Երևան +12°
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 18:00 03-10-2023

Եկվոր թշնամին մեզ ասելու է եկվո՞ր․ ուսուցիչներն ու ծնողները բողոքում են 7-րդ դասարանի պատմության դասագրքից

Համացանցում օրերս ակտիվ քննարկվում էր 7-րդ դասարանի նոր պատմության դասագրքի 13-րդ գլուխը՝ «Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումները» բաժնում գրված է, որ ազգերի կամ ժողովուրդների և նրանց լեզուների ծագման վերաբերյալ հետաքրքրությունն առաջացել է շատ վաղ ժամանակներից։ Տարբեր ժամանակներում տարբեր բացատրություններ են տրվել դրանց վերաբերյալ, բայց դրանցից ոչ մեկն էլ վերջնական չէ և առկա են տարբեր մոտեցումներ։ Հայերի ծագման և վաղնջական պատմության հարցն ամենաշատ քննարկված հարցերից է։ Ժողովրդի ձևավորման վերաբերյալ կան մի քանի առասպելներ և տեսություններ։ Բալկանյան տեսության համաձայն հայերի նախնիներն են Բալկաններից Հայկական լեռնաշխարհ գաղթած փռյուգիացի գաղութարարները։ Հայերի ծագման մասին մեկ այլ տեսակետ հիմնված է Պատմահայր Խորենացու հաղորդած առասպելի վրա։ Այս մոտեցումը ենթադրում է հայ ժողովրդի՝ հիմնականում տեղական ձևավորման վարկածը։ Այն, որ հայ ժողովրդի ձևավորումը տեղի է ունեցել տևական փոխազդեցությունների արդյունքում և Հայկական լեռնաշխարհի տարածքում, հաստատվում է նաև ժամանակակից գենետիկական հետազոտությունների արդյունքում։



Շատերի կարծիքով՝ դասագրքի գոյությունը խոստանում է վատթարագույն ապագան Հայաստանի և հայերի համար և չեն հասկանում դասագրքում այդ առասպելի մեջբերման իմաստը։ Պատմություն դասավանդող ուսուցիչները փոխանցեցին, որ այս հատվածը նոր է ներառվել դասագրքերում, սակայն, այդ առասպելը վաղուց է եղել։

«Պարզապես նոր են դրել շրջանառության մեջ, բայց տվել են միակողմանի նկարագիր, իսկ տարիքային այս խմբի երեխան կրկնելու է այն, ինչ իրեն հրամցրել են։ Անհրաժեշտ է աշակերտի մոտ ձևավորել հստակ արժեհամակարգ, այլ ոչ թե ենթադրություններ։ Սա ոչ թե դասագիրք է, այլ պետական միջոցները վատնելու արդյունքում ստեղծված գիրք»,- մեզ հետ զրույցում նշեց պատմության ուսուցչուհի Նելիի Մինասյանը։
«Որպես ծնող ես չեմ հասկանում կասկածելի ենթադրություններ սերմանելու իմաստը ու սա այն պարագայում, որ 4 կողմից թշնամիներով ես շրջապատված։ Թշնամին լինելով եկվոր՝ մեզ է գալու ասի եկվո՞ր»,- վրդովված ասաց ծնողներից մեկը։

Պատմաբան, ազգագրագետ, թանգարանագետ, պատմության և հասարակագիտության ուսուցիչ Սուսաննա Մելիքյանն էլ ավելի վաղ հանդես էր եկել ծավալուն հոդվածով՝ քննադատելով ամբողջ դասագիրքը։ Նա նշել է, որ ծանոթանալով /առցանց/ դասագրքի /Սմբատ Հովհաննիսյան, 7-րդ դաս./ միայն առաջին 25 էջին, կարելի է եզրակացնել, որ այն հեռու է դասագիրք կոչվելուց, իսկ հեղինակները կիլոմետրերով հեռու են դպրոցից՝ չհաշված կոպիտ սխալները, տրամաբանական հակասությունները, ըստ քաղաքական նպատակահարմարության՝ բացթողումները: Ինչ վերաբերում է դասագրքում առկա կոպիտ սխալներին, տրամաբանական հակասություններին ու նպատակային բացթողումներին, ապա դրանք, նրա խոսքով, բազմաթիվ են․

1. Միայն 11 էջանոց ներածական մասն ինքնին աբսուրդ է, հատկապես, 5-9-րդ էջերը նվիրված են դասագրքից օգտվելու եղանակին, ինչին ցանկացած երեխա, անգամ առանց ուսուցչի օգնության, ինքնուրույն տիրապետում է:
2. «Հայկական լեռնաշխարհը և հայերը» թեման, որպես կարկատան /ընդ որում՝ ոչ մգեցված գլխագրով/, ավելացված է ներածական մասին /12-17-րդ էջեր/ և չի ընդգրկված բուն բովանդակային մասում, որն սկսվում է 18-րդ էջից և որի գլխագիրը՝ «Հայկական լեռնաշխարհը և առաջին քաղաքակրթությունները» մգեցված մեծ տառաչափերով են /առաջին թեմայի նսեմացման ակնհայտ օրինակ/: Ի դեպ, չափորոշչով սահմանված նոր ծրագրով վերջին թեման պետք է վերնագրված լիներ հետևյալ կերպ՝ «Հայկական լեռնաշխարհը որպես համաշխարհային քաղաքակրթության բնօրրաններից մեկը». կարծում եմ՝ տարբերությունն ակնհայտ է… Նմանապես, փորձ է արված նսեմացնել Հայկական լեռնաշխարհի՝ հնդեվրոպական ժողովուրդների նախահայրենիքը լինելու տեսությունը, ի դեպ, առաջ քաշված ու հիմնավորված ոչ հայ հեղինակների կողմից / Իվանով, Գամկրելիձե/: Այն լղոզված է տափաստանային և հարավասիական տեսություններով, որոնք շարադրելու իմաստը հասկանալի չէ և աշակերտի գործ չէ նման քննարկումը:
3. Դասագրքում փորձ է արված Հայկական լեռնաշխարհը ներկայացնել որպես նախամարդու հերթական «հանգրվան», «բաշխիչ կետ», իսկ Հայկական լեռնաշխարհի բնիկներին՝ իբրև Աֆրիկայից գաղթածներ, ովքեր հետո տարածվել են Եվրոպա և Ասիա: Այսինքն՝ հերքվում է Հայկական լեռնաշխարհի՝ էկումենիկ տարածք լինելու հանգամանքը և մարդագոյացման պրոցեսն այստեղ: Ուշագրավ է, որ այս, օդից բռնած, տեսությունը հերքվում է դասագրքում բերված հակափաստարկներով: Մասնավորապես, ա/ հոմոէրեկտուսը արդեն 1,5 մլն տարի առաջ գտնվում էր Հայկական լեռնաշխարհում /«ձևավորվել է» այդ նույն ժամանակ, բ/ Հայկական լեռնաշխարհը լեռներով կտրտված փակ տարածք էր, գ/ այստեղ ավելի վաղ, քան որևէ այլ տեղ անցում է կատարվել արտադրող տնտեսության: Եթե ավելացնենք նաև դասագրքում բերված Բրեդվուդի լեռնալանջային տեսությունը և, հատկապես, հայկական պեղածո նյութերը՝ կապված Արտին լեռան, Ազոխի քարայրների հետ /1մլն.-ից՝ 800000 տ/, ապա հարց է առաջանում. ինչո՞ւ չէր կարող հոմոսապիենսը ձևավորվել հենց Հայկական լեռնաշխարհում և անպայման պիտի գաղթեր Արևելյան Աֆրիկայից…
4. Դասագրքում առկա են թվային ու փաստական լուրջ հակասություններ, տրամաբանական, անգամ՝ քերականական սխալներ. Մասնավորապես, ա/ նշվում է, որ «հոմոէրեկտուսը ձևավորվել է 1,5 մլն. տարի առաջ» և հաջորդ էջում, նույն տեքստի մեջ նշվում է՝ «հոմոէրեկտուսը 2-2,5 մլն. տարի առաջ դուրս եկավ Աֆրիկայից ու 1,8 մլն. տարի առաջ հասավ Հայկական լեռնաշխարհ» /էջ 20/: Ուշագրավ է, որ հոմոէրեկտուսի ու հոմոսապիենսի տեղաշարժի ուղիները նշված են, իսկ նեանդերթալյան մարդու մասին խոսելիս, նրա երթուղին նշված չէ / ի դեպ, քարտեզի վրա բոլորովին այլ թվեր են նշված/: Տպավորություն է, որ աջ ձեռքը չի իմացել, թե ինչ է գրել ձախը: Իսկ աշակերտը անպայման կհարցնի. ինչու չկա երրորդ երթուղին…Այսինքն՝ կիսատ-պռատ գիտելիքը չի կարող դասագրքի նյութ լինել։ բ /Աշխարհագրական տարածքը չի կարող կոչվել Հայք կամ Հայաստան, այն կոչվում է Հայկական լեռնաշխարհ, իսկ նշված անվանումները Հայոց հայրենիքի անվանումն են, որի սահմանները համընկել են լեռնաշխարհի սահմաններին: Սա շատ պարզ տրամաբանություն է: դ/ «Արաքս գետը հոսում է մինչև Ալբանիայի՞ փեշերը և թափվում Կասպից ծով». նախ, խոսքը Հայկական լեռնաշխարհի նկարագրության մասին է, ոչ թե նրա տարածքի պետությունների, որոնց միջով անցնում է Արաքսը, երկրորդ՝ ինչպե՞ս պետք է աշակերտն ընկալի գրվածը, երբ նա արդեն գիտի Ալբանիա եվրոպական պետության տեղը, իսկ Կովկասյան Աղվանքի մասին վարկածը նրա քննարկելիքը չէ, հատկապես, որ այն երբևէ չի նշվել որպես Մեծ Հայքին հարևան պետություն, փոխարենը, նա վաղուց գիտի, որ Արաքսը միակ գետն է, որ հոսում է ծայրից-ծայր Հայկական լեռնաշխարհի տարածքով և կոչվում է Մայր Արաքս: ե/ Ինչպե՞ս է ստացվում, որ երկրագործությունը ավելի վաղ է ի հայտ եկել Հայկական լեռնաշխարհում, բայց նոր քարի դարին անցումն այստեղ նշվում է 10000 տարի առաջ, իսկ աշխարհում` 12000 տարի առաջ…/էջ 25-26/: զ/«քաղաքակրթություն» հասկացությունը բացատրվում է մեխանիկական բնութագրիչների գումարով /քաղաք, կառավարում, կրոն, սոցիալական կառույց, գիր և արվեստ/, որը ոչինչ չի տալիս աշակերտին, անգամ՝ ընկալելի չէ: Քաղաքակրթությունը նախ և առաջ արժեհամակարգ է, որն առաջանում է շատ ավելի բազմազան գործոնների արդյունքում, ինչն ուսուցիչն ավելի լավ կբացատրի, քան դասագրքի խճճող մեկնաբանությունը: է/ «սփյուռքներ» հասկացությունը կոպիտ քերականական սխալ է. չկա նման հասկացություն: Մեծ թիվ են կազմում «նպատակային» բացթողումները. ա/Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական նկարագրության մեջ, խոսելով դիրքի մասին՝ չեն նշվում Միջերկրական ու Կասպից ծովերը՝ իբրև հարավ-արևմտյան ու արևելյան սահմաններ /էջ 12/, բ/ բաց են թողնված Վանա լճի 7 կղզիների, հատկապես՝ Աղթամարի, վերաբերյալ նյութը/ էջ 13/, գ/ «Հայաստանը վայրի ցորենի ու խաղողի հայրենիքն է» միտքը լրացված չէ «Հայաստանը ծիրանի /«պրունուս արմենիակա» /հայկական սալոր/ հայրենիքն է» նույնքան կարևոր փաստով, նմանապես՝ երկաթի, ոսկու, պղնձի հանքերի թվարկման մեջ չկան արծաթի, մոլիբդենի հանքերի, բրոնզի ու երկաթի ձուլման նորարարական տեխնոլոգիաների մասին տեղեկատվությունը/ էջ 15/, դ /չի մատնանշված Արցախի հանրապետության 12,5 հզ. քառ.կմ տարածքը /էջ 16/, ե /Փոքր Հայքը, Մեծ Հայքը և Կիլիկիան նշվում են սոսկ որպես վարչական միավորներ, երբ վերջիններս մշտապես վարչա-քաղաքական միավորներ են եղել, անգամ՝ թագավորություններ, զ/պարբերաբար շեշտվում է Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական անբարենպաստ պայմանների, խիստ ցամաքային կլիմայական պայմանների բացասական հանգամանքը, փոխարենը ոչ մի խոսք միջազգային առևտրային ու քաղաքակրթական խաչմերուկ լինելու հանգամանքի կամ Աստվածաշնչյան դրախտի գոյության մասին հայկական Միջնաշխարհում: էլ չենք խոսում հարևան պետությունների ջրբաշխը լինելու կամ մետաղական հանքերի շնորհիվ տևական ժամանակ քաղաքական տիրապետող դիրք ունենալու մասին:
5. Ուշագրավ է, որ Հին քարի դարի «տեխնոլոգիական նորարարություններ» բարդ եզրույթով դուրս է մղված կրակի «գյուտը» կամ «հայտնագործումը» պարզ հասկացությունները / էջ 22/: Հետաքրքիր է եզրակացությունը՝ «Այս նորարարությունները հիշեցնում են, թե որքան կարևոր էր հարմարվելու կարողությունը մարդու գոյատևման համար»: Իսկ գուցե հակառակը՞. մարդը չի հարմարվել և ստեղծարար աշխատանքով հաղթահարել է իր գոյության պայմանները՝ վերափոխելով դրանք: Էստեղ տարբերությունը թվում է աննշան, սակայն, ըստ էության, այն խորքային է և շատ վտանգավոր` իբրև հետևանք… Եզրակացությունը, կարծում եմ, միանշանակ է՝ այս դասագրքի տպագրությունը չի բխում ոչ գիտության, առավել ևս՝ հայագիտության շահերից, ոչ հայ դպրոցի, ոչ էլ հայ աշակերտի շահերից. այն ծառայում է մեր ժողովրդի ու պետության համար անընդունելի նպատակների…»,- եզրափակել է Սուսաննա Մելիքյանը։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com