Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 23:00 05-10-2023

Անկարողությո՞ւն, թե՞ անտարբերություն․ Մոսկվան զոհաբերում է յուրայիններին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Վերջին օրերին՝ մասնավորապես Հայաստանի խորհրդրարանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումից հետո հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունն էլ ավելի է խորացել։ Ռուսական կողմը բազմիցս զգուշացնում էր, որ իր համար անընդունելի է ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այն թշնամական քայլ որակեց, սակայն դա ՀՀ իշխանություններին ստատուտը վավերացնելու որոշումից ետ չպահեց։

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի Դաշնությունը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով շատ հաճախ չի կատարում, կամ չի կարողանում կատարել Հայաստանի հանդեպ իր ստանձնած պարտավորությունները, որոնք գնահատվում են որպես դաշնակցային։ Հայաստանում գործող պրոռուսական շրջանակները այս ամենը մեկնաբանում են Հայաստանի իշխանությունների հակառուսական գործողություններով և պնդում են, որ իշխանափոխությունից հետո իրենք կկարգավորեն երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները, և այլևս նման խնդիրների չենք բախվի։

Իսկապես Հայաստանի իշխանությունները իրականացրել են բազմաթիվ քայլեր, որոնք մեղմ ասած առաջացրել են ռուսական կողմի դժգոհությունը, այս քննադատությունը օբյեկտիվ է։

Արցախի հարցում տեղի ունեցած վերջին զարգացումները Մոսկվան պայմանավորում է մի իրողությամբ․ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերին ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը ենթադրում է, որ Արցախի խնդիրն այլևս հանդիսանում է Ադրբեջանի ներքին գործը։ Այս փաստարկը նույնպես օբյեկտիվ է, և Մոսկվային հնարավորություն է ընձեռնում խուսափել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված իր պարտավորությունների կատարումից, սակայն որևէ կերպ չի արդարացնում Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված ագրեսիայի հանդեպ Ռուսաստանի անտարբերությունը, որը հանգեցրեց հայկական երկրորդ հանրապետության ամբողջական հայաթափմանը։

Միևնույն ժամանակ Արցախում տեղի ունեցած վերջին ցավալի իրադարձությունների համատեքստում ցանկանում ենք ուշադրություն հրավիրել մի իրողության վրա, որը կարծես թե չարժանացավ հանրության ուշադրությանը։ Ադրբեջանը ձերբակալեց և ցուցադրաբար Բաքու տեղափոխեց Արցախի նախկին երեք նախագահներին՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, որոնք բոլորն էլ պրոռուսական գործիչներ են, 2020 թվականի պատերազմից հետո իրենց գործողությունները համակարգում էին բացառապես ռուսական կողմի հետ և ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի հակառուսական նախաձեռնություններով հանդես չէին գալիս։

Oragir.News-ի տեղեկություններով՝ երբ Արցախի բնակչության մեծամասնությունն արդեն լքել էր Արցախը, նախկին նախագահները և ԱԺ նախագահը օրեր շարունակ գտնվել են ռուս խաղաղապահների հրամանատարական կետում, որտեղ բանակցություններ են ընթացել Լաչինի միջանցքով վերջիններիս անվտանգ անցումը կազմակերպելու շուրջ, ինչը փաստացի չի հաջողվել։ Ադրբեջանցիները փաստացի այս գործիչներին ձերբակալել են ռուս խաղաղապահների հրամանատարական կետում և վերջիններիս ներկայությամբ։

Այսպիսով կարող ենք փաստել, որ Մոսկվան իր գործողություններով փաստացի զոհաբերեց նաև իր յուրայիններին, ովքեր ոչ միայն Արցախի, այլ նաև իրենց ճակատագրի հարցում հույս էին կապում ռուսական կողմի հետ, սակայն նա վերջին պահին նրանց թողեց բախտի քմահաճույքին։ Դժվար է ասել Մոսկվայի նման գործելակերպը պայմանավորված է անկարողությա՞մբ, թե՞ անտարբերությամբ, ինչը ստեղծված իրավիճակում արդեն կարևոր էլ չէ, սակայն դրանից իրողությունը չի փոխվում, որ Արցախի նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաները հայտնվել են ադրբեջանական բանտերում, և վերջիններիս սպասվում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։

Հայաստանի ներկայիս վարչապետին և նրա գլխավորած քաղաքական ուժին կարելի է քննադատել ամենատարբեր հարցերում, նրանց վարած քաղաքականության հետևանքով մեր երկիրը հայտնվել է շատ լուրջ աղետի շեմին, իսկ Արցախը փաստացի արդեն կորցրել ենք, սակայն դա չի նշանակում, որ այս քննադատությունների համատեքստում անհրաժեշտ է ամեն գնով արդարացնել և լեգիտիմացնել Ռուսաստանի գործողությունները, որը խուսափում է իր ստանձնած պարտավորությունների կատարումից։ Նման մոտեցում են ցուցաբերում Հայաստանի մի շարք քաղաքական և փորձագիտական շրջանակներ, սակայն նրանք աչքի առաջ ունենալով Արցախի նախկին նախագահների օրինակը, պետք է գիտակցեն, որ իրենց պարագայում նույնպես ՌԴ-ի գործողությունները նույնն են լինելու։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի