազմի հետ ակնհայտ է։ Ղրիմում հերթական դիպուկ հարվածներից, Զապորոժիեի ճակատում և Բախմուտի շրջակայքում ռուս պաշտպանների օրեցօր վատթարացող իրավիճակից երևում է, որ թղթով փաստացի ճանաչված աշխարհի երկրորդ ուժեղագույն բանակը հետզհետե կորցնում է իր շունչը։ Դժվարություններ են առաջանում տեղակայված ստորաբաժանումների նյութատեխնիկական ապահովման, բարոյականության և մոտիվացման ոլորտներում: Սա դեռ չի նշանակում, որ ուկրաինացիների հաղթանակը մոտ է։ Պատերազմը, ամենայն հավանականությամբ, երկար կտևի, քանզի Կրեմլը պատրաստ չի լինի ընդունելու պարտությունը գոնե այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը դուրս չի գա կայունության շրջանակներից։ Բայց և այնպես, երկարաժամկետ միտումը հստակ է մարտի դաշտում։

• Կայսերական երազանքի փլուզումը

Պատերազմի սկզբում դժվար թե որևէ մեկն ակնկալեր, որ ուկրաինացիները կկարողանան ձեռք բերել նման նշանակալի նախաձեռնություն, ճնշման տակ կպահեն ռուսական ուժերին ընդարձակ տարածքներում, և որ Կրեմլը չի ​​իմանա, թե առաջնահերթ որտեղ ուղարկի համալրումներ՝ միաժամանակ հաշվի առնելով, որ ցանկացած սխալ որոշում կարող է հանգեցնել փլուզման։ Ուկրաինացիներին հաջողվում է դանդաղ և մեծ կորուստներով առաջընթաց՝ նույնիսկ լավ ուժեղացված պաշտպանական գծերի դեմ։ Թեև նրանք դրա համար շատ թանկ են վճարում. Ուկրաինան կլինի հաշմանդամներով՝ պատերազմի հետքերը մարմնի ու հոգու վրա դրոշմված մարդկանցով լի երկիր։ Ի հեճուկս այդ ամենի‚ նրա զինվորները վստահ են, որ դեռ կլինեն հաջողակ։ Ըստ երևույթին, ուկրաինական պաշտպանական ռազմավարությունը դեռ չի ասել իր վերջին խոսքը: Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնությունը, չնայած քաղաքական գործիչների որոշ հռետորական վարժանքների, չի ավարտվի մոտակա հեռանկարում։ Ընդհակառակը։ Ուկրաինացիները ստանում են այնպիսի զենքեր, որոնց ոչ ոքի կողմից չեն արժանացել պատերազմի սկզբում։ Այսօր դրանք շահել են իրենց արդյունքներով։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ում բանակցությունների ժամանակ նույնիսկ հայտարարել է, որ եթե Կիևի դաշնակիցները շարունակ պնդեն իրենց խաղաղության ծրագիրը, որը նախատեսում է օկուպացված տարածքների վերադարձ Ուկրաինային, Ռուսաստանի համար դա անընդունելի է, և ուկրաինական ճգնաժամի ելքը կորոշվի մարտի դաշտում։ Վերջապես երկար սպասված ճշմարիտ հայտարարություն հենց նրա շուրթերից։ Պատերազմն իսկապես վճռվում է մարտի դաշտում։ Այնտեղ, որը ստեղծեց Ռուսաստանը՝ Ուկրաինա ներխուժելով, և որտեղ փլուզվում է նրա կայսերական երազանքը»։

Թարգմանությունը՝ Արսեն Քոչարյանի,

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին