ՔՊ-ականները պետք է ենթարկվեն ԳԽ 1992թ․ որոշմանը․ ԱԺ-ն չի կարող այն չեղարկել
copy image url

ՔՊ-ականները պետք է ենթարկվեն ԳԽ 1992թ․ որոշմանը․ ԱԺ-ն չի կարող այն չեղարկել

Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 19:00 07-10-2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին Գրանադայում հռչակագիր է ստորագրել, որի համաձայն՝ ՀՀ-ն հավատարիմ է մնում Ադրբեջանի 86․6 հազար քառակուսի կմ տարածքային ամբողջականության ճանաչմանը։ Հիշյալ տարածքով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես իր մամուլի ասուլիսում հայտարարել էր Փաշինյանը, ընդգրկում է նաև ողջ Լեռնային Ղարաբաղը և այսպես կոչված նախկին անկլավները։

Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետության առաջին գումարման գերագույն խորհուրդը դեռևս 1992 թվականի հուլիսի 8-ին ընդունել է որոշում, որը ՀՀ իշխանություններին արգելում է ստորագրել որևէ միջպետական, կամ միջազգային փաստաթուղթ, որն Արցախը կճանաչի Ադրբեջանի կազմում։ Փաստացի Նիկոլ Փաշինյանը Գրանադայում հռչակագիր ստորագրելով հերթական անգամ խախտել է ԳԽ-ի այս որոշումը, որն առ այսօր չի չեղարկվել և շարունակում է ուժի մեջ մնալ։

Oragir.News-ի հետ զրույցում Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ընդգծեց, որ Փաշինյանն իր հայտարարությամբ խախտել է ոչ միայն Գերագույն խորհրդի որոշումը, այլ նաև Հայաստանի անկախության հռչակագիրը և սահմանադրությունը։ Նրա խոսքով՝ այդ հռչակագիրը նախատեսում է, որ Հայաստանից առանձին տարածքներ պետք է հանձնվեն Ադրբեջանին։

Ղազարյանն այս համատեքստում նշեց, որ Ալմա Աթայի հռչակագիրը, որին հղում է կատարվում, ՀՀ օրենսդրության մաս չի կազմում, և ԳԽ-ն այն վավերացրել է վերապահումներով, որոնք վերաբերում են հենց սահմանային հարցերին, իսկ Ադրբեջանի ԳԽ-ն առհասարակ չի վավերացրել։ «‎ՀՀ սահմանադրությամբ ասվում է, որ ցանկացած փոփոխություն կարող է իրականացվել բացառապես հանրաքվեի միջոցով։ Այսինքն առանց հանրաքվեի որոշման նման հայտարարություններ և զիջումներ անելը, որոնք ավելի վաղ ինքը նույնպես արել է՝ հանձնել է Գորիս-Կապան ճանապարհը, հանդուրժել է թշնամական ուժերի ներխուժումները Հայաստանի Հանրապետության տարածք և չի ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ թշնամու գործողությունները կանխելու, հետևանքները՝ վերացնելու համար, ավելին, ըստ պաշպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հայտարարության՝ պաշտոնազրկել է այն պաշտպանության նախարարին, որը փորձել է դիմադրություն ցույց տալ թշնամուն, պետական դավաճանության և պաշտոնական պարտականությունների կատարման իմաստով քրեական օրենսգրքով նկարագրվող հանցագործություններ են»,- նշեց նա։

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ՔՊ-ն կչեղարկի այս որոշումը՝ հետագայում պատասխանատվությունից խուսափելու համար՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ Ազգային ժողովը Գերագույն խորհրդի որոշումը չեղարկելու իրավասություն չունի, որովհետև ԱԺ-ն 1-ին գումարման ԳԽ-ի իրավահաջորդը չի հանդիսանում, այն 1995 թվականի Սահմանադրության ընդունումից հետո ձևավորված խորհրդարանների իրավահաջորդն է, իսկ առաջին գումարման Գերագույն խորհուրդն իրավահաջորդ չունի։ Նա հիշեցրեց, որ Գերագույն խորհուրդը, որն ընդունել է այդ որոշումը, ձևավորվել է Հայաստանից և Արցախից ընտրված պատգամավորներից, իսկ այդպիսի օրենսդիր մարմին հետագայում այլևս չի ձևավորվել։

Էդգար Ղազարյանը նաև նշեց, որ ՔՊ-ն որևէ կերպ չի կարող չեղարկել այդ որոշումը։ «Իրենք պետք է ոչ թե չեղարկեն, այլ ենթարկվեն այդ որոշման պահանջներին։ Ընդհանրապես մեր պաշոնյաները՝ այդ թվում կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները, պաշտոնը ստանձնելուց ունեն երդման տեքստ, որն իրենք հնչեցնում են, և այդ տեքստի մեջ նշվում է, որ իրենք պարտավորվում են հարգել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները։ Իրենք չեն կարող խախտել մեր օրենքները՝ իրենց դավաճանական ծրագրերն իրականացնելու նպատակով»,- շեշտում է նախկին դեսպանը։
Մեր հարցին, թե Գրանադայի հռչագիրը ի՞նչ կարող է տալ Հայաստանին այն դեպքում, երբ Ալիևը այն չի ստորագրել՝ Ղազարյանը պատասխանեց, որ իշխանությունները 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հաղթելով գնում են, իրենց բոլոր հայտարարությունները մեր հաղթելու մասին են։ Նա այս համատեքստում համոզմունք հայտնեց, որ ՀՀ իշխանություններն անցել են թշնամու կողմը, հետևաբար իրենք չեն սխալվում, իրենք իսկապես հաղթում են, բայց հաղթում են հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը։

«Դեռևս 2020 թվականից իրենց բոլոր հայտարարությունները հաղթելու մասին են, բայց ակնհայտ է, որ այդ հայտարարությունն Ալիևի համար որևէ պարտավորություն չի առաջացնում, որովհետև այդ հայտարարությունը ստորագրած մի կողմը ՀՀ-ն է, ում տարածքային ամբողջականությունը Ալիևը չի ճանաչում, ում նկատմամբ ունի թշնամական վերաբերմունք, ում տարածքը զավթել է և ցանկանում է նոր տարածքներ զավթել, որի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և այլն, իսկ ստորագրող մյուս կողմերը ԵՄ խորհրդի նախագահն է և ԵՄ 27 երկրներից ընդամենը 2-ի ղեկավարները։ Ադրբեջանը ԵՄ անդամ չի հանդիսանում և այդ կազմակերպության առաջ որևէ պարտավորություն չունի»,- եզրափակեց նա։