Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է Իրան, որտեղ հանդիպում է ունեցել իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Գրիգորյանն Իրանում ներկայացրել է վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված հարձակման մանրամասները, որի հետևանքով տեղի է ունենում բնակչության զանգվածային բռնի տեղահանում:
Միևնույն ժամանակ իրանական կողմը պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով, որ Թեհրանի համար անընդունելի են տարածաշրջանային սահմանները փոփոխելու նախաձեռնությունները։ Իրանական կողմը պնդում է, որ թույլ չի տա, որ հայ-իրանական սահմանը հայտնվի երրորդ կողմի վերահսկողության տակ, ինչից մի շարք փորձագետներ ենթադրում են, որ իրավիճակի ապակայունացման դեպքում Իրանը ոչ թե կպաշտպանի Հայաստանի տարածքը, այլ իր ռազմական ներկայությունը կհաստատի Սյունիքում։
Oragir.News-ի հետ իրանագետ Ժաննա Վարդանյանը նշեց, որ ԱԽ քարտուղարի այցն ընդհանուր առմամբ երկու բաղադրիչ ուներ․ առաջին հերթին իրանական կողմին ներկայացնել տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ մասնավորապես Արցախի շուրջ տեղի ունեցած զարգացումներից հետո առկա իրավիճակը, ինչպես նաև միտված էր հոկտեմբեր 5-ին սպասվող հանդիպման նախաշեմին իրանական կողմի դիրքորոշումներին ծանոթանալուն, երկու երկրների մոտեցումների շուրջ քննարկումներ ունենալուն և ընդհանուր առմամբ դիրքորոշումները հստակեցնելուն ու վերահաստատելուն։
«Եթե ամփոփելու լինենք, ապա այցն ուներ միմյանց հետ ինֆորմացիայով փոխանակվելու, դիրքորոշումները վերահաստատելու նշանակություն, և այդ մասին են խոսում նաև հանդիպումից հետո հրապարակված թե՜ հաղորդագրությունները, թե՜ Իրանի ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունն այդ հանդիպման վերաբերյալ։ Այսինքն՝ հանդիպումն ուներ երկու հիմնական ուղղություն՝ տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև միջանցքի շուրջ դիրքորոշումների վերահաստատումը»։
Անդրադառնալով Արմեն Գրիգորյանի այցի արդյունքներին և Իրանի կողմից առաջիկայում ձեռնարկվելիք քայլերին՝ իրանագետը նշեց, որ Իրանի գործողությունները միայն այս այցով չենք կարող պայմանավորել, սակայն կարող ենք ֆիսքել, որ վերջին 3 տարվա ընթացքում Իրանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ։ Նա հիշեցրեց, որ դեռևս 2020 թվականի հոկտեմբերի վերջից իրանական կողմը սկսեց խոսել տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիության մասին, և դա այն ժամանակահատվածն էր, երբ ադրբեջանցիները մոտենում էին Սյունիքին։
Վարդանյանը նկատում է, որ վերջին երեք տարում չնայած Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի ջանքերեն, իրանական կողմի դիրքորոշումն անփոփոխ է մնացել։ Նրա խոսքով՝ Իրանի հետագա գործողությունները կախված են նաև իրադարձությունների զարգացման ընթացքից։ «Այս պահի դրությամբ մենք տեսնում ենք նաև, որ Իրանը շատ ակտիվ ջանքեր է գործադրում, որպեսզի Ադրբեջանին և Թուրքիային որպես այլընտրանք իր սեփական երթուղիները առաջարկի՝ փորձելով վերջիններիս նաև այս կերպ հեռու պահել Զանգեզուրի միջանցքը բացելու գաղափարից»,- ասաց նա՝ նշելով, որ այս հարցի շուրջ նույնպես Իրանը և Ադրբեջանը նախորդ տարի պայմանավորվածություններ էին ձեռք բերել։
Իրանագետը ուշադրություն հրավիրեց նաև այն բանին, որ չնայած Իրանի կողմից ձեռնարկվող բոլոր քայլերին, տարատեսակ նախազգուշացումներին և ուղերձներին, այնուամենայնիվ Ադրբեջանն ու Թուրքիան չեն հրաժարվում իրենց ծրագրերից, իսկ իրանական կողմի արձագանքը կախված կլինի այս երկրների գործողություններից։
Հարցին, թե իրավիճակի սրման դեպքում հնարավո՞ր է՝ Իրանը իր զինված ուժերը մտցնի Սյունիք, ինչի մասին զգուշացնում են մի շարք փորձագետներ, Ժաննա Վարդանյանը պատասխանեց, որ Իրանում էլ կան փորձագետներ, ովքեր պնդում են, որ երկիրը պետք է անպայման ռազմական միջամտություն իրականացնի, կամ համոզմունք են հայտնում, որ կունենա այդպիսի միջամտություն, սակայն Իրանում էլ այդ մոտեցումը միանշանակ չէ։ Նա նշեց, որ Իրանում էլ կան փորձագետներ, ովքեր կարծում են, որ Իրանը պետք է բավարարվի այսքանով։
Ժաննա Վարդանյանը նշեց, որ իրանական միջամտության համատեքստում կարևոր է դիտարկել՝ դա իրականացվելու է հայկակա՞ն կողմի խնդրանքով, թե՞ պարզապես սեփական ցանկությամբ՝ առանց որևէ կողմի հետ համաձայնեցնելու։ Նա ուշադրություն հրավիրեց նաև այն բանին, որ եթե Իրանը ՀՀ տարածքում ռազմական միջամտություն իրականացնի, ապա դա միայն Իրանով չի ավարտվելու, ներգրավվելու է նաև Թուրքիան, ինչը կարող է վերաճել տարածաշրջանային մեծ պատերազմի։
«Այստեղ հարց է առաջանում, թե արդյոք Իրանը կգնա՞ նման քայլի, որովհետև Իրանում նույնպես ներքաղաքական իրավիճակը կայուն չէ, բոլորը պատրաստ սպասում են, որ ինչ-որ կայծ բռնկվի, որպեսզի կրկին ցույցեր կազմակերպեն։ Այսինքն, ընդհանուր առմամբ, ներքաղաքական իրավիճակը հեղհեղուկ է և ցանկացած զարգացում կարող է օգտագործվել՝ Իրանում քաոս առաջացնելու առումով։ Հետևաբար Իրանի համար դժվար կլինի ռազմական գործողություններ վարել՝ առճակատվելով ներքաղաքական քաոսի։ Մյուս կողմից արդյոք Իրանի տնտեսական, կամ ռազմական հնարավորություններ թույլ տալի՞ս են նրան մտնել նման պատերազմի մեջ, թե՞ ոչ»,- կարծում է նա։
Վարդանյանը նկատում է, որ Իրանի համար ձևավորվել է շատ խնդրահարույց իրավիճակ, ինչը երկարաժամկետ հեռանկարում սպառնում է իր շահերին, և երկիրը փաստացի կանգնած է երկընտրանքի առաջ։ Իրանագետի համոզմամբ՝ Իրանը նախապատվություն կտա դիվանագիտական ճանապարհին, սակայն ռազմական միջամտությունը նույնպես չի բացառվում։ Նա նշում է, որ վերջին երեք տարիներին իրենց հիմնական շեշտադրումները հենց այս ուղղությամբ են, ինչը ներառում է նաև զորավարժությունների անցկացում և այդկերպ ուղերձների փոխանցում, ինչպես նաև սեփական երթուղիների առաջարկումը, որպեսզի ճանապարհները Հայաստանի փոխարեն Իրանով անցկացվեն։
Իրանագետը նաև հավելեց, որ այս նպատակով իրանական կողմը պարբերաբար հիշեցնում է տարածաշրջանային համագործակցության 3+3 ձևաչափի մասին և կոչ անում բանակցություններ անցկացնել։ «Այսինքն, Իրանը իր ողջ ուժերը ներդրել է այս երեք ուղղություններով խնդիրները հարթելու վրա, որպեսզի խնդիրը չհասնի ռազմական միջամտության։ Բայց արդեն կախված իրադարձությունների զարգացումից, կտեսնենք թե ինչ քայլեր կձեռնարկի Իրանը»,- եզրափակեց նա։