Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, նախօրեին ավարտվել է ՄԱԿ-ի առաքելության մեկօրյա այցը Արցախ։ Սա վերջին 30 տարվա ընթացքում առաջին դեպքն էր, երբ Ադրբեջանը թույլտրվել էր առաքելության մուտքը Արցախ, սակայն միայն այն բանից հետո, երբ սեփական ագրեսիայից հետո Արցախի բնակչության մեծամասնությունը հեռացել էր այնտեղից, իսկ պատերազմական հանցագործությունների առկայությունը փաստող ապացույցների մեծ մասը հաջողվել էր վերացնել։
Հատկանշական էր, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ տարածաշրջան մեկօրյա այցի ընթացքում առաքելությունը Ստեփանակերտում քաղաքական ենթակառուցվածքների, այդ թվում` դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման նշաններ չի նկատել, չնայած այն բանին, որ բոլոր խանութները փակ են եղել: Նշենք, որ համացանցում հրապարակվել են բազմաթիվ կադրեր, որոնք վկայում էին այն մասին, Բաքուն թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքները և պնդումը, թե իբր ռազմական գործողությունների թիրախում եղել են միայն Արցախի Պաշտպանության բանակի դիրքերը, հենակետերը և սպառազինությունը, մեղմ ասած ասած չեն համապատասխանում իրականությունը։
Նման հայտարարությունը վկայում է այն մասին, որ կա՛մ ադրբեջանական կողմն Արցախ ժամանած առաքելությունը թույլ չի տվել շրջել քաղաքի ամբողջ տարածքում, ինչի հետևանքով էլ վերջիններս նման գնահատական են հնչեցրել, կա՛մ գործ է դրվել հայտնի խավիարային դիվանագիտությունը, որի միջոցով Ադրբեջանը տարիներ շարունակ կաշառել է եվրոպացի տարբեր պաշտոնայների և նրանցից կորզել իրեն անհրաժեշտ քայլերը և հայտարարությունները։
ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցչին միևնույն ժամանակ զարմացրել է այն իրողությունը, որ Արցախի բնակչությունը նման արագությամբ լքել է իր տները, իսկ Արցախում մնացած հայերի թիվը տատանվում է 50-ից 1000-ի միջև։ Այս հայտարարությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից էթնիկ զտում է իրականացվել, որի հետևանքով ավելի քան 100 հազար մարդ ստիպված է եղել լքել իր հայրենիքը։ Արցախում մնացած հայ բնակչության թվի նման մեծ տատանումն իր հերթին, ենթադրաբար, պայմանավորված է այն իրողությամբ, առաքելությունը չի կարողացել այցելել Արցախի բոլոր բնակավայրեր և արձանագրել այնտեղ առկա իրավիճակը։
Կարծում ենք, որ իրականում տարածաշրջան ժամանած պատվիրակության նպատակը ոչ թե Արցախի ժողովրդին պատու հասած ողբերգության և դրա հետևանքների արձանագրումն էր և նոր ողբերգությունների կանխումը, այլ սեփական օրակարգի սպասարկումն ու ռուսական կողմի ազդեցության թուլացումը, որի խաղաղապահները դեռևս գտնվում են Արցախում։ Ռուսական կողմն իր հերթին ամեն գնով ձգտում է պահպանել իր ներկայությունը տարածաշրջանում, ինչի մասին վկայում են Մոսկվայի վերջին քայլերը, ինչպես նաև այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարի կողմից Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին պարգևատրելու արարողությունը, ովքեր փաստացի տապալել են իրենց առաքելությունը, չեն կարողացել ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը և ավելի քան 100 հազար մարդ լքել է իր հայրենիքը։
Ստեղծված իրավիճակը քաղաքական սակարկությունների լայն հնարավորություններ է ընձեռնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով Արցախն ամբողջովին զավթելուց հետո, փորձում է առավելագույնը կորզել ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Արևմուտքից և իր քաղաքականությունը կառուցելով այս երկու կողմերի ունեցած տարաձայնությունների վրա կարողանում է առաջ մղել սեփական օրակարգը և պատասխանատվության չենթարկվել Արցախի ժողովրդի հանդեպ իրականացրած հանցագործությունների համար։
Այսպիսով կարող ենք փաստել, որ հայաթափված Արցախում, բացի Հայաստանի Հանրապետությունից, բոլոր դերակատարները փորձում են առաջ մղել սեփական օրակարգը և սպասարկել բացառապես իրենց շահերը՝ անտեսելով այն իրողությունը, որ վերջին իրադարձությունների հետևանքով Արցախի 120 հազար հայ բնակչությունը էթնիկ զտման ենթարկվեց և ստիպված եղավ հեռանալ իր հայրենիքից։ Ցավոք, շատ հաճախ այս սակարկություններն ու աշխարհաղաքական առևտուրը տեղի է ունենում հենց հայկական շահերի հաշվին, իսկ Հայաստանի Հանրապետությունը, որը մի ժամանակ հանդիսանում էր Արցախի անվտանգության երաշխավորը որևէ գործնական քայլ չի ձեռնարկում և սահմանափակվում է միայն միջազգային հանրությանն ուղղված կոչերով, որոնք որևէ կերպ չկարողացան կանխել վերջին ցավալի իրադարձությունները։
Բացի այդ, նկատենք, որ չափազանց դժվար է որևէ գործողություն, կամ քայլ ակնկալել միջազգային դերակատարներից, երբ Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում սեփական ապօրինություններն արդարացնելու նպատակով հղում էր կատարում Հայաստանի վարչապետի հայտարարություններին, ով նիստից ժամեր առաջ և Ադրբեջանի ագրեսիայից երկու օր անց պնդում էր, որ Արցախի խաղաղ բնակչության կյանքին վտանգ չի սպառնի։
Ստեղծված ծանր իրավիճակում Հայաստանի բնակչությունը պետք է, որ որևէ միջազգային դերակատար իր փոխարեն չի պաշտպանելու իր շահերը, եթե ինքը նման ցանկություն չունի, իսկ հնարավոր դաշնակիցները կարող են միայն աջակցել Հայաստանի գործողություններին։ Ինչ վերաբերում է դաշնակիցների հնարավոր աջակցությանը, ապա դրան հասնելու համար նույնպես անհրաժեշտ է դիվանագիտական մեծ աշխատանք կատարել, որը նույնպես օրվա իշխանությունները տապալել են։