Երևան +14°
copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 21:30 04-10-2023

Ադրբեջանին պատճառներ են պետք՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից խուսափելու համար

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, ադրբեջանական կողմը հրաժարվել է Գրանադայում կայանալիք հնգակողմ հանդիպումից, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 5-ին։ Ադրբեջանական կողմը հանդիպումից հրաժարումը պայմանավորել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի կողմից հնչեցված վերջին հայտարարություններով։

Միևնույն ժամանակ Բաքուն պահանջել է, որպեսզի հանդիպմանը մասնակցի նաև Թուրքիան, ինչը Գերմանիայի և Ֆրանսիայի կողմից կտրականապես մերժվել է։ Այս համատեքստում ադրբեջանական կողմը հայտնում է, որ իր համար անընդունելի է ցանկացած ձևաչափ, որտեղ ֆրանսիական կողմն ընդգրկված կլինի։

Oragir.News-ի հետ զրույցում ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն ընդգծեց՝ ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը նպատակ ունի խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, և նրան պատճառներ են պետք, որպեսզի նա հնարավորինս խուսափի այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումից։ Նա նշեց, որ փորձագետները՝ այդ թվում նաև ինքը, բազմիցս զգուշացրել են, որ Ադրբեջանի նպատակը Հայաստանի հետ այսպես կոչված հարաբերությունների կարգավորումն է ռազմական ճանապարհով, ինչն իրենից ենթադրում է քարոզչական թեզերի տարածում առ այն, թե «Ադրբեջանն իր պատմական տարածքներն ունի Հայաստանում, և Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման լավագույն տարբերակը դրանք Ադրբեջանի կազմ վերադարձնելն է»։

Անդրադանալով Ֆրանսիայի մասնակցության հարցում Ադրբեջանի դժգոհություններին՝ ադրբեջանագետը դա որակեց որպես պատրվակ և նշեց, որ իր համոզմամբ՝ ադրբեջանական կողմը փորձում է հնարավոր բանակցային գործընթացում ներգրավվել նաև Թուրքիային, որպեսզի իրենք կարողանան հնարավորինս բալանսավորել փաստաթղթում արձանագրված կետերը կամ պայմանավորվածությունները, այսինքն՝ չեզոքացնեն Հայաստանի կողմից առաջ քաշված պայմանները։ Նա շեշտում է, որ Թուրքիան մշտապես փորձել է ներգրավվել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում, և Ադրբեջանի կողմից հանդիպման չեղարկումը նպատակ ունի բանակցային սեղանի շուրջ նստող պետությունների կազմն ընդլայնել։

Դավթյանը հիշեցնում է, որ Թուրքիան տարիներ շարունակ, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, փորձում էր դառնալ համանախագահող չորրորդ երկիրը, ինչը որևէ կերպ չէր հաջողվում։ «Թուրքական կողմը եղել է ԵԱՀԿ Միսկի խմբի կազմում, սակայն համանախագահ չի եղել։ Իսկ այս պատրվակն ուղղված է դրան, փորձ է արվում հանդիպման մասնակիցների շրջանակը մեծացնել, որպեսզի չեզոքացնեն Հայաստանի ոչ հայկական կառավարության այն գործոնը, որը կարող է խաղաղության պայմանագրում Ադրբեջանի համար ոչ ցանկալի կետեր ամրագրել»,- կարծում է նա։

Ինչ վերաբերում է Արցախը զավթելուց հետո Ադրբեջանից հնչող այն հայտարություններին, որ Բաքուն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու նպատակով ուժ չի կիրառելու, սակայն վերջին օրերին մենք կրկին ականատես ենք լինում հրադադարի ռեժիմի խախտումների՝ Գառիկ Դավթյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Ադրբեջանը 30 տարվա բանակցությունների համատեքստում երբևիցե իր ստանձնած պարտավորությունները չի կատարել, ուր մնաց թե հավատարիմ լինի իր հնչեցրած հայտարարություններին։ Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանի և հատկապես Թուրքիայի համար առաջնահերթություն է, և իրենք տարբեր ժամանակներում՝ օգտվելով Հայաստանի թույլ իրավիճակից, փորձում են այն ստանալ։

Ադրբեջանագետը համոզմունք հայտնեց, որ Գրանադայի հանդիպման չեղարկումը դեպի իրադարձությունները պատերազմի, կամ լոկալ բախումների, որոնց միջոցով Հայաստանից նոր տարածքներ կգրավի և նոր զիջումներ կպարտադրի. «‎Այսինքն՝ ես ակնարկում եմ անկլավների հանձնման, ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին, ինչպես նաև արդեն ընթացքում կոմոնիկացիաների բացման խնդիրը կլինի, որի արդյունքում Հայաստանը կդառնա ոչ թե պետություն, այլ տնտեսական կապուղի»։

Դավթյանը նաև նշեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ վերջին երեք տարում, Արևմուտքը փորձում է ամեն կերպ ամրապնդվել Հարավային Կովկասում և հատկապես Հայաստանում, որտեղ շրջանում առկա են նաև հակառուսական տրամադրություններ։ Նա այս համատեքստում շեշտում է, որ Հայաստանի իշխանությունների նպատակը ոչ թե երկրի անվտանգությունն ապահովելն է, այլ ուժերի սպասարկման որևէ կենտրոն դառնալը։ «Արդեն իսկ ակնհայտ է, որ սա Ադրբեջանի համար հանդիպումից հրաժարվելու պատրվակ է ստեղծում և սպասել, որ կլինի խաղաղության հաստատման հնարավորություն, կամ թեկուզ ճանապարհի բացման համատեքստում որևէ դրական զարգացում, բնականաբար, Ադրբեջանին ձեռնտու չէ։ Հայաստանն արդեն իսկ ունի Արևմուտքից կախյալ կարգավիճակ, բևեռի փոփոխության ուղղությամբ առկա են որոշակի գործողություններ, իսկ Ադրբեջանն այս ամենից օգտվելով և տարածաշրջանային պետությունների շահերը հաշվի առնելով՝ իր արտաքին քաղաքականությունը կառուցել, ինչն էապես այդ երկրին դարձնում է պետություն և գործող ուժ Հարավային Կովկասում»,- նշում է նա։

Մեր զրուցակիցը նաև հիշեցրեց, որ իրանական կողմը ՀՀ տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ ընդգծել է, որ չի հանդուրժի այլ պետությունների՝ հատկապես Արևմուտքի ներկայությունը Հայաստանում։ Նրա խոսքով՝ այս խառնիճաղանջ քաղաքականությունն, այն էլ առանց անվտանգության բարձիկների, կործանարար հետևանքների է բերելու։

«Ես իմ մտահոգությունն եմ հայտնում, որ Հայաստանի ոչ հայկական կառավարության կողմից վարվող քաղաքականությունն ուղղված է Հայաստանի պետականությունը կորցնելուն և այլ պետությունների շահերի սպասարկման տարածք դառնալուն»,- եզրափակեց նա։